[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է։ Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին։ Օրվա առանձնանշումը կարևորվում է ոչ թե նրանով, որ հորդորում է հոգածու և կարեկից վերաբերմունք  դրսևորել սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց նկատմամբ, այլև  ազդ է՝ ուղղված մեզ՝ նրանց կենսագործունեությունն ապահովելու, հանրային կյանքի տարբեր ոլորտներում նրանց  ներուժի դրսևորման լիարժեք հնարավորություն տալու համար։  
ԼՂՀ սոցիալական պաշտպանության ռազմավարությունից բխող ու գործող օրենսդրությունը վկայում է  այդ անձանց դերի և մասնակցության կարևորումը մեր իրականությունում և մեր հանրային կյանքի կառուցման գործում։ Հատկանշելի է նաև  հասարակական   համապատասխան կազմակերպությունների  ակտիվ ու նախաձեռնողական գործունեությունն այդ հարթությունում։ Նրանք մշտապես զգոն են պահում հասարակությանն ու իրավասու պետական կառույցներին՝ պաշտպանելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց իրավունքները  և իրենք իսկ մշտապես դրսևորում են հետևողականություն։  Շնորհակալ ենք նրանց։ 
Այսօր էլ հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրումը  մնում է երկրի սոցիալական ռազմավարության կարևորագույն  խնդիրներից մեկը։     Համապատասխան օրենսդրական դաշտն էլ կարգավորված է, բայց դեռևս  օրենքի կենսագործման  տիրույթում առկա խնդիրներ կան՝ մասնավորապես բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժման պայմանների և մատչելի միջավայրի  ապահովման  առումով։  Դրանք հնարավոր է իրականացնել աստիճանաբար։ Ու մեր խնդիրն է  հետամուտ լինել օրենքով ամրագրված ու  սահմանված  պահանջների կատարմանն ու դրանց կենսագործմանը։ 
 Առողջ եղե՜ք ու ձեր ավյունով, կենսասիրությամբ ու նվիրվածությամբ     մշտապես պիտանի լինելու  կարևոր  դասը շարունակեք ուսուցանել։ 
 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ 
Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ