Logo
Print this page

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

handipum.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ։ 
Վարչապետը ողջունել է նման ձևաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը և կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել։ 
Մայրություն՚ ՀԿ նախագահ Հ. Միքայելյանը, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, ներկայացրել է հանրապետության սոցիալական որոշ խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած մտահոգությունները և դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ արել։ Նա՝ համախոհների անունից պատրաստակամություն է հայտնել առավել ակտիվորեն ներգրավվել պետական ծրագրերի իրագործման և երկրի հասարակական կյանքի աշխուժացման գործում։ 
Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, վարչապետը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես սոցիալական ծրագրերին։ Ա. Հարությունյանի համոզմամբ՝ տնտեսական աճով են պայմանավորված երկրի սոցիալական երաշխիքները և տարբեր նախագծերի իրագործումը։ 
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել է, որ կցանկանար դրանք առավել տեսանելի լինեին կրթության և առողջապահության համակարգերում։ Նա պատասխանել է կազմակերպության ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին։
Հանդիպման ավարտին վարչապետը մեկ անգամ ևս կարևորել է հայ կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական կյանքում և այդ համատեքստում ողջունել կազմակերպության գործելաոճը պետականաշինության, հասարակական դաշտի կայացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում։
 
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՏԻՄ-ԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
24104.JPGԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից։
 
Դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն։ Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին և հույս հայտնել, որ այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերվելիք գիտելիքներն օգնելու են նրանց՝ տեղական մարմիններում կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, ինչը հանգեցնելու է Արցախում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանը։ 
Վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին ամենօրյա աշխատանքում հաճախակի հանդիպող խնդիրները համարձակ կերպով վերհանել՝ միասին լուծումներ փնտրելու համար։ Քննադատելով շրջվարչակազմերի աշխատակիցների՝ երբեմն հանդիպող մոտեցումները քաղաքացիներին ծառայելու ընթացքում՝ նա պահանջել է բարեխիղճ լինել աշխատանքում, համբերատար ու անմիջական՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ։ Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ մասնակիցների կողմից նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման և ամրապնդման արդյունքում շատ հարցեր կլուծվեն տեղերում, և քաղաքացիների մոտ կմեծանա վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։
Մեկուկես օր տևողությամբ դասընթացի ժամանակ շրջվարչակազմերի պատասխանատու աշխատակիցներին կներկայացվեն դասախոսություններ՝ ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության, գործավարության, տեղական եկամուտների հավաքագրման և ծախսման գործընթացի կատարելագործման և այլ թեմաներով։
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.