Logo
Print this page

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻ Ելույթ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի առթիվ

altՍտեփանակերտ  Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ

Սրբազան հայր

Միջոցառման հարգելի մասնակիցներ

Տիկնայք և պարոնայք  

Այս դահլիճում այսօր մենք հեռակա զրույց ենք բացել մի մարդու հետ, ում իրավամբ համարում ենք մեր ժողովրդի նորագույն պատմության կերտողներից մեկը, որն այդ պատմության եւ ճարտարապետ էր եւ շինարար..., մի մարդու, ով իր ողջ գիտակցական կյանքը և առանձնապես այդ կյանքի վերջին տաս-տասներկու տարվա հատվածն անմնացորդ ու անձնազոհ նվիրաբերել է հայրենիքի ազատության ու պաշտպանության, հայոց դարավոր ու նվիրական երազանքի իրականացման՝ անկախ, ինքնիշխան ազգային պետականության վերականգնման ու շենացման վեհ գործին։  

Հիրավի, անգնահատելի է Վազգեն Սարգսյան մարդ-անհատականության դերը քսաներորդ դարավերջի մեր ժողովրդի տարեգրության մեջ՝ խոստումնալից արձակագիր, քաջարի զինվոր, բնատուր զորավար, հեռատես քաղաքական-պետական գործիչ։ Ասել, թե նա ապրում էր իրեն ծնած ու սնած ժողովրդի նվիրական իղձերով, հոգսերով ու խնդիրներով, երևի թե կնշանակի՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ չասել։  Վազգեն Սարգսյանը բառիս բուն իմաստով ողջակիզվում էր հանուն այդ իղձերի, հոգսերի ու խնդիրների՝ ազգի փրկության ու գոյապայքարի զոհասեղանին դնելով իր ապրած յուրաքանչյուր օրվա առանց բացառության ամեն մի ակնթարթ։ Եթե փորձենք ընդհանրական բնորոշում տալ Վազգեն Սարգսյան երևույթին, ապա, ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ նա եղել է և այսօր էլ մեզ ներկայանում է որպես մեկ անհատի մեջ խտացած, թանձրացած խարիզմատիկ մի կերպար, որ ազգ ու ժողովուրդ համախմբելու առաքելություն ուներ եւ իր ողբերգական մահկանացուն կնքելուց հետո անգամ ապրեցնում ու համախմբում է իրենից հետո ապրողներիս։  Այսպիսին էր նա որպես ՙԵրկրապահ՚ կամավորական ջոկատների հրամանատար, նորանկախ Հայաստանի Սպարապետ:  Այդպիսին էր որպես հասարակական-քաղաքական ու պետական գործիչ՝ Հայաստանի Հանրապետության առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր ու պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, սահմանամերձ գոտիներում նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՙԵրկրապահ՚ կամավորական միության նախագահ, Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ։  Այսպիսին էր նա Արցախ կատարած իր առաջին այցին՝ դեռևս 1989թ. աշնանը, և Արցախի ազատագրության, Արցախի անկախ պետականության կերտման հետագա բոլոր տարիներին, տասնամյա մի ժամանակաշրջան, որի յուրաքանչյուր օր ու պահ Վազգեն Սարգսյանի համար չափվում էր իր ազատության համար մաքառող Արցախով, ինքնիշխան պետականություն կառուցող Արցախում տիրող իրավիճակով։    ՙՎերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, ովքեր կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված և հետևողականորեն շարունակել պայքարը՚,- ասում էր նա  դեռևս 1992-ի հունիսի 22-ին՝ ելույթ ունենալով Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի նիստում: Իսկ դա այն տագնապալի օրերին էր, երբ Շուշիում պարտություն կրած, բայց դեռեւս ռևանշի հույսեր փայփայող ու սպառազեն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման էր անցել ռազմաճակատի ամբողջ գծով՝ տասնապատիկ գերակշիռ իր ուժերի շնորհիվ կարողանալով զավթել Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածքները, ավերի ու հրի մատնելով տասնյակ բնակավայրեր, իր ճանապարհին բարբարոսաբար ոչնչացնելով այն ամենը, ինչ հայկական էր։  Եվ հենց նա՝ Վազգեն Սարգսյանն էր, որ ահազանգի կոչնակ խփեց ի լուր համայն հայության, կոչ անելով ազգովի ի զեն ելնել. ՙ…հասել է ուժեղի, ոգով ուժեղի ժամանակը: Ով ամուր եղավ, նա էլ հաղթելու է՚,- բանաձեւեց նա իր հայտնի հեռուստաելույթում:  Հետագայում, երբ որ հաղթահարված էին այդ օրհասական օրերի դժվարությունները, նա նույնպիսի սրտացավությամբ էր խոսում այդչափ թանկ գնով վաստակած խաղաղության մասին, որի առանցքում նորից Արցախն էր... 1997թ. հոկտեմբերին, ՙԱռավոտ՚ օրաթերթին տված հարցազրույցում, մտորելով Ղարաբաղի ապագային վերաբերող հարցերի շուրջ, Վազգեն Սարգսյանը կարծես թե պատգամում էր. ՙ...Ղարաբաղի թիկունքը պիտի ամբողջապես ապահովված լինի: Եվ Ղարաբաղի, և Հայաստանի այդ պորտալարը, ասում էր նա, որ ստեղծվեց Լաչինի գրավումից հետո և ամրապնդվեց Քելբաջարով, այդ ամբողջականությունը պետք է պահպանվի՚:   Նույն հարցազրույցում, խոսելով գալիք փորձությունների մասին, նա ուրվագծում է համայն հայության պատասխանատվության շրջանակը. ՙՄեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչեւ Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար եւ իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի...՚ Լինելով հայկական քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներից մեկը, այնուամենայնիվ, համաձայնենք, քաղաքականությունը, որպես այդպիսին, Վազգեն Սարգսյանի տարերքը չէր։ Նրա ՙտեսակը՚ չէր կարող տեղավորվել զուտ կուսակցական կաղապարում։ Վազգեն Սարգսյանը պետական գործիչ էր՝ պատմական իր դերով։ Նրա պայքարը երկրի երաշխավորված, անվտանգ ապագայի համար էր, նրա միակ վախը պատմությունը չկրկնվելու՝ պետականության վաղվա օրը չվտանգելու համար էր։  Քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակից դառնալու իր վճիռն էլ պարտականության թելադրանք էր։ Իր իսկ խոսքով՝ ՙԴա միայն ու միայն պայմանավորված է մեր պատմության վաղվա օրվա նկատմամբ պատասխանատվության խոր գիտակցումով, մեր զոհված եղբայրների երազած հայրենիքը կառուցելու նպատակադրումով, քաղաքական ուժերի համախմբման համար նախադրյալներ ստեղծելու ձգտումով ու ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության երաշխավորման հրամայականով՚։  Վազգեն Սարգսյան պետական գործիչն ինքնատիպ ու կայացած անհատականություն էր դեռևս 90-ական թվականների սկզբից։ Ի սկզբանե նրան բնորոշ էր ոչ միայն կրքոտ ու շիտակ հարցադրումը, այլև ճկուն, համակարգված մտածողությունը. պահը զգալու և արագ վճիռ կայացնելու բացառիկ կարողությունը, յուրաքանչյուր խնդրի սրտացավությամբ, նվիրումով մոտեցումը և դիմացինին լսելու իրեն ներհատուկ ունակությունը։ Նա փորձում էր ամենքին փոխանցել Ավետարանի պատգամը. ՙԱռանց սիրո ցանկացած գործ նման է ծնծղայի, դատարկ ծնծղայի՚ և ավելացնում էր. ՙ…ինչ անես, սիրով պետք է անես՚։ Հայ ժողովուրդը, ասում էր նա, վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել, և անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը։   Երազում էր կարճ ժամանակ հետո Հայաստանը տեսնել որպես ՙ… շատ կառուցիկ, շատ ինքնուրույն, ինքնաբավ, հզոր մշակույթ, դպրոց ու բանակ ունեցող երկիր՚։ Պատմությունը, ասում էր Վազգեն Սարգսյանը, այսօր մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել վերհիշել մեր նախնյաց փառքը, հասնել ժամանակի գնացքին։ Ավելին, նրա համոզմամբ,  մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական նպատակին. Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, և 21-րդ դարը մերն է լինելու։   Մեզ համար, ասում էր նա, պատվի ու արժանապատվության հարց է ամուր և հզոր Հայաստան կերտելը։ Իսկ դա միայն ցանկությամբ, պահանջելով կամ բարեմաղթանքներով չի տրվում։ Չարչարվել ու քրտնել է անհրաժեշտ։ Ու նաև ավելացնում էր. ՙՅոթ հարյուր տարի պետականություն չունեցող երկրում յոթ կամ տասնյոթ տարում կատարյալ պետականություն չես ստեղծի։ Մի քանի տարում սերունդների կարծրացած մտայնությունը չես փոխի՚։  Համոզված էր, որ ՙ…դարերով ու տասնամյակներով կուտակված հիմնահարցերը մեկ անգամից չեն լուծվի։ Հրաշքները միայն հեքիաթներում են լինում։ Մեր իրականությունը փոխելու համար միաբանություն, նվիրում, համբերություն, համառ աշխատանք ու քրտինք է անհրաժեշտ՚։ Այս պարագայում ես լիահույս եմ, ասում էր նա, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում։ Պարզապես անհրաժեշտ է վստահաբար ու նոր թափով լծվել այս առաքելության իրականացմանը։  Նա ոչ միայն ասում էր, այլեւ իր նվիրումով օրինակ էր ցույց տալիս: Ցանկացած աշխատանքի նա տրվում էր ամբողջությամբ եւ ինքնամոռաց, կարծես թե հենց դա էր վերջինը: Նրա հախուռն բնավորությունից թերեւս միայն իր ընտանիքն ու մերձավոր շրջապատն էին տուժում, ում էլ նա սիրում էր անմոռաց, իր կրքոտ ու անդավաճան սիրով: 

Վազգենն իր ճանապարհը գնում էր հաստատակամ, բաց ճակատով, վաստակած հպարտությամբ։ Նա միայն մեկ բան էր պատգամում. օգտագործել պատմական հնարավորությունը. ՙ…չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այն այսօր, այս պահից՚։   Ավաղ, այսօր մենք միայն հեռակա զրույցի ենք հավերժի ճամփորդ դարձած Վազգեն Սարգսյան Սպարապետի հետ, զրուցում ենք՝ հավերժության ջրբաժանի աջ ու ահյակ ափերից, ամեն մի պահ խորը ցավ ու ափսոսանք ապրելով, որ նա այդպես էլ հարատև մնաց որպես քառասունամյա այր և որ նրա ողբերգական կորստյան անցած տասնհինգ տարին միայն իր կյանքի կորուստը չէ. ազգի կորուստն է, իր սերնդակիցների, մեր ներկա  ու գալիք սերունդների կորուստը։  Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ նրա՝ Զորավարի կոչով և առաջնորդությամբ ի զեն ելած, հող հայրենիի պաշտպանության մարտադաշտերում խիզախաբար կռված ու մարտիրոսված  բազում հայ քաջորդներին։ Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ Վազգեն Սարգսյանին՝ հայոց նորագույն պատմության Սպարապետին ու իմաստնալի պետական գործչին, մեծ հայրենասերին։  

Շնորհակալություն    

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.