[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների՝ ծառայության պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ։

Վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ծառայության աշխատանքը պետական բյուջեի մուտքագրումն ապահովելու, պետական կարևորագույն ծրագրերն իրականացնելու և հանրապետության տնտեսության զարգացման գործում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետական բյուջեի մուտքերը վարվող տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ։ Ա. Հարությունյանի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ հավաքագրվող յուրաքանչյուր լումա ծախսվում է անհրաժեշտ ծրագրերի կյանքի կոչման համար և, որ յուրաքանչյուր հարկատու իր ներդրումն ունի մեր պետության շինարարության գործում։ Վարչապետը հորդորել է նույն տեմպերով շարունակել աշխատանքը՝ կարևորելով հարկատուների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-դասընթացների և հանդիպումների նշանակությունը։
Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ոլորտում ունեցած ավանդի և հարկային բնագավառում երկարամյա ծառայության համար մի խումբ աշխատակիցների կառավարության ղեկավարը պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով։
Արտակ Բալայանն իր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ու անմիջական հանդիպման համար և վստահեցրել, որ հետագա աշխատանքով էլ ավելի կամրապնդեն վստահությունն իրենց կառույցի նկատմամբ։
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ գալիք ամանորյա տոների առթիվ և նրանց մաղթել նոր հաջողություններ։ 
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի 
տեղեկատվության և հասարակայնության հետ 
կապերի բաժին