[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ 2014թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

ARCAX_AJ_105518844_300x224.jpgԴեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի վերջին հերթական լիագումար նիստը։
Նիստը  վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ 
Ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ 
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ հաստատվեցին, նախ, նստաշրջանի օրակարգում առաջարկված փոփոխությունը, ապա լիագումար նիստի օրակարգը։ Նշելով, որ օրակարգի առանցքում ՙԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագիծը և բյուջետային փաթեթի մյուս օրինագծերն են, ԱԺ նախագահը հաղորդեց, որ նախորդ նիստում բյուջետային փաթեթի քննարկումներն ընդմիջվելուց հետո սահմանված ժամկետում կառավարություն են ուղարկվել լրացուցիչ առաջարկություններ, որոնց առնչությամբ, նույնպես սահմանված ժամկետում, ստացվել են գործադիր իշխանության պատասխանները։ 
Կառավարության լիազորմամբ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը հաղորդեց, որ քննարկումների երկրորդ փուլի արդյունքում խորհրդարանից ստացվել է 14 առաջարկություն, որոնցից 10-ը՝ ՙՀայրենիք՚ խմբակցության, 4-ը՝ առանձին պատգամավորների  կողմից, որոնք քննարկվել են կառավարությունում։ Նախարարի հաղորդմամբ, փաստորեն, բյուջեում փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, բացի մեկ հարցից. ՀՀ-ից նախատեսված միջպետական վարկն ավելացել է 52 մլն 131.7 հազար դրամով, որը  կառավարությունն առաջարկում է մտցնել պետբյուջեի մեջ՝ այդ չափով կրճատելով նախասահմանված պակասուրդը։ 
Հակիրճ անդրադարձ կատարելով պետբյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին,  նիստն այնուհետև, երկրորդ ընթերցմամբ, քննարկեց պետբյուջեի մասին օրենքի նախագծին ուղեկցող այն օրինագծերը, որոնք նախորդ նիստում ընդունվել էին առաջին ընթերցմամբ։  
Այդ շարքում առաջինը քննության առնվեցին  ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ օրենքի նախագիծը և նրանից բխող 30 օրինագծերը, համաձայն որոնց 2014թ. հուլիսի 1-ից նախատեսվում է ներդնել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական նոր համակարգ։ Ներկայացնելով օրենսդրական փաթեթը,  կառավարության պաշտոնական ներկայացուցիչ՝ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար  Գրիգոր Մարտիրոսյանը հաղորդեց, որ  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ՙմայր օրենքի՚ նախագծում կատարվել են փոփոխություններ, որոնք հիմնականում կրում են խմբագրական բնույթ։ 
Ապա երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին  ՙԵկամտային հարկի մասին՚ օրենքի նախագիծը՝ օրենսդրական փաթեթի 8 բաղադրիչով (նույն ներկայացմամբ), ՙՀանրային ծառայության մասին՚ օրենքի նախագիծը՝ դրանից բխող երկու օրինագծով (կառավարության  պաշտոնական ներկայացուցիչ՝ արդարադատության նախարար  Արարատ  Դանիելյան)։ 
Ներկայացվեց նաև գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) դրական եզրակացությունը բյուջետային փաթեթի վերաբերյալ։ 
Համաձայն բյուջեի քննարկման կանոնակարգային ընթացակարգի՝ նիստը լսեց նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները։ 
Ներկայացնելով ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի դիրքորոշումը, խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը հաղորդեց, որ խումբը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանզի համոզված է, որ ՙբյուջեի կատարման բոլոր հիմքերը կան և այն ընդունելու պարագայում կկարողանանք բավականին վստահ և արդյունավետ աշխատել 2014 թվականին՝ ի բարօրություն մեր երկրի, մեր տնտեսության՚։
ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկելու  2014թ. պետական բյուջեի նախագծին։ Հայտարարելով այդ մասին, խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցներն առավել նպատակային կուղղվեն ԼՂՀ ճանաչման գործընթացի աշխուժացմանը, տալով նրան համահայկական բնույթ։ 
2014թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծի մասին ՙԺողովրդավարություն՚ խմբակցության տեսակետն այն է, նշեց խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը,  որ երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը նախորդ տարիների բյուջեների տրամաբանական շարունակությունն է։ Խմբակցության գնահատմամբ՝ կառավարությունը պահպանել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման և զարգացման հեռանկարների մասին իր գործունեության ծրագրով նախանշված հայեցակարգը։ Պահպանելով կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվության իր հանձնառությունը, հայտարարեց պատգամավորը, ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկելու 2014թ. պետական բյուջեի նախագծին։
ՙՀայրենիք՚ խմբակցությունը 2014թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը համարում է կանխատեսելի, կայուն և իրատեսական։ Նշելով այդ մասին, պատգամավոր Ռոմելա Դադայանը հայտնեց, որ ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության Կենտրոնական խորհրդի արտահերթ նիստը խմբակցությանը լիազորել է միաձայն պաշտպանել բյուջեի նախագիծը։ 
Նիստում 2014թ. պետական բյուջեի վերաբերյալ ամփոփիչ  խոսքով հանդես եկավ վարչապետ Արա Հարությունյանը։ Կառավարության անունից շնորհակալություն հայտնելով պատգամավորական կազմին՝ բյուջեի նախագծի շահագրգիռ և օգտակար քննարկումների համար, նա հանգամանալի կանգ առավ հանրապետության նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրով սահմանված՝ երկրի զարգացման ռազմավարական նպատակների իրականացմանն ուղղված կառավարության 2014թ. նպատակների, խնդիրների ու դրանց իրագործման միջոցների վրա՝ հատուկ ընդգծելով խնդիրների կարգավորման առաջնահերթության տեսանկյունից կարևորվող բնագավառները։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, վերջնական օրենքների տեսքով ընդունեց բյուջեն ուղեկցող և առաջին ընթերցմամբ ընդունված ՙմայր՚ օրենքները։ 
Այնուհետև տեղի ունեցավ ՙԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանն  ընդունեց օրենքը՝ ձայների 31 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ։ 
Հայտարարելով, որ 2014թ. պետական բյուջեն ընդունված է, ինչի շնորհիվ կառավարությունը կարող է գալիք տարին սկսել արդեն ընդունված բյուջեով, ԱԺ նախագահը պատգամավորական կազմի անունից այդ կապակցությամբ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց կառավարությանը։ 
Ապա հետևեց կառավարության ղեկավարի եզրափակիչ խոսքը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար, վարչապետը ներկաներին և ի դեմս նրանց՝ Արցախի ողջ ժողովրդին, համայն հայությանը շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
 Նիստն այնուհետև, բյուջետային փաթեթից դուրս, արդարադատության նախարարի ներկայացմամբ քննարկեց ՙԼՂՀ միջազգային պայմանագրերի մասին՚ օրենքի նախագիծը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ օրենքի ընդունման հիմնական միտումը պայմանավորված է օրենսդրական գործընթացի միջոցով մի շարք միջազգային իրավական ակտերին միակողմանիորեն  միանալու կամ դրանց իրավազորությունը ԼՂՀ-ում ճանաչելու նպատակահարմարությամբ։
Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն առաջարկեց օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ և, հաշվի առնելով խորհրդարանի առաջիկա ձմեռային արձակուրդները, որոշակի երկարաձգել երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամկետը։ Նա միաժամանակ խնդրեց, որպեսզի օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որպես գլխադասային ներգրավվի նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ 
Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը՝ օրենքն ընդունելով առաջին ընթերցմամբ։ Մեկ այլ որոշմամբ՝ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամկետը երկարաձգվեց ոչ ուշ, քան մինչև փետրվարի 10-ը ներառյալ։    
Օրակարգն սպառվեց ԼՂՀ գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման մասին հարցերով։ Հանդես գալով այդ  կապակցությամբ, խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ Ազգային ժողովում ստացվել են պետության ղեկավարի նամակները՝  ԼՂՀ գլխավոր դատախազ և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու համար համապատասխան  թեկնածությունների  առաջարկությամբ։ 
Առաջարկությունները նիստում լիազորված էր ներկայացնել ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը, հաղորդելով, որ պետության ղեկավարի կողմից նշված պաշտոններում նշանակելու համար առաջարկվում են, համապատասխանաբար, Արշավիր Ղարամյանի և Արթուր Մոսիյանի թեկնածությունները, ում այդ պաշտոններում գործունեության սահմանված ժամկետներն ավարտվել են դեկտեմբերի այս օրերին։   
Համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի՝ թեկնածուները ելույթներով հանդես եկան նիստի մասնակիցների առաջ, ներկայացնելով  վերոհիշյալ կառույցներում իրենց գործունեության արդյունքները։  
Տեղի ունեցան փակ-գաղտնի քվեարկություններ, որոնց արդյունքներով Արշավիր Սուրենի Ղարամյանը, ձայների 31 կողմ և  1 դեմ  հարաբերակցությամբ, նշանակվեց ԼՂՀ գլխավոր դատախազ, Արթուր Արմենի Մոսիյանը,  ձայների 29 կողմ,  2 դեմ (և 1 անվավեր քվեաթերթիկ)  հարաբերակցությամբ, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ։ 
Խորհրդարանի նախագահը հրապարակեց ԱԺ համապատասխան որոշումները և գլխավոր դատախազին ու վերահսկիչ պալատի նախագահին շնորհավորեց  և բարեմաղթանքներ հղեց վերանշակման  կապակցությամբ։
Արշավիր Ղարամյանը և Արթուր Մոսիյանը, վերստին ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեցին ցուցաբերված վստահության համար։   
Նիստի ավարտին խորհրդարանի նախագահը հակիրճ ամփոփեց 5-րդ գումարման Ազգային ժողովի  8-րդ նստաշրջանի աշխատանքները։ Հավարտ  խոսքի՝ ԱԺ նախագահը նիստի բոլոր մասնակիցներին՝ կառավարության անդամներին, պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի անդամներին ու խորհրդարանի գործունեությունը լուսաբանող լրագրողներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների  առթիվ։ 
Լիագումար նիստը, լինելով վերջինը նստաշրջանում, համաձայն կանոնակարգով սահմանված ընթացակարգի, ավարտվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։ 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն