[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

altՄարտի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձ կատարեց նախորդ  լիագումար նիստից հետո տեղի ունեցած ուշագրավ քաղաքական իրադարձություններին ու զարգացումներին՝ կապված, մասնավորապես, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի շրջանակի ընդլայնման հետ։ 
Այդ առնչությամբ նշելով  Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմում, Արցախի Հանրապետության հետ բարեկամական կապերի ստեղծման փաստը, խորհրդարանի նախագահը հիշեցման կարգով հաղորդեց, որ Լիտվայում կայացած կոնֆերանսի ժամանակ՝ փետրվարի 26-ին, ազդարարվել է այդպիսի խումբ ձևավորելու մասին, իսկ մարտի 14-ին Սեյմի լիագումար նիստում հրապարակվել է Բարեկամության խումբ ստեղծելու մասին լիտվացի պատգամավորների հայտարարությունը։ Խմբի մեջ մտնում են խորհրդարանում ներկայացված տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր ըմբռնումով են ընդունում  ժողովուրդների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքն ու միջազգային իրավական արժեհամակարգում ամրագրված այդ կարևոր նորմի իրացման համար մղվող պայքարը։ 
ԱԺ նախագահը հաղորդեց նաև, որ Լիտվա-Արցախ բարեկամական խմբի ստեղծման կապակցությամբ խորհրդարանի պատգամավորական կազմի անունից  շնորհակալական նամակներ է հղել լիտվացի համախոհ գործընկերներին, նաև հեռախոսազրույցներ ունեցել խմբի մի քանի անդամի հետ՝ արժանին մատուցելով նրանց մտահղացմանը և  հայտնելով արցախցի պատգամավորների ու Արցախի ժողովրդի գոհունակությունը։  
Անմիջականորեն արձագանքելով լիտվացի գործընկերների նախաձեռնությանը, ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել  Արցախի խորհրդարանում Լիտվայի հետ բարեկամության համարժեք խումբ ստեղծելու առաջարկությամբ։ Նորաստեղծ խմբի առաջնահերթ խնդիրը, նշեց խորհրդարանի նախագահը, համապատասխան կանոնադրության և ծրագրի մշակումն է՝ հիմք ընդունելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձը։    
Մեկ շաբաթ առաջ էլ՝ մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։ Նախաձեռնող խումբը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում, բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ է արել վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը և հայտնել իր աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
Նշելով, որ այս դեպքում դա զուտ խորհրդարանական կառույց չէ, այլ ներկայանում է մեկ այլ ձևաչափի տեսքով՝ որպես բարեկամության շրջանակ, ընդ որում՝ ավելի լայն կազմով, քան պատգամավորականն է, խորհրդարանի նախագահը հայտնեց, որ ֆրանսիացի գործընկերների հետ բարեկամական համագործակցություն իրականացնելու համար Արցախում ևս պետք է ստեղծվի հասարակական-քաղաքական ուժերի համարժեք ներկայացուցչություն։ Մենք, ասաց նա,  հիմա քննարկում ենք համարժեք ձևաչափի ընտրության հարցը, բայց այս պահին էլ թերևս կարելի է ուրվագծել, որ  արցախյան շրջանակի կազմում, բացի պատգամավորներից, նպատակահարմար է ներառել նաև տարբեր ոլորտներում գործող քաղաքական, պետական, հասարակական գործիչների, նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել կամ ունեն ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ։
Ամփոփելով հաղորդումը, ԱԺ նախագահը նշեց, որ, փաստորեն, սկիզբ է առնում և հետևողական զարգացում պետք է ստանա մի գործընթաց, որը, բնականաբար, ի լրումն Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության,  նոր բովանդակություն ու որակ կհաղորդի Ազգային ժողովի արտաքին կապերին և շփումներին։  
Խոսքի ավարտին Աշոտ Ղուլյանն Ազգային ժողովի լիագումար նիստի մասնակիցների անունից ջերմ ողջույն հղեց Լիտվայի Սեյմի, Ֆրանսիայի Ազգային ժողովի, Սենատի այն պատգամավորներին, քաղաքական այն գործիչներին, ովքեր գնահատել են արցախահայության ազատության պայքարի 25-ամյա ջանքերը, քաջալերել որդեգրած ճանապարհը շարունակելու գործում, մաղթեց նրանց բարօրություն ու խաղաղություն։   
Այնուհետև, հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և լիագումար նիստի ներկայացված օրակարգը,  խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։
Առաջինը քննության առնվեց  ՙԼՂՀ քրեական օրենսգիրք՚,  ՙԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚,   ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթը։ Այն ներկայացրեց  արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի  հիմնավորմամբ՝ օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂՀ  Նախագահի նախընտրական ծրագրի իրավական բնույթի դրույթների իրականացման, ինչպես նաև ԼՂՀ սեփական քրեական օրենսգիրք ունենալու անհրաժեշտությամբ, ինչը  մեծապես կնպաստի ԼՂՀ օրենսդրության և իրավական ակտերի համակարգի հետևողական կատարելագործմանը։ Հաշվի առնելով, որ հանրապետությունում քրեաիրավական հարաբերությունները կարգավորվում են ՙՀՀ 2003թ. քրեական օրենսգիրքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին՚ նույն թվականի հուլիսին ընդունված ԼՂՀ օրենքով, ասաց նա, օրինագծերի տվյալ փաթեթի ընդունման արդյունքում Արցախի Հանրապետությունում քրեաիրավական հարաբերությունները կկարգավորվեն սեփական օրենսգրքով։ 
Ներկայացվեց նաև գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։  Նշելով, որ նախնական քննարկման ընթացքում հնչել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է գործադիրի կողմից, հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը նպատակահարմար համարեց փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ՝ ինչպես ի կատարումն կանոնակարգային պահանջի, նույնպես և տակավին առկա տարակարծությունները լրացուցիչ քննարկելու համար։ 
Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը՝ օրինագծերի փաթեթն ընդունելով առաջին ընթերցմամբ։ 
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՙԼեզվի մասին՚  օրենքի նախագծին, որը պատգամավորական նախաձեռնության կարգով մշակել են Արմեն Սարգսյանը, Վարդգես Բաղրյանը, Վահրամ Բալայանը և Ռոմելա Դադայանը։ Նիստում համահեղինակների անունից այն ներկայացրեց պատգամավոր Վարդգես Բաղրյանը, նշելով, որ գործող օրենքն ընդունվել է 1996թ. մարտին և անցած 17 տարվա ընթացքում միայն մեկ անգամ է լրացում կատարվել նրա մեջ՝ 2007թ. հունիսին։ 
Օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացությամբ հանդերձ, գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ղեկավարվելով կանոնակարգային պահանջով, նպատակահարմար գտավ այն ընդունել առաջին ընթերցմամբ։ Գլխադասային հանձնաժողովի առաջարկությանը համամիտ էին ինչպես օրինագծի համահեղինակները, նույնպես և քննարկման ընթացքում հանդես եկած մյուս պատգամավորները։ Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նիստում ներկայացրեց չորս օրինագիծ՝  ՙԶբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚, ՙՊատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ և  ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚։ 
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ օրինագծերից առաջինի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու,  ինչպես նաև օրենքի կատարման վերաբերյալ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությամբ։ Ըստ վարչության պետի՝ գործող օրենքով սահմանված չէ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների պարտադիր հաշվառում, հստակեցված չեն նրանց պարտավորություններն ու նրանց նկատմամբ պահանջները։ Առաջարկվող օրինագծի ընդունման և կիրառման դեպքում, հավաստիացրեց նա,  կբարձրանա զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների սպասարկման որակը, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում տվյալ ոլորտի զարգացմանը։ 
 Ներկայացնելով գլխադասային՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը, հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն առաջարկեց օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, քանզի նախնական քննարկումների ընթացքում ծագել են որոշ տարակարծություններ, որոնք լրացուցիչ ուսումնասիրության և քննարկումների կարիք են զգում։ 
Առաջարկությունը հավանության արժանացավ նիստում. օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 
Երկրորդ օրինագծի ընդունումը, կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ, պայմանավորված է գործող օրենքով սահմանված  հասարակական հարաբերությունների կարգավորումը կատարելագործելու, այլ իրավական ակտերի հետ ներքին կապը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, ասաց նա, գործող օրենքում տրված չեն օգտագործվող հիմնական հասկացությունները, արտացոլված չեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում սուբյեկտների մասնակցության իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման եղանակները, սեփականության իրավունքի դադարեցման հիմքերը, հստակեցված չեն հուշարձանների արժևորման տեսակները, նշված չեն տարբեր բնույթի ոտնձգություններից դրանց պաշտպանման ձևերը։    
Ինչ վերաբերում է վերջին երկու օրենքներում առաջարկվող լրացումներին, ապա, գործադիրի լիազոր ներկայացուցչի հիմնավորմամբ, դրանք պայմանավորված են ՙՊատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՚ օրենքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով։ 
Օրինագծերի  վերաբերյալ գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արմեն Սարգսյան) եզրակացությունները դրական էին։ Միևնույն ժամանակ, հանձնաժողովն առաջարկեց լրացուցիչ քննարկումների նպատակով օրենքներն ընդունել առաջին ընթերցմամբ։ 
Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց առաջարկությանը։ 
Օրակարգի օրենսդրական բնույթի վերջին հարցը վերաբերում էր ՙՀողի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի  նախագծին։ Այն ներկայացրեց ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի մշակումը բխում է հողի հարկով հարկման օբյեկտը որոշելու նպարակով  հողամասերի կադաստրային գնահատումների (վերագնահատումների) իրականացման ժամկետը փոփոխելու անհրաժեշտությունից։ Օրինագծով, նշեց նա, առաջարկվում է, նկատի առնելով այդ աշխատանքների ծավալը, գնահատումներն իրականացնել ոչ թե գործող օրենքով սահմանված երեք, այլ յոթ տարին մեկ անգամ։ 
Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Հրանտ Սաֆարյան) եզրակացությունը։ Տարակարծությունների տեղիք չտալով՝ օրենքն ընդունվեց։
 Նիստն այնուհետև լսեց ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը պատգամավորական կազմի հետ հարց ու պատասխանի տեսքով ներկայացրեց ընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը։ 
Նիստի ավարտին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հրապարակելով ԼՂՀ Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմի հետ Բարեկամության խմբի Հռչակագիրը։ 
Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար  նիստն ավարտեց աշխատանքը։ 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն