[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Երևանի 
ՙԱջափնյակ՚ վարչական շրջանի պատվիրակությանը
Մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված համագործակցության համաձայնագրի շրջանակներում շարունակ նորանոր ՙկամուրջներ՚ են ուրվագծվում՝ առավել սերտացնելով բարեկամությունը։ Հատկանշական է, որ երկու քաղաքապետերի կողմից նախանշված ծրագրերին իրենց անմիջական մասնակցությունն են բերում ոչ միայն Երևանի քաղաքապետարանի հիմնարկություններն ու կազմակերպությունները, այլև վարչական շրջանների ղեկավարները, իրենց  ձեռնարկումներում հիմք ունենալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությունները։
Վերջերս ՙԱրաբկիր՚ և ՙԿենտրոն՚ վարչական շրջանների պատվիրակությունների՝ Ստեփանակերտ կատարած այցելություններին հաջորդեց հերթականը։ Հուլիսի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է ՙԱջափնյակ՚ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նա համոզմունք է հայտնել, որ փոխայցելություններն էլ ավելի են նպաստելու միմյանց լավ ճանաչելու գործընթացին, քաջատեղյակ լինելու լուծում պահանջող խնդիրներին, համագործակցության համար բացվելու են նոր ուղղություններ և հեռանկարներ և, որ ամենակարևորն է, լավ աշխատելու դեպքում արդյունքներն առավել շոշափելի են լինելու։
Համաձայնելով ստեփանակերտցի գործընկերոջ հետ, Երևանի ՙԱջափնյակ՚ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նշել է, թե կողմերի միջև համագործակցության և բարեկամության հիմքերը դրված են արդեն ու մնում է քայլ առ քայլ զարգացնել ու ավելի ամրապնդել, ինչին իրենք միշտ պատրաստ են։ ՙԻնչպես ասում են, Արցախ տանող բոլոր ճանապարհներն անցնում են մայրաքաղաք Ստեփանակերտով։ Հետևաբար, բոլորս հաշվետու պիտի լինենք մեր արածի համար և ոչինչ չխնայենք դաժան պատերազմում հաղթանակած մայրաքաղաքն առավել լուսավոր ու բարեկարգ տեսնելու համար՚։
Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և  Երևանի ՙԱջափնյակ՚ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը խորհրդանշական նվերներ են փոխանակել։
Հյուրերը Ս.Գրիգորյանի և քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի ՙՍանմաքրում՚ ընկերություն և տեղում ծանոթացել կառույցի կողմից քաղաքում իրականացվող աշխատանքներին։ Երևանից ժամանած պատվիրակությունը, բնականաբար, դատարկաձեռն չէր ներկայացել հիմնարկություն և ընկերությանը խոտհնձիչ մեքենա նվիրեց։
Այցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի համար 1 մանկապատեզն էր, ուր երեխաներն աղուհացով, ուրախ երգ ու պարով դիմավորեցին հյուրերին։ Պատվիրակությունն այստեղ ևս անակնկալ ուներ պատրաստած փոքրիկների համար՝ առատ խաղալիքներ և քաղցրավենիքներ էր բերել։ Մանկապարտեզի շուրջբոլորը  բարեկարգ պահելու  համար նախադպրոցական այս հիմնակին ևս խոտհնձիչ մեքենա նվիրվեց։
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար