[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ

Aram_Manukyan_akumb_2.jpgՄարտի 4–ից սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն, որը կազմակերպել են Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը: 
Նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել  Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝  ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով։
Այցի ծրագրի շրջանակներում   մարտի 4-ին և 5-ին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ու զրույցներ է ունեցել  Հունաստանի  քաղաքական շրջանակների մի շարք պատասխանատուների՝ կոալիցիոն  կառավարության անդամներ՝  ՙԴեմոկրատիկի արիսթերա՚ կուսակցության նախագահ Ֆոթիս Կուվելիսի, ՙՆոր ժողովրդավարություն՚ կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի  և փոխքարտուղար Զոնտանոսի, Հունաստանի խորհրդարանում ՙԱնկախ հույներ՚ կուսակցության նախագահ Ֆանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի  հետ:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են  ղարաբաղյան կարգավորման գործընթացի իրողություններն ու ներկայիս  զարգացումները, այդ կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը, Արցախի տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ բնագավառներում ու ոլորտներում առկա  խնդիրները և  հիմնախնդիրները, դրանց լուծման միջոցներն ու ձևերը, այդ համատեքստում՝  հնարավոր համագործակցության  ուղիները:  
Մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է հունահայոց թեմի ազգային առաջնորդարան՝ հանդիպում ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի և թեմական խորհրդի անդամների հետ։ 
Նույն օրվա երկրորդ կեսին Ա. Ղուլյանն այցելել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն և հանդիպում ունեցել արտակարգ ու լիազոր դեսպան Գագիկ Ղալաջյանի, դեսպանատան  աշխատողների հետ:
Մարտի 5-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Աթենքի Զավարյան և Սոֆի Լեւոն Հակոբյան ամենօրյա միջնակարգ վարժարաններ։
* * * 
Մարտի 6-ի առավոտյան ԱԺ նախագահը Հունաստանի խորհրդարանում հանդիպում է ունեցել ՙՍիրիզա՚ գլխավոր ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Տրաղասաքիսի հետ: 
Նույն օրվա երեկոյան Աթենքի Պանդիո քաղաքական գիտությունների  համալսարանի   ՙՍաքիս Գարայորղաս՚ սրահում տեղի է ունեցել ՙԼեռնային Ղարաբաղ. հիմնախնդրի լուծման ուղիները՚ թեմայով գիտաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: 
Միջոցառմանը, որն իրականացվել  է ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի և Պանդիո համալսարանի համատեղ կազմակերպական ջանքերով,  մասնակցում էին  Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Հունաստանի  թեմակալ առաջնորդ, գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը,  Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Գագիկ Ղալաչյանը, Ազգային Վարչության, ՀՅԴ Կեդրոնական Կոմիտեի, ՌԱԿ-ի Շրջանային Վարչության, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, Հայ Կապույտ Խաչի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Համազգայինի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, ՀՅԴ Երիտասարդական Միութեան, հունահայ առևտրական պալատի, Հունաստանի գիտական, վերլուծական և լրագրողական շրջանակների,  համալսարանի ուսանողության, հայ համայնքի ներկայացուցիչներ: 
Գիտաժողովի աշխատանքները վարում էր ՀՅԴ Հայ Դատի  հանձնախմբի անդամ Սերգո Գույումճյանը՝ շնորհակալության խոսք ուղղելով համալսարանի ռեկտորին ու դասախոսներին՝   Արցախի հեռանկարների քննարկմանը նվիրված այդ միջոցառումը հովանավորելու համար: 
Ներկաներին ողջույնի խոսք հղեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր  Գրիգորիս Ցավթասը: Ջերմորեն արտահայտվելով  հայության մասին, նա նշեց, որ հարգանքի արժանի են այն ազգերը, որոնք պայքարում են իրենց իրավունքին տեր կանգնելու համար:
Իր հերթին ողջունելով գիտաժողովը, ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Վանկելիս Փրոծասը  խոսեց Օսմանյան տիրապետության տակ ապրած հայ և հույն փոքրամասնությունների մասին ու  համեմատություն կատարեց պատմական և արդի Հայաստանի սահմանների միջև: 
Միջոցառմանը ելույթներով  հանդես եկան համալսարանի արևելյան հետազոտությունների բաժանմունքի տնօրեն Խրիստոդուլոս  Յալուրիդիսը, միջազգային օրենքի դասախոս Սթելիոս Բերաքիսը, Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաջյանը՝  հաստատելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բարձր գնահատելով արցախահայության վճռականությունը և  արժանապատվությամբ ապրելու վեհ կեցվածքը:
Օրվա գլխավոր բանախոսը ԼՂՀ Ազգաին ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Շորհակալության խոսք ուղղելով Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին և Պանդիո համալսարանին, նա Արցախի ժողովրդի  և իշխանությունների անունից ողջույններ փոխանցեց միջոցառման համակազմակերպիչներին:   
Հեղինակավոր կրթօջախում տեղի ունեցող այս հանդիպումը, ասաց ԱԺ նախագահը, միանգամայն խորհրդանշական է, քանզի  կրթությունը հայ և հույն  ժողովուրդներին մերձեցնող կարևոր օղակներից մեկն է։
Անդրադարձ կատարելով անցյալ դարավերջի աշխարհաքաղաքական փոփոխություններին, նա նշեց. ՙԱրցախին վերապահված էր հարավկովկասյան տարածաշրջանի ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հոգևոր ու մշակութային բազմազանությունը պահպանելու բացառիկ դերակատարություն, հակառակ պարագայում աշխարհն այսօր գործ կունենար Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար չափազանց վտանգավոր ուժերի դասավորության հետ՚: 
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մեր ժողովուրդը պատվով հաղթահարեց ինքնության պահպանման դժվարությունները, ստեղծեց պետական կառավարման և անվտանգության ազգային համակարգեր, որոնց արդյունավետությունն ու փաստացի օրինականությունը 1994թ. զինադադարի մասին քաղաքական և ռազմական համաձայնություններով  ճանաչված են ինչպես միջնորդների, այնպես էլ Ադրբեջանական  Հանրապետության կողմից: 
Գիտաժողովում ցուցադրվեց Արցախի մասին վավերագրական ֆիլմ: 
 
* * *
Մարտի 7-ի առաջին կեսին խոհրդարանի նախագահն այցելել է Աթենքի Գալփակյան վարժարան՝ հանդիպում ունենալով կրթօջախի մանկավարժների և աշակերտության, ինչպես նաև Հայ բարեգործական ընդհանուր միության Հունաստանի գրասենյակի ղեկավար Տիգրան Աբասյանի հետ: 
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և դրանց հետագա ամրապնդման հարցերը։ Զրույցի ընթացքում Աշոտ Ղուլյանը կարևորել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և այլ խողովակներով Արցախին ցուցաբերվող օգնությունը՝ երախտագիտություն հայտնելով մշտական աջակցության համար։
Այցի ծրագրի շրջանակներում ԱԺ նախագահն այնուհետև Հունաստանի խորհրդարանում հանդիպում է ունեցել  խորհրդարանի նախկին նախագահ, ներկայումս ՊԱՍՈԿ սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր և Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ապոստոլոս Կագլամանիսի հետ:
Զրուցակիցները հանգամանալի քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման գործընթացը և նրա հնարավոր զարգացումները, կարևորել խաղաղության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես հիմք հետագա հաջող քայլերի համար: Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է հանրապետության իշխանությունների տեսակետները երկրի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման հարցերում, ԼՂՀ Ազգային ժողովի գործունեությունը:  
Այսքանով ավարտվել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի ծրագրային հանդիպումները: 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն