[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի ուղերձը

"Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ

            Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

            Տիկնայք եւ պարոնայք,   

            Ի սրտե ողջունում եմ "Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովի մասնակիցներին:

Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի եւ արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է եւ կարեւոր: Այսպիսի ձեւաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում եւ առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների եւ մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին:

            Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարեւորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի եւ ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը եւ հետեւողական կատարելագործումը մեծապես  կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի եւ գործնական շփումների հաստատումից ու պահպանումից:  Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին, քանի որ որակյալ եւ անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

            Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա:

            Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք: