Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Ara.jpgՍիրելի արցախցինե՜ր
Սրտագին շնորհավորանքներ եմ հղում ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ: Իմ առաջին մաղթանքն է, որ դուք լինեք առողջ ու ապահով և ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բարի իրադարձություններով: Ուզում եմ հավատալ, որ անցած 12 ամիսներին մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը շարժվել է առաջընթացի ճանապարհով` հայրենի տարածքում կերտելով իր երջանկությունն ու ապագան:
Իմ ղեկավարած կառավարության և անձամբ ինձ համար սկզբունքային ու պատվի հարց է, որ յուրաքանչյուր արցախցի ապրելու և աշխատելու բավարար, ավելին` ժամանակակից պայմաններ ունենա, և նրա անձնական հետաքրքրությունները մշտապես զուգորդված լինեն պետական ու ազգային շահերին: 
Ներկայումս գործադիր իշխանության հիմնական ծրագրերը նպատակաուղղված են տնտեսության, մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացմանը, առողջապահության եւ կրթության ոլորտների արդիականացմանը, սոցիալապես կարիքավոր խավերի կենսապահովությունը ցանկալի մակարդակի հասցնելուն: Գործելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ պայմաններում և չունենալով միջազգային կառույցների օժանդակությունը, այնուհանդերձ, կառավարությանը հաջողվում է ապահովել հանրապետության զարգացման համեմատաբար լավ տեմպեր: Մենք մեծապես կարևորում ենք սոցիալական արդարության, անհատի ինքնադրսևորման, ժողովրդավարության խորացման պահանջները: Շատ հարցեր ունենք կարգավորելու 2013 թվականին: Ես համոզված եմ, և այդ համոզմունքով ուզում եմ վարակել մեր քաղաքացիներին, որ պետության և հասարակության, ամենատարբեր կառույցների և անհատների միջև փոխվստահության ամրապնդմամբ մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր կենսական խնդիրները:
Թանկագին հայրենակցինե՜ր, խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում ձեզ, կամենում, որ ձեր ընտանիքներում իշխեն համերաշխությունն ու երջանկությունը և մանկական ծիծաղով լիացած լինի ձեր տան յուրաքանչյուր օրը: Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին, նրանց մաղթում ամենայն բարիք և միասնական ոգի համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում: 
Աստված պահապան մեր սիրելի Արցախին և հայ ժողովրդին:
Ուրախ Ամանոր ձեզ և Սուրբ Ծնունդ: