[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի հարցերի թվում լսվեց քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդումը։ Այն ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը։
Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են  777403,8 հազ. դրամ։ Ընդ որում 31,2%-ը կազմել են սեփական եկամուտները,  պլանավորված  276958 հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 242643,8 հազ. դրամ (կատարողականը կազմում է 87,6%)։
Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 61921,7 հազ. դրամ, հողի հարկից հանձվող մուտքերը՝ 5906,4 հազ. դրամ։
Փոխադրամամիջոցներից մուտքագրվել է 75184,1 հազ. դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորվածի 84,4%-ը։ Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 48472,5 հազ. դրամ, կամ նախատեսված պլանը կատարվել է 122,6%-ով։ Պետական տուրքերի  մասով կատարողականը կազմել է 90,2%։
Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 68,8%-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող դոտացիան և սուբվենցիան։ 2014թ. 9 ամսվա բյուջեի պլանավորված դոտացիայի և սուբվենցիայի ընդհանուր գումարը կազմել է 604512,3 հազ. դրամ, որից հատկացվել է 534760 հազ. դրամ։
9 ամսվա կտրվածքով մուտքագրվել է 35226,6 հազ. դրամ՝ պլանավորված 41741 հազ. դրամի դիմաց։ Ըստ որում, կողմերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները կազմել են 4121,9 հազ. դրամ։ Գույքի վարձակալությունից 3350 հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 4160,5 հազ. դրամ, ինչը կազմում է պլանավորվածի 124,2%-ը։ Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 137,8%, վարչական գանձումներից  ապահովված մուտքերը՝ 19557,2 հազ. դրամ, կամ նախատեսված պլանը կատարվել է շուրջ 120%-ով։
Նշվեց, որ դրա հետ մեկտեղ տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են ընդամենը 2592,9 հազ. դրամ՝ 6700 հազ. դրամի դիմաց։
Քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 788576,5 հազ. դրամի չափով, որը կազմում է նախատեսվածի 88,3%-ը։
Անդրադառնալով բյուջեի 9 ամսվա կատարողականին առնչվող  սկզբունքային մի շարք հարցերի ու  իր դժգոհությունը հայտնելով որոշ հարկատեսակների մասով գումարների հավաքագրման դանդաղ գործընթացի վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆինանսաբյուջետային բաժնի պետին և քաղաքապետարանի մյուս պատասխանատուներին հանձնարարեց մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ ու անհրաժեշտ վերլուծություն կատարել թերացումների պատճառները երևան հանելու և հարկային պարտավորություններից խուսափողներին վարչական տույժի ենթարկելու համար։ Քաղաքապետը նշեց, որ ՙսեփական եկամուտները միանշանակ պետք է ապահովվեն, քանի որ  այդ և մյուս հարկատեսակների մասով գումարների լիարժեք հավաքագրումը հնարավորություն  կընձեռի լուծում տալ քաղաքի համար կենսական հույժ կարևոր նշանակություն ունեցող  խնդիրներին՚։ Ընդհանրացնելով խոսքը, նա ավելորդ չհամարեց ևս մեկ անգամ ընդգծել. ՙՍեփական եկամուտների ապահովման  նշաձողը 100%-ից չպետք է իջնի՚։
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել համայնքի 2014թ.  9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդումը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող թվով 15 բնակարանների՝ նվիրատվության կարգով  օտարմանը, ինչի վերաբերյալ ավագանին տվեց իր համաձայնությունը՝ կարծիք հայտնելով, թե գործընթացն, այնուամենայնիվ, շատ է  երկարում ու անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հնարավորինս արագ ավարտին հասցնելու  համար։ Համաձայնելով հնչեցված կարծիքի հետ` քաղաքապետ Ս. Գրիգորյանը բնակարանային, կոմունալ տնտեսության և բնակապահովման բաժնի պետին հանձնարարեց մեխանիզմներ մշակել աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ու մինչև գալիք տարվա դեկտեմբեր ավարտել բնակարանների սեփականաշնորհման ողջ գործընթացը։
Ուժը կորցրած ճանաչելով նախկինում ընդունած որոշումը, ավագանին իր համաձայնությունը հայտնեց Համլետ Դավթյանին ՙԱկադեմիկոս Թախթաջյանի անվան  բուսաբանական այգի՚ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն  նշանակելու մասին որոշմանը։  Ավագանու մեկ այլ որոշմամբ  հաստատվեց ընկերության կառուցվածքը։ 
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի
մամուլի քարտուղար