[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 2-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների՝ ճանաչողական այցով Արցախ ժամանած  մի խումբ ներկայացուցչների։   Խմբի մեջ ներգրավված են ռուսական, լեհական, հրեական, ասորիական, եզդիական, վրացական և ուկրաինական կառույցների պատասխանատուներ։

            Ողջունելով երիտասարդ հասարակական գործիչներին, ԱԺ նախագահը կարևորեց նրանց այցն Արցախ։  Ձեր այս այցով, ասաց նա, դուք հնարավորություն եք ստանում անմիջականորեն տեսնել ու ճանաչել Արցախ աշխարհն իր տեսարժան վայրերով, պատմամշակութային հուշարձաններով, ձեր իսկ համար հստակեցնել մեր նորանկախ երկրի խնդիրներն ու հիմնախնդիրները, շփվել ու փոխգործակցության կապեր հաստատել արցախցի ձեր սերնդակիցներին միավորող հասարակական կառույցների, ԼՂՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ։

                Իր հերթին, խմբի անունից հանդես գալով պատասխան խոսքով, ՀՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդական կառույցների գործունեությունը համակարգող «Հայասա» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը նշեց, որ, հրավիրված լինելով ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի հրավերով,  Արցախ են ժամանել ոչ միայն ճանաչելու երկիրը, այլև իրենց աջակցությունը ցուցաբերելու Արցախի երիտասարդությանը՝ հաշվի առնելով  միջազգային ասպարեզում ունեցած փորձն ու  բազմաթիվ կապերը տարբեր երկրների համարժեք կառույցների հետ։

            Խորհրդարանի նախագահն այնուհետև իր երիտասարդ զրուցակիցներին  հանգամանալի ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա զարգացումներն ու հնարավոր հեռանկարները,  դրանց կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը, երկրի ազգային փոքրամասնությունների հարցում իրականացվող քաղաքականությունը  և այդ առումով գործող օրենսդրական և իրավական նորմերը։  

            Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ