[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԷՐ

05.jpgՍեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների թեման ընտրական նոր օրենսգիրքն էր։ Դրա շուրջ քննարկումներ անցկացնելու որոշումն Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի կողմից ընդունվել էր շատ ավելի վաղ։

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել էին երկրի իշխանությունների տարբեր թևերի ներկայացուցիչներ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները։ Խորհրդարանական լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Արփինե Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուլիխանյանը, Զարուհի Փոստանջյանը։ Քննարկումներին հրավիրվել ու մասնակցում էր նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ողջույնի խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ գործող ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ. դեկտեմբերի 8-ի նիստում, որից հետո այն հինգ անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների։ Նախորդ տարիներին այդ ընտրական օրենսգրքով անց են կացվել հինգ համապետական ընտրություններ՝ խորհրդարանական և նախագահական։ Նոր խմբագրությամբ ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվել ընթացիկ տարվա հունիսի 3-ին։ Քննարկումները, փաստորեն, երկու ամսով հետաձգվել են, որպեսզի Արցախի քաղաքական ուժերն ու պատգամավորները ժամանակ ունենան մանրամասն ծանոթանալ ներկայացված նախագծին, անել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ 

ԼՂՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ նոր խմբագրությամբ ընտրական օրենսգրքի նախագծի նպատակը ընտրական օրենսդրության կատարելագործումն է,  ընտրական գործընթացի բարելավումը և միջազգային ընտրական գործընթացների նորությունների հաշվառումը։ Ընդհանուր առմամբ, ընտրական օրենսգրքի գլխավոր գործառույթը ընտրական գործընթացի օրինականության և ազատ ու արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումն է։

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Սահակյանն իր խոսքում մասնավորապես կարևորեց արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը խորհրդարանական լսումներին։ 

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հիմնավորեց ընտրական նոր օրենսգրքի նախագծի անհրաժեշտությունը, նշելով, որ հաջողությամբ այն ընթացքավորվելու և օրենսդիր մարմնի կողմից ընդունվելու դեպքում կգործարկվի 2015թ. հունվարի 1-ից։ Նրա խոսքով՝ գործող օրենսգիրքը ոչ թե չէր համապատասխանում արդի չափորոշիչներին, այլ պարզապես ավելի կատարելագործվելու տեղ կար։ Նախագծի մշակման հիմքում դրվել են հայաստանյան համանուն օրինագծի դրույթները, հաշվի են առնվել միջազգային դիտորդների տեսակետները, որոնք իրենց մեջ ավելի շատ տեխնիկական բնույթի շտկումներ են ներառել։

Ս. Արզումանյանը հանգամանալից ներկայացրեց հիմնական՝ առանցքային փոփոխությունները։ Հանձնաժողովականների աշխատանքը դյուրացնելու նպատակով վերանայվել են շուրջ 200 ժամկետային տվյալներ։ Դա արվել է պրակտիկայից ելնելով, ասաց ԿԸՀ նախագահը, և չպետք է կասկածների տեղիք տա։ Նման փոփոխությունների էական հատվածներից մեկը, ըստ Ս. Արզումանյանի, ընտրությունների հայտարարման կամ նշանակման սկզբնաժամկետի կրճատումն է։ Գործող օրենսդրությամբ, օրինակ, հանրապետության Նախագահի ընտրության մասին հայտարարությունը տրվում է 100 օր առաջ, նոր օրենսգրքով այն դարձել է 70 օր։ Մեկ ամիս կրճատումը հնարավորություն կտա մեղմել հասարակության մեջ օբյեկտիվորեն ստեղծված հուզական դաշտը։ Սա չի նշանակում, որ ընտրական գործընթացի մասնակիցների համար սահմանափակումներ կկիրառվեն՝ ընտրարշավ կազմակերպելու և այլ առումներով, ասաց Ս. Արզումանյանը։ 

ԼՂՀ ԿԸՀ նախագահը պատասխանեց նաև քննարկման մասնակիցների հարցերին, պարզաբանումներ տվեց ներկայացվող առաջարկությունների մասով։

ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանն իր ելույթում նույնպես կարևորեց քննարկումները, նշելով, որ ընտրական օրենսգիրքն այն կարևոր փաստաթուղթն է, որում ամրագրված սկզբունքներն ու դրույթները բավարար են, որպեսզի դատողություններ արվեն երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման մասին։ Նրա կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ընտրական գործընթացը դարձնել էլ ավելի թափանցիկ. հստակեցվում են հանձնաժողովականների գործառույթները, դիտորդ-վստահված անձ լիազորությունների տիրույթները, ինչը կբարձրացնի հասարակության վստահությունը գործընթացի նկատմամբ։ 

Տ. Մուկուչյանը կանգ առավ բողոքարկման ինստիտուտի հետ կապված առաջարկությունների վրա, որոնք վերաբերում են ընտրական իրավունքների պաշտպանությանը, անդրադարձավ գույքային ցենզի և ընտրագրավի վերաբերյալ փոփոխություններին։ Յուրաքանչյուրի համար օրենսգրքի դրույթները պետք է լինեն մատչելի, ասաց նա։

Ընտրական նոր օրենսգրքում տեղ գտած որոշ փոփոխություններ տարակարծության տեղիք տվեցին։ Որոշ փոփոխությունների առնչությամբ քննարկման մասնակիցները հանդես եկան կոնկրետ առաջարկություններով։           

Ամփոփելով լսումները՝ ԼՂՀ ԱԺ նախագահն իրազեկեց, որ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացվել է Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստին։ Մեկ ամսվա ժամանակահատվածում խորհրդարանը հանրագումարի կբերի ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները և կկայացնի վերջնական որոշում։ ՙՊետք է այնպես անել, որ գալիք՝ 2015թ. խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո մեր կողմից ընդունված ընտրական օրենսգիրքը առավելագույնս համապատասխանի մեր երկրի հաստատված վարկանիշին և օգնի, որպեսզի ճիշտ ձևով կարողանանք օգտագործել ընձեռված հնարավորությունը՚,- ասաց  Աշոտ Ղուլյանը։  

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ