[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

 Հուլիսի 4-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների և նվիրատուների, ովքեր Արցախ են այցելել հիմնադրամի կողմից ֆինանսավորված` Հադրութի շրջանի Դրախտիկի մանկապարտեզի բացմանը մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` Արցախի կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն Արցախի բարգավաճման գործընթացի ամենաակտիվ մասնակիցներից է:

Իր խոսքում ԼՂՀ վարչապետը կարևորել է ներկայումս Արցախի համայնքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գործուն աջակցությունը:

Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հանդես են եկել մի շարք հարցադրումներով, որոնց պատասխանելով` Ա. Հարությունյանը մասնավորապես  նշել է, որ չնայելով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին և պատմական փաստերը խեղաթյուրելու ձգտումներին, Արցախում լայն թափով շարունակվում է պատերազմի հետքերի վերացմանը և հանրապետության տնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ և տարաբնույթ ծրագրերի կենսագործումը:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

 տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին