[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՐՏԱՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ

Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը։ Միջջոցառմանը ներկա էին էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ 
Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել ԼՂՀ առողջապահության նախարարն ու Արցախի թեմի առաջնորդը։
Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ապահովված ու համապատասխան սարքավորումներով հագեցած հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում։ Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին։ 
Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ։ Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը։ 
Ա. Հարությունյանն այցելել է նաև Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ և ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին։ Վերջում բարերարների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով։ 
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին