[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՊՀ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

 Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մասնակցել է բուհում տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Ստեփանակերտ ժամանած՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական պատվիրակությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ։

Վարչապետը, հյուրերի հետ միասին, նախ, ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում մասնակցել հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառման մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով, մասնավորապես, նշել է, որ երկու բուհերի միջև արդեն ձևավորվել է արդյունավետ համագործակցություն։ Ընդամենը մեկ ամիս առաջ նման հանդիպում տեղի է ունեցել Երևանում` ՀՊՏ համալսարանում, որին ներկա էր նաև ԱրՊՀ խորհրդի նախագահ, հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։ Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել փոխադարձ այցելության համար՝ ակնկալելով, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի կամրապնդվի։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է երկու բուհերի միջև ձևավորվող հարաբերությունները և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում ԱրՊՀ շրջանավարտները կարևոր դերակատարություն են ունեցել և հիմա էլ ունեն Արցախի պետականության կայացման գործում։ Անդրադառնալով բուհում տնտեսագիտության մասնագիտության հիմնադրման և կայացման ուղուն՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է հատկապես տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏ համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի դերը։ Շնորհակալություն հայտնելով Յու. Սուվարյանին Արցախի գիտակրթական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ վարչապետը նրան պարգևատրել է Արցախի Վարչապետի, իսկ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ համալսարանի ՙՈսկե խաչ՚ հուշամեդալներով։ Ֆակուլտետի կայացման ուղղությամբ ունեցած ներդրման համար ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Թավադյանն արժանացել է Վարչապետի պատվոգրի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրության համար՝ Յու. Սուվարյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տնտեսության զարգացմանն ու գերակա ուղղություններում իրականացվող քաղաքականությանը։ Նա բարձր է գնահատել տարեկան 9-10 տոկոս տնտեսական աճի ապահովումը և նշել, որ առաջիկա տարիներին նման տեմպերի պահպանումը հնարավորություն կտա մեծ առաջընթաց ապահովել Արցախի զարգացման գործում։ Տնտեսության զարգացման արդյունավետության բարձրացման համար, սակայն, Յու. Սուվարյանը մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք վերաբերում էին, մասնավորապես, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և վերամշակող արդյունաբերությանը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։
Միջոցառման ավարտին ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրմանն ու կայացմանը։