[ARM]     [RUS]     [ENG]

Հոկտեմբերի 15-ին Նախագահ Սահակյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին եւ հանդես եկել ելույթով:

altԲակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:

Նախագահի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն  շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: