[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

A.Harutyunyan.jpgՍիրելի հայրենակիցնե՜ր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք։ Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը և նորի սպասումը։ Ա՜րդ, թո՜ղ անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին։
2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն։ Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թևածել խաղաղությունը՝ շնորհիվ  մեր զինվորի ամրության։ Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված՝ շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա։ 
2015 թվականին ևս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը։ Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման և անվտանգության վրա։ Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում։
Սիրելի բարեկամնե՜ր,
ընդունե՜ք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ տարեմուտի և Սուրբ Ծննդի առթիվ։ Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թո՜ղ անպակաս լինեն՚։