[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

XULJAN3.jpgԹանկագին  հայրենակիցնե՜ր
2012 թվականը դառնում է պատմություն՝ մեր հիշողության մեջ մնալով որպես  Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական եւ Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական 5-րդ ընտրությունների տարի։ 
2013 թվականին կբոլորի Արցախի ինքնուրույնության եւ ազատության համար մեր պայքարի քառորդ դարը։ Լրանում է 25 տարին, ինչ մենք ապրում ենք արժանապատվորեն։ Միաժամանակ կրում ենք սեփական ճակատագրի համար պատասխանատվություն։
Մեզ հաջողվել է համազգային միասնության շնորհիվ քսաներորդ դարավերջին կյանքի կոչել ազատ ու անկախ ապրելու՝ մեր նախնյաց նվիրական իղձերը, դիմակայել ու հաղթահարել մեզ  պարտադրված դաժան պատերազմի արհավիրքները, հաստատել ու կառուցել ինքնիշխան և ինքնաբավ պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով։   
 Մենք դեռեւս չենք լուծել բազմաթիվ խնդիրներ։ Բայց մենք անկեղծորեն ուզում ենք կերտել ազատ, արդար, ժողովրդավարական եւ սոցիալական երկիր։ Դա բոլորիս վեհ նպատակն է։ Դեպի մեր իղձերի հասարակություն տանող ճանապարհն անցնում է հանրային, քաղաքական եւ սոցիալական երկխոսության միջով։
Չեմ կարող խոնարհումի իմ խոսքը չասել ի հիշատակ Արցախի ազատության համար նահատակվածների։ Միաժամանակ, շնորհավորանքս առաջին հերթին ուղղում եմ նրանց ընտանիքներին` մայրերին, կանանց, զավակներին։ 
Վստահ եմ, որ Նոր տարվա գիշերը արցախյան բոլոր օջախներում նորից են հնչելու մեր երկրի սահմանները հսկող զինվորներին եւ նրանց հրամանատարներին ուղղված օրհնանքն ու բարեմաղթանքները։
Մենք համոզված ենք՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝  Արցախի ժողովրդի պայքարն օրինական է ու արդարացի և, որպես այդպիսին, անպայման ենթակա է ու արժանի միջազգային ճանաչման։  
Ու թող 2013 թվականը երջանիկ տարի լինի մեզ համար, լինի կայուն խաղաղության, նոր հաջողությունների, բարօրության տարի։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։