[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ՙՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ՚ ՎԵՊԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: ՙ40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի՚ խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և ՙՖրանց-Վերֆել՚ կոմիտեն:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանն արժևորեց Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման և այդ պայքարի առնչությամբ համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման տեսակետից: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը: Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, դոկտոր Հայկ Դեմոյանը: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ տոնական ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆեսոր դոկտոր, Ռյուդիգեր Գյորները:
Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն՝ Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դոկտորր Մարիանա Գրուբերի, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դոկտորր Արտեմ Օհանջանյանի,  Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դոկտոր Անդրեաս Ֆինգերնագելի մասնակցությամբ:
Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում: 
Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:
Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրիահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած՝ Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվեց հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան, դոկտոր. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
 
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության  
և հասարակայնության հետ 
կապի վարչություն