[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

  IMG_1038.jpgՍիրելի  հայրենակիցնե՜ր,

Ձեզ  ենք  բերում  աշխարհի մեծագույն  բարի  Ավետիսը համայն  մարդկության համար:
Աստված որոշեց  մարդ  դառնալ, որպեսզի  մարդը  դառնա Աստվածամարդ,  դրանով  իսկ  լուծվի  նախահայր  Ադամի  առաքելությունն  ըստ  Աստծո  նախախնամության ծրագրի, բայց  մեր նախահայրը, դեռ  դրախտում  ունենալով   կատարյալ  վիճակ  և  անմահության  կարողություն,  մեղք գործեց և դարձավ  մահկանացու  մարմնապես, ինչպես  նաև  նախամայր  Եվան: 
Բայց  Ամենակալ  Տերը  գտավ  մաքրամաքուր  մի  անոթ՝  Սուրբ  Կույս Մարիամ Աստվածածնին,  որն էլ  Սուրբ  Հոգու  շնորհքներով հղիացավ   և  մարդկային  մարմին  տվեց Աստծուն՝ Աստծո  Որդուն,  Տեր Հիսուս  Քրիստոսին:
Եվ  այսպիսով  հրաշք տեղի  ունեցավ, Աստված  մարդացավ, որպեսզի  մարդն էլ  կարողանա  Աստվածամարդ  դառնա:
Այս  հրաշապատումը մանրամասնորեն  նկարագրված է  Սուրբ  Ավետարանի մեջ, թե ինչպես  Բուն Արևելքից  երեք  իմաստուններ՝ Մելքիսեդեկը, Բաղդասարն  ու Գասպարը,  երկնքի  աստղին  հետևելով,  գալիս  են  իրենց  նվերներով,  գտնում  ու  երկրպագում  են  Մանուկ  Հիսուսին  Բեթլեհեմի մոտակայքի  մսուրում`  գառնուկների  մեջ: Մոտակայքում  գտնվող  հովիվները, տեսնելով  երկնքի  հրեշտակներին  և  լսելով  նրանց փառաբանական երգը, իրենք էլ իրենց հերթին գալիս  և  երկրպագում  են   Մանուկ  Հիսուսին:
Այս  տարի  Վեհափառ  Հայրապետի՝ Գարեգին  Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ հռչակված է նռան տարի:
Նուռը ամենահաճախ օգտագործվող հայկական զարդանշանն է, որը խորհրդանշում է միաբանություն, արյուն, կյանքի խորհրդանիշ, ինչպես նաև խորհրդանշում է Քրիստոսի թափված արյունը՝ որպես փրկագին համայն մարդկության փրկության համար: Խորհրդանշում է նաև 1915թ. մոտ երկու միլիոն հայ նահատակների թափված արյունը:
Արդեն հարյուր տարի է անցնում ցեղասպանության օրերից, և մենք սպասելիքներ ունենք այս աշխարհի գերտերություններից՝ ցեղասպանության ճանաչման հարցում, և որպես առաջին քրիստոնյա ազգ` սպասելիքներ ունենք նաև Աստծուց՝ ճշմարիտ խաղաղություն բերող աշխարհին Մանուկ Հիսուսից:
Այսօր աշխարհը նորից ալեկոծված է, կան բազմաթիվ  ֆինանսատնտեսական խնդիրներ, զանազան վտանգավոր մարտահրավերներ:
Մենք այս նոր տարվա մեջ խստագույնս պարտավոր ենք միաբան լինել, լարելով մեր ամբողջական ներուժը` զորացնելու մեր Հայրենիքն ու Ազգը, ապահովելով մեր խաղաղությունն ու անվտանգությունը: 
Ես Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և աղոթում  առ Աստված, որ Ամենակալ Տերը խաղաղություն բերի համայն աշխարհիս, մեր  ազգին էլ՝ սեր ու միաբանություն, բերելով Ձեզ աշխարհի մեծագույն խաղաղության, սիրո ու փրկության Ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
Սուրբ Ծննդյան բարի մաղթանքներով և օրհնությամբ՝
 
Արցախի  թեմի  առաջնորդ
Պարգև Արքեպիսկոպոս  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ