[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Ara.jpgՍիրելի արցախցիներ
Հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին, մի տարի, որը եղավ հերթական կարևոր ժամանակահատվածը մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ճանապարհին։ Առավելապես ստեղծարար աշխատանքով հագեցած անցնող 12 ամիսներին մեզ հաջողվեց հանրապետությունում ապահովել տնտեսական զգալի աճ, լուրջ ձեռքբերումների հասնել մի շարք ասպարեզներում։ 
Դրանք երբեմն առաջին հայացքից տեսանելի չեն, որովհետև ոչ տեղական հանգամանքներով պայմանավորված գնաճը հաճախ ստվերում է մեր շատ հաջողություններ։ Հուսանք, որ սա ժամանակավոր երևույթ է, և մոտ ապագայում մեր առաջընթացը կլինի առավել շոշափելի։ 
Կառավարության գործունեության առաջնահերթությունն է մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական ապահովության և անվտանգության անշեղ ամրապնդումը։ Այս ոլորտներում պետությունը կատարում է հսկայական ներդրումներ և իրագործում տասնյակից ավելի նշանակալից ծրագրեր։ Մենք պետք է առաջ ընթանանք շարունակական բարեփոխումների ճանապարհով՝ հետ չմնալու քաղաքակրթական ընդհանուր զարգացումներից։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, լավ ու ցանկալի տարի կդառնա 2014 թվականը։ Մենք նախատեսում ենք պահանջված բարեփոխումներ աշխատավարձերի ու կենսաթոշակների համակարգերում՝ դրանք զգալիորեն բարձրացնելու և առավել արդարացի բաշխելու սկզբունքներով։ Մեծ միջոցներ կհատկացնենք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Մենք մշտապես հետամուտ կլինենք, որ մեր քաղաքացիներն իրենց ներկան ու ապագան շաղկապված տեսնեն գերազանցապես հայրենիքի հետ և այստեղ գտնեն իրենց երջանկությունն ու կյանքի իմաստը։ Արցախյան խնդրի վերջնական կարգավորումը մեզ թելադրում է սեփական հողի վրա գործել ավելի հեռատեսորեն ու նպատակասլաց։ 
Թանկագին հայրենակիցներ.
Նոր տարին նախևառաջ ընտանեկան հաճելի ու գեղեցիկ տոն է ։ Ուստի մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը, բարեկեցությունն ու լավատեսությունը։ Բարին ու խաղաղությունը մաղթենք մեր սիրելի Արցախին և հայկական ողջ աշխարհին։ Թող Աստված հավերժ պահապան լինի մեր ժողովրդին։
Ջերմ շնորհավորանքներս ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։