Logo
Print this page

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 7-ին ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ։ 
Ողջունելով արդեն բարեկամ դարձած քաղաքի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ 20 օր առաջ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Փարիզում, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի հետ հանդիպման ժամանակ, որպես  համագործակցության զարգացման լուրջ հեռանկար է դիտարկել դեռևս 2013թ. հունիսին ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո և ԼՂՀ Մարտունի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը։
Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի ունեցած կարևոր դերակատարությունը՝   հավելելով, որ նման բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը նույնպես կոչված են նպաստելու վերջնական խաղաղության հաստատմանը։
Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միշել Ամիելն, անդրադառնալով երկու քաղաքների հետագա համագործակցությանը, մասնավորապես նշեց, որ կարևորը ոչ թե երկրի տարածքային չափերն ու բնակչության թվաքանակն է, այլ Արցախի ժողովրդի հավատն ապագայի հանդեպ, և Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների ու ազատության գաղափարների օրրան, առավել մեծ պարտավորություններ ունի  հենց դրանց քարոզման ու պաշտպանության գործում։ 
Այնուհետև կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում հետագա համագործակցության մի շարք հարցեր, և Աշոտ Ղուլյանը խորհրդարանի պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու համայնքների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.