[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

NKR_Parliament.jpgՀոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց ՙԵվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։
Խորհրդարանը հաստատեց ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը։
Օրակարգային հաջորդ հարցը երկրորդ ընթերցմամբ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի՚ ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով։
ԱԺ նիստի օրակարգում էին ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը։
Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվեց գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր)։
Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն