[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին, որը հեռարձակվել է ս.թ. մարտի 4-ին: Նա պատասխանել է լրագրող Եվգենի Բունտմանի մի շարք  հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին և արտաքին քաղաքականության հարցերում  ԼՂՀ դիրքորոշմանը:

«Ցավոք, բանակցային գործընթացում մենք չենք կարող արձանագրել այնպիսի առաջընթաց, որ կցանկանայինք  տեսնել...Եվ կարծում ենք, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես լիարժեք կողմ, ներգրավված չէ բանակցային գործընթացում»,- մասնավորապես, ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, ընդ որում այդ գործընթացի բոլոր փուլերին, հնարավորություն կտա իրական առաջընթաց ապահովել և հասնել վերջնական նպատակին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը:

Կարեն Միրզոյանը նկատել է, որ կա ընդհանուր ըմբռնում այն բանի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը պետք է անկյունաքարային դերակատարություն ունենա: «Այդ կամքը անպայման պետք է հաշվի առնվի»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Պատասխանելով ԼՂՀ ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանն ասել է. «Ես վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիարժեք անդամ»: Ընդսմին նա ընդգծել է, որ ԼՂՀ ճանաչումը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման համար

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հայեցակարգին՝ ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի է, երբ հակամարտության կարգավորման առանձին տարրեր հանվում  են ընդհանուր համատեքստից և դիտարկվում միանգամայն այլ՝ բանակցային գործընթացի ընդհանուր ուղղությունից տարբերվող տեսանկյունից:

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. բանակցային գործընթացը, բանակցային սեղանին դրված բոլոր հարցերն անբաժանելի են իրարից, դրանք պետք է քննարկվեն և դրանց պետք է լուծումներ տրվեն միաժամանակ»,- ընգծել է Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝

www.echo.msk.ru/guests/807252-echo/