[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

IMG_6567.jpgՄահուամբ զմահ կոխեաց՚ բառերը Եկեղեցու Սուրբ Հայրերը հաճախ օգտագործում էին ի մտի ունենալով Սուրբ Հարությունը և դրան նախորդող Սուրբ Խաչելությունը։
Այո, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, գնաց դեպի Խաչելություն, դեպի մահ։ Կամավոր գնաց։ Գիտակցաբար գնաց, քանզի այլ կերպ հնարավոր չէր մարդկության փրկությունը։ 
Ադամն ու Եվան՝ մեր նախածնողները, մեկ մեղքի պատճառով, զանց առնելով Աստծո մեկ արգելքը, մեղք գործեցին` իրականացնելով սեփական կամքի ազատությունը և ժառանգեցին ֆիզիկական, մարմնական մահը։
Իրենց պատճառով մեղքը, մահը, ցավն ու տառապանքը մտան աշխարհ։ Այդ պատճառով դրախտը վեր հանվեց երկրից, որպեսզի չհամագոյատևեն Կատարելությունն ու Հավերժությունը մահվան ու մեղքի հետ։ 
Ողջ մարդկությունը ծնվում է արդեն Ադամական մեղքի մեջ։ Մենք բոլորս դրա ժառանգորդն ենք։ Միայն Սուրբ Մկրտությամբ անհատը ազատվում է Ադամական մեղքից, և դա հնարավոր եղավ միայն Հիսուս Քրիստոսի Խաչելությամբ և  Սուրբ Հարությամբ։ Սուրբ Խաչելությամբ Քրիստոսը վճարում է մեզ համար փրկագին, դառնում է կամավոր զոհ, մատաղ մեր իսկ փրկության համար, որովհետև որևէ այլ հնարավորություն չկար աշխարհում։ Բայց իր կատարյալ անմեղությամբ Քրիստոսը հաղթում է մահին և Հարություն է տալիս մարդկային մարմնին։ 
Մահը, որը մեղքի պատճառով մտավ աշխարհ, զորություն չունեցավ կատարյալ անմեղության հանդեպ և իր ճիրաններից բաց թողեց Քրիստոսի մարմինը, և տեղի ունեցավ Հրաշափառ Հարությունը։ Այստեղ է, որ Հայրերը ասում են` ՙՄահուամբ զմահ կոխեաց՚։ Հաղթեց մահը և մեզ բոլորիս Հարության ու Հավերժության հնարավորություն պարգևեց։
Քրիստոսը մեզ բոլորիս Ավետարանական խոսքերով ասում է. ՙԻնձ հետևեք, Ես հաղթեցի այս Աշխարհը, Ես եմ Ճշմարտությունը և Կենաց Հացը՚։ Քրիստոսը Հարությամբ մեզ վերադարձրեց Հավերժության կարողությունը, վերականգնեց Ադամի դրախտային վիճակը, իսկ իր Սուրբ Համբարձմամբ Աստվածացրեց մարդու մարմինն ու հոգին՝ Աստվածամարդու օրինակը մեզ ընծայեց, ավարտին հասցրեց Ադամի առաքելությունը։ Դրա մասին Պողոս առաքյալն ասում է. ՙԱյն, ինչ չարեց Երկրային Ադամը, արեց Երկնային Ադամը՚։ 
Ահա Սուրբ Խաչելությամբ, Սուրբ Հարությամբ մարդու համար հարթվեց ճանապարհը դեպի Հավերժացում, դեպի Աստվածացում։ Ահա այս հավատքի ժառանգորդն ենք։
Այո, Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսին ենք պաշտում ու հավատում։ Այսօր ամբողջ Տիեզերքն է ցնծում այս ուրախ առիթով՝ Քրիստոսի Հարությամբ։ Մենք Ձեզ ենք բերում այս  հաղթական ու լուսավոր Ավետիսը.
Քրիստոս Հարյավ ի Մեռելոց։ Եվ իր Հարության օրհնությունը զորավիգ լինի մեր Ազգին ու Հայրենիքին։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
 
Տ. Պարգև արք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առաջնորդ Արցախի թեմի