[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որին ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրել է բյուջետային՝ օրենսդիր-գործադիր քննարկումների երկրորդ փուլով գրանցված առաջարկություններն ու պատասխանները, խորհրդարանի հաստատմանը ներկայացնելով ՙԼՂՀ 2015թվականի պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի վերջնական տարբերակը (եկամուտներ՝ 83246,3մլն դրամ, ծախսեր՝ 88127,6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4881,3 մլն դրամ):
Վարչապետ Արա Հարությունյանն եզրափակիչ ելույթում ներկայացնելով պետական բյուջեով նախատեսվող հիմնական ծրագրային ուղղություններն ու գերակայությունները՝ ընդգծել է, որ 2015 թվականը կլինի սոցիալական աջակցման տարի։
Այնուհետեւ լսվել են Ազգային ժողովի՝ ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի, ՙԴաշնակցություն՚, ՙԺողովրդավարություն՚ եւ ՙՀայրենիք՚ պատգամավորական խմբակցությունների տեսակետները գալիք տարվա պետական ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ:
Խորհրդարանը նախ ընդունեց ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծն ուղեկցող՝ ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին՚ եւ դրա հետ կապված օրենքների փաթեթը, ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ինչպես նաեւ ՙԼՂՀ բյուջետային համակարգի մասին՚ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքները, ապա 29 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին՚ օրենքը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՕրգանական գյուղատնտեսության մասին՚ օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին՚ օրենքը։
Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքները՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն