[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՆԵՐՆ ԵՆ

 Մարտի 18-ին և 19-ին վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:

Քարվաճառ քաղաքի համայնքապետն իր հաշվետվության մեջ անդրադարձավ նախորդ տարվա ձեռքբերումներին՝ շեշտադրում անելով ՀԲԸՄ-ի և պետբյուջեի միջոցներով կառուցված նոր ջրագիծը և բնակչության մոտ 3 տոկոսանոց բնական աճը: Առկա խնդիրներից նա առանձնացրեց մանկապարտեզի բացակայությունն ու ճանապարհների անբարեկարգ վիճակը:
Վարչապետը, ընդգծելով Քարվաճառի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար, նշեց, որ կատարված մեծածավալ աշխատանքներից հետո ոմանց մոտ առկա մտավախությունները շրջանի քաղաքական ապագայի վերաբերյալ ցրվեցին: Այդ աշխատանքների շարքում, վերաբնակիչներին աջակցող բազմաթիվ ծրագրերից բացի, Ա. Հարությունյանը մատնանշեց դպրոցի նոր շենքի և ջրագծի կառուցումը, ինչպես նաև Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության մայրուղու կառուցման՝ արդեն իսկ  սկսված աշխատանքները: Անդրադառնալով շրջանի ներուժի օգտագործման և էներգետիկ կարիքների լիարժեք բավարարման խնդրին՝ կառավարության ղեկավարը հայտնեց, որ օգտագործվելու են շրջանի ջրային հարուստ պաշարները՝ հէկերի միջոցով էներգիա արտադրելու նպատակով: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կսկսվի Վարդենիս-Հաթերք բարձրավոլտ էլեկտրական օդային գծի կառուցումը, որը կանցնի Քարվաճառ քաղաքով։ Համաձայն երկրի նախագահի հանձնարարականի, դրան զուգահեռ կկատարվեն Վարդենիս-Քարվաճառ կարճ ճանապարհի հողային բարեկարգման աշխատանքները: Վերջինս հատկապես Քարվաճառի բնակիչների համար կդառնա Վարդենիս-Մարտակերտ մայրուղու այլընտրանքային ճանապարհ: Բնակարանաշինության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ տարուց կսկսվեն շրջաններում բնակարանաշինությունը խթանող հիփոթեքային ու պետական աջակցության ծրագրեր:
Վարչապետն այցելեց Քարվաճառի հիվանդանոց և նորակառույց դպրոց՝ ծանոթանալու շենքային պայմաններին: Նա տեղեկացրեց, որ շուտով կսկսվեն հիվանդանոցի շենքի կապիտալ վերանորոգումը և վերազինումը, իսկ մանկապարտեզի խնդրի լուծման համար կառավարության ղեկավարը հանձնարարեց դպրոցի չօգտագործվող հատվածն առանձնացնել և տրամադրել մանկապարտեզին:
Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր և Նոր Վերին Շեն գյուղերի համայնքապետերը, բացի ընթացիկ աշխատանքներից, ներկայացրեցին նաև բնակիչների եկամտի հիմնական աղբյուրները, առկա խնդիրները: Նրանց խոսքերով՝ գործում են քարամշակման և փայտամշակման արտադրամասեր, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:
Հիմնախնդիրներից համայնքապետերն առանձնացրեցին բնակարանաշինությունն ու ջրամատակարարումը: Վերջին տարիներին զգացվող ծնելիության աճին զուգահեռ մեծացել է բնակարանային պայմանների բարելավման և նոր բնակարանների կառուցման անհրաժեշտությունը: Այդ խնդրի լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, տրվելու է հիփոթեքային և պետական աջակցության ծրագրերի միջոցով: Իսկ այդ շրջանի գյուղերի (որոնք տեղակայված են գետերի ափերին) ջրամատակարարման խնդիրը փորձ կարվի լուծել գետերի ջրերը համապատասխան փոքր զտիչներով մաքրելու միջոցով:
Նոր Գետաշեն համայնքում, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի համարեց ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, նշեց նա, արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Վարչապետի խոսքերով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող երկակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին՝ բանակի մարտունակության էլ ավելի բարձրացման, այնուհետև՝  տնտեսության  զարգացման ճանապարհով:
Բնակիչների հետ հանդիպումներից հետո վարչապետը Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ  բոլոր  համայնքապետերին հրավիրեց  խորհրդակցության, որի ժամանակ վերջիններս գործադիրի ղեկավարին հակիրճ տեղեկություններ հաղորդեցին իրենց համայնքներում տիրող վիճակի մասին: Ա. Հարությունյանը  համապատասխան հանձնարարականներ տվեց բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ։ Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավարը, ներկայացնելով մեկ տարվա կատարված աշխատանքները, կարևորեց պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող` խմելու ջրի համակարգի կառուցումը: Այն, ըստ գործադիրի ղեկավարի, շահագործման կհանձնվի մոտ օրերս: Ա. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ  ընթացիկ տարում կմեկնարկի հիվանդանոցի շենքի վերանորոգումը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՝ Գետավանի ու շրջակա գյուղերի, թե՜ կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի համար:
Չափար համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ, որին ներկա էր նաև գյուղի բարերար Վարուժան Գրիգորյանը, ներկայացվեցին ոչ միայն համայնքային և պետական բյուջեների ֆինանսավորմամբ, այլ նաև Վ. Գրիգորյանի միջոցներով կատարված աշխատանքները: Ըստ հաշվետվության՝ բարերարի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են համայնքային կենտրոնի, ակումբի, դպրոցի շենքերը, կառուցվել են ջրամատակարարման համակարգը, փրկարար ծառայության շենքը, Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմում զոհված չափարցիների հիշատակին կանգնեցված հուշարձանը, ներհամայնքային ճանապարհները: Ամբողջությամբ ֆինանսավորվում է մանկապարտեզի աշխատանքը,  իրագործվել են սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Վարչապետն իր խոսքում ողջունեց Վ. Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը՝ այն համարելով արցախյան գյուղի զարգացման օրինակելի նախադեպ, և մնացած մեծահարուստներին կոչ արեց սեփական գյուղերի բարգավաճման  համար կիրառել այդ մոդելը։ 
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 
ևհասարակայնության հետ 
կապերի բաժին