[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

 23d_anniversary_NKR.jpgՀոկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ: Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հաջորդ հանդիպումը կայացել է Բրյուսելում գործող փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին եւ այդ համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին: Աշոտ Ղուլյանը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը Բրյուսելում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մարիամ Մագթաղինացի հայկական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանում հանդիպել է Եվրոպայի Ազատ դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենի եւ նույն կուսակցության քաղաքական հարցերով խորհրդատու Եվա Բիդանիայի հետ: Զրուցակիցները քննարկել են Արցախի քաղաքական համակարգի հետ Եվրոպայի Ազատ դաշինքի համագործակցության հնարավոր տարբերակներն ու հեռանկարները:
Նույն օրվա երեկոյան Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում եւ ընդունելություն՝ նվիրված ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Յաննակիս Օմիրուն, Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ և Բրյուսելում տեղակայված միջազգային այլ կառույցների պատասխանատուներ:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է ԼՂՀ հռչակումից ի վեր հանրապետության ունեցած ձեռքբերումներն ու ներկայիս խնդիրները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը եւ եվրոպական կառույցների հետ համագործակցելու հնարավորությունները:
Երեկոյին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով ողջունել է ԼՂՀ անկախության հերթական տարեդարձը եւ հայտարարել Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես են եկել նաեւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Բենիլյուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին:
* * *
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր (Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի  (Եվրոպայի ազատ դաշինք  (կանաչներ խմբակցության փոխնախագահ)  հետ: 
 
Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։
Օրվա երկրոդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու ներքո գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերին:
Այսքանով եզրափակվել է ԼՂՀ ԱԺ նախագահի Բելգիայի Թագավորություն կատարած այցելության ծրագիրը։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն