[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ներկա էին կառավարության բոլոր անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:
Խորհրդարանն առաջինը քննարկեց ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը, որի հիմնական ուղղությունների ու գերակայությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։ Նախարարն ան-
հրաժեշտ պարզաբանումներ տվեց նաեւ պատգամավորների բարձրացրած հարցերին՝ կապված բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարություն ուղարկված առաջարկությունների եւ ներկայիս ֆինանսական իրավիճակի ու արժութային շուկայում գրանցված տատանումների հետ:
Ազգային ժողովից բյուջեի նախագծի վերաբերյալ հարակից զեկուցումներով հանդես եկան ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ժաննա Գալստյանը:
Հավանություն տալով ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին՝ խորհրդարանը քննարկեց նաեւ բյուջեի նախագիծն ուղեկցող օրենքների նախագծեր (ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին՚ եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթը, ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ եւ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրինագծերը):
ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի համաձայն, պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով. պատգամավորներն ու քաղաքական խմբակցությունները հնարավորություն ունեն երկրորդ փուլով առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որի պատասխանների հիման վրա խորհրդարանը 2015 թվականի Արցախի գլխավոր պետական ֆինանսական փաստաթուղթը քննության կառնի հաջորդ լիագումար նիստին:
Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքը, ՙՀարկերի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ եւ հարկային օրենսդրությանը վերաբերող եւս ութ օրինագծեր, ինչպես նաեւ առաջին ընթերցմամբ ընդունվեց ՙԼՂՀ 2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին՚ օրենքը:
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն