[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ

241014TonashenShahenMeghryan__Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու "Արցախի հերոս" բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է "Ոսկե արծիվ" շքանշան: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:
Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգեւներ է հանձնել նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: "Արիության համար" մեդալով պարգեւատրվել է երկու հոգի, "Մարտական ծառայություն" մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու: 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ