[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիական պատվիրակության այցը ԼՂՀ

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ:

Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները:   

Նույն օրը պատվիրակության անդամները շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝ ծանոթանալով տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու երաժշտական դպրոցում հյուրերի պատվին կազմակերպված միջոցառմանը:

Երկու քաղաքների միջև համագործակցությունը սկիզբ է առել ս. թ. հունիսի 11-ին Լե-Պեն-Միրաբո և Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրմամբ: Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը` կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը: