[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ  Ստեփանակերտի քաղաքային համայնքի` ավարտվող տարվա վերջին նիստը:
Կապված Ամանորի միջոցառումների անցկացման, մայրաքաղաքի տոնական ձևավորման և նախադպրոցական տարիքի երեխաների համար նվերների ձեռքբերման հետ, ավագանին փոփոխություններ կատարեց ՙՍտեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի մասին՚ նախկինում ընդունված որոշման մեջ: 2014թ. չորրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով նիստում որոշում կայացվեց համայնքի ավագանու անդամներին  համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ:
Ավագանին իր համաձայնությունը տվեց համայնքի սեփականություն հանդիսացող թվով 7 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին որոշմանը: Անդրադառնալով խնդրահարույց հարցին՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, չհիմնավորված և անընդունելի համարելով աշխատանքների դանդաղումը, քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել` 2015 թվականին համայնքի ենթակայության տակ գտնվող բնակարանների սեփականաշնորհման գործընթացն ավարտին հասցնելու համար:
Ընդառաջելով ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի խնդրանքին՝ ավագանին որոշեց Վ. Սարգսյան փողոցի հ.25 շենքի երկրորդ հարկից 61,34քառ. մ մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ծառայությանը:
Ավագանու անդամների խնդրանքով քաղաքապետը մի շարք պարզաբանումներ արեց 2015թ. Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի նախագծի շուրջ, անդրադարձավ նոր տարում նախանշվող սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նիստում չշրջանցվեցին նաև մայրաքաղաքի առօրյա հոգսերին, ենթակառուցվածքներին, կենսապահովման խնդիրներին առնչվող հարցերը: 
Վերջում Սուրեն Գրիգորյանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ակնկալելով ակտիվ և փոխշահավետ համագործակցություն:
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի 
մամուլի քարտուղար