[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

XULJAN3.jpgԹանկագին  հայրենակիցներ
2013 թվականը մեր կյանքում հոբելյանական էր. լրացավ Ղարաբաղյան շարժման 25-ամյակը։ Արդեն քառորդ դարից ավելի է, մեր ժողովուրդը  փաստացի ապրում է ազատ եւ ինքնիշխան, կերտելով իր ազգային պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ 
Դա մեր համընդհանուր ընտրությունն է։ Եվ մեզ հետ՝ ողջ հայ ժողովրդի՝ Հայաստանում եւ  Սփյուռքում։  
2014 թվականը նույնպես հոբելյանական է. առաջիկա մայիսին կլրանա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում Զինադադարի հաստատման 20-րդ տարին։ Ուստի այս բարեպատեհ ժամին եկեք ազգովի գլուխ խոնարհենք բոլոր նահատակվածների հիշատակի առջեւ, իսկ այն ընտանիքներին, որ սպասում են անհայտության մատնված իրենց սիրելիներին, մաղթենք, որպեսզի սփոփվեն բարի լուրերով։
Մեր պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի ներկա փխրուն զինադադարը պահպանվի եւ վերաճի կայուն, մեր ժողովրդի խիզախությանն արժանի եւ նրա անկախ ու ինքնիշխան կյանքը երաշխավորող խաղաղության։ 
Մենք ունենք ակնառու ձեռքբերումներ, բայց քիչ չեն նաեւ դժվարությունները։ Հաջողությունները մերն են, բայց մերն են նաեւ խնդիրները, որ սպասում են լուծման։ Մենք կառուցում եւ զորացնում ենք ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետություն։ Մեր նպատակն է  բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ստեղծել ներկա եւ գալիք սերունդների համար։
Վստահ եմ, որ 2014թվականը նշանավորվելու է նոր ձեռքբերումներով թե՜ խաղաղության հաստատման, թե՜ ԼՂՀ միջազգային ճանաչման, թե՜ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման մեր համատեղ ձգտումներում։
Այս պայծառ հավատով էլ Ամանորի ջերմ մաղթանքներ եմ հղում մեր ժողովրդին,  երկրի սահմանները հսկող զինվորներին ու հրամանատարներին, ողջ հայությանը։ Թող 2014 թվականը մեզ համար լինի նոր հաջողությունների, խաղաղության եւ համազգային բարօրության տարի։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։