[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

77.jpgԿառավարության նիստում

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Գործադիրի հավանությանն արժանացած երկու որոշումներ վերաբերում էին Արցախի գործարար միջավայրին. հաստատվեցին գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը:

Նախատեսվում է այդ ոլորտում իրականացնել շարունակական բարեփոխումներ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական անհարկի միջամտությունները բացառելու անհրաժեշտությամբ:

Նիստում հաստատվեց տնտեսական զարգացմանն ուղղված 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախատեսված 30 մլն դրամով աջակցություն կցուցաբերվի տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, կվերազինվի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և այլն:

Գործադիրի հավանությանն արժանացան 2014թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերը և միջոցառումները: Մոտ 3 մլրդ դրամ է հատկացվելու  գյուղատնտեսական կարևոր նշանակության 12 ծրագրերի իրագործման համար: Մասնավորապես, կիրականացվեն բույսերի պաշտպանության, անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ, աջակցություն կցուցաբերվի ՙԳյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին՚, տոհմային կայանին և այլն: Նշված աշխատանքների իրականացման համար գյուղնախարարությունը պարտավորվում է պայմանագրեր կնքել համապատասխան ընկերությունների հետ` հաշվի առնելով կատարվող աշխատանքների առանձնահատկությունները և հետագա հսկողություն սահմանել դրանց նկատմամբ: 

Կառավարությունը հաստատեց 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, համաձայն որի` նախատեսվում է 2014 թվականին կադաստրի համակարգի կողմից իրականացնել մոտ 303 մլն դրամ ընդհանուր արժեքով 10 ծրագրային աշխատանք, մասնավորապես, ԼՂՀ տարածքում համայնքների, բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման, ԼՂՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման և այլ ուղղություններով: 

Հաստատվեց նաև 2014թ. պետական միջոցների հաշվին իրականացվող մարզական կենտրոնացված միջոցառումների և մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագիրը: Ֆեդերացիաների կողմից ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ բողոքներից խուսափելու համար վարչապետը հորդորեց ֆինանսներն ըստ ֆեդերացիաների հատկացնել հիմնավորմամբ և արդար սկզբունքներով:

Էլեկտրաէներգիայի նախկին և գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով` այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար` 8 դրամ/կՎտ ժամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը): 

Գործադիրի որոշմամբ փոփոխության ենթարկվեց ոստիականության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների ու կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` այնտեղ ընդգրկելով գյուղնախարարության նոր մասնաշենքը:
Հաստատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների` ԱրՊՀ ուսանողության շարքերում վերականգնելու նպատակով բակալավրի առկա ուսուցման համակարգում ձևավորված անվճար տեղերը: 7 մասնագիտությունների գծով 89 ուսանողի համար սահմանվել են համապատասխան տեղեր, որոնցից 19-ը` անվճար: Կառավարության անդամների հավանությանն արժանացավ նաև Կրթության և գիտության նախարարության 2014թ. կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներ, առարկայական օլիմպիադաների, գիտաժողովների կազմակերպում ու հրատարակչական գործունեություն, դպրոցական ամառային հանգիստ և այլ միջոցառումներ:
Կառավարության հաստատմանը ներկայացվեցին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման, կազմման և ներդրման կարգերը: Քննարկման արժանացավ  Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի շրջանների հուշարձանների պահպանական գոտիների, ինչպես նաև Շուշիի և Ասկերանի շրջանների վարչական տարածքներում գտնվող ՙՀունոտի կիրճ՚ բնապատմական արգելոցի և Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող ՙՏիգրանակերտ՚ պետական պատմամշակութային արգելոցի և Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող ՙՏողի մելիքական ապարանք՚ պետական պատմամշակութային արգելոցի հողերի ցանկի մասին որոշման նախագիծը: Ցանկում ընդգրկված պահպանության ենթակա պատմամշակութային մեծ տարածքները, ըստ Ա. Հարությունյանի` տնտեսական նշանակության աշխատանքներ կատարելու ժամանակ հնարավոր խնդիրներ կարող են առաջացնել, ուստի առաջարկվեց լրացուցիչ քննարկել և ուսումնասիրել հարցը:
Կառավարությունը հանդես եկավ նաև օրենսդրական նախաձեռնություններով: Քննարկվեց ՙԱվտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերահսկել հանրապետություն մտնող յուրաքանչյուր վտանգավոր բեռի ընթացքը, տեղեկատվություն ստանալ դրա վերաբերյալ և կանխարգելել վտանգավոր բեռի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակչության վրա: 
ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում ներկայացված փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կանանց և տղամարդկանց համար սահմանել միևնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Միաժամանակ, կնոջ և տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաև 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և եթե զույգերից մեկը 18 տարեկան է: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Նիստի ավարտին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը հանդես եկավ Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցության մասին հակիրճ տեղեկատվությամբ:
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին