[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

720324.jpgԹանկագին հայրենակիցնե՜ր,
Ավարտին է մոտենում 2014 թվականը։ Այն մեր ժողովրդի համար հարուստ էր ինչպես հաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպես էլ  բարդություններով ու դժվարություններով։ Ամենակարեւորը՝ մեզ հաջողվել է խաղաղություն ու կայունություն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում։
Անցնող տարվա ընթացքում հակառակորդն ակտիվ փորձեր է ձեռնարկել սահմանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ՝ դիմելով ամենաստոր քայլերի ու միջոցների։ Սակայն մեր հերոսական բանակը կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները եւ, արժանի հակահարված հասցնելով նրան, հետ շպրտել իր ելման դիրքերը՝ հերթական անգամ ցույց տալով մեր ուժը, վճռականությունն ու պատրաստականությունը։ Դժբախտաբար, մենք ունեցանք ծանր ու անդառնալի կորուստներ։ Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջորդիները։ Հավե՛րժ փառք ու պատիվ նրանց։ 
Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր երկրի վրա, հատկապես տնտեսական դաշտում։ Սակայն պետք է նշեմ, որ այս բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեզ հաջողվել է ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։ 
Մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքի, իմաստնության ու լավատեսության, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ Արցախը շարունակում է հաստատուն քայլերով առաջ ընթանալ իր ընտրած ճանապարհով՝ մշտապես զգալով Հայաստանի եւ Սփյուռքի գործուն աջակցությունը։ Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային հիմքերից մեկը։
2014 թվականին մեր հանրապետությունում շարունակվել են աշխատանքները ռազմավարական ծրագրերի իրականացման, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման  ուղղությամբ, նոր որակ է ստացել Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, ստեղծվել են մի շարք կարեւոր ենթակառուցվածքներ, շահագործման հանձնվել բազմաթիվ օբյեկտներ։ 
Գալիք տարում նույնպես մեզ սպասվում են լուրջ աշխատանքներ ու անելիքներ։ 2015-ին ողջ հայությունը կհիշատակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը հայ ժողովրդի եւ համայն մարդկության պատմության ամենաողբերգական ու սարսափելի էջերից է։ Կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը։ Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում հերոսաբար մարտնչել են հարյուր հազարավոր հայեր, ովքեր իրենց խիզախությամբ ու սխրանքով կանխել են նոր ցեղասպանության իրագործումը։ 
Պատմական այս դասերը, ինչպես նաեւ մեր նորագույն պատմության փառավոր էջերը մեկ անգամ եւս ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. խաղաղության, կայունության, անվտանգ ու բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր, անկախ պետականությունն է եւ նրա մարտունակ բանակը։ Մենք շարունակելու ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր պաշտպանունակության ամրապնդման, քաղաքացիների կենսապայմանների բարելավման եւ բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Սիրելի բարեկամնե՜ր,
 Այս տոնական օրը նախեւառաջ ուզում եմ շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Ուզում եմ շնորհավորել հայրենիքի սահմաններն ու հարազատ ժողովրդի անդորրը հսկող մեր զինվորներին, Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի եւ անփորձանք ծառայություն։
Շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի արցախցինե՜ր, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախի բոլոր բարեկամներին՝ այս պայծառ ու հրաշալի տոների կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ։ Թող ձեր օջախներում միշտ լինեն ուրախություն եւ համերաշխություն, սեր ու երջանկություն։ 
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
 
ք. Ստեփանակերտ, 
31 դեկտեմբերի 2014թ.