[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

        3744.jpg Սիրելի  հայրենակիցներ, Սուրբ Հարության տոնը մեզ համար մեծագույն, լուսավոր  ու ամենապայծառ  տոնն է:
Եկեղեցու հայրերն ասում են. ՙՔրիստոս Իր մահվամբ մահը ոտնակոխ  արեց  և մեզ բոլորիս  հավիտենական կյանք պարգևեց՚:
Դա էր միակ փրկագինը,  Ճշմարիտ Մատաղը՝ մեզ ազատելու մահվան ճիրաններից,  քանզի մեր նախահայր Ադամը, Աստծո միակ պատվիրանը խախտելու  հետևանքով,  դարձավ մարմնապես  մահկանացու,  և  ողջ մարդկությունը  ցայսօր  էլ ծնվում է ադամական մեղքով, այսինքն՝ մենք բոլորս ժառանգություն ստացանք  մարմնական մահը: Միայն Սուրբ Մկրտությունն է,  որ անհատին  ազատում է ադամական մեղքից: 
          Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Աստված, Աստծո որդին ստիպված  եղավ  երկնքից իջնել, մարդկային մարմին ստանձնել,  ապրել  որպես մարդ  և, դառնալով  երեսուն տարեկան,  եկավ Հորդանան գետ և Սուրբ Հովհաննես  Մկրտչի ձեռքով  ստացավ  մկրտությունը՝ օրինակ ծառայելով  ողջ մարդկությանը:
Երեսուներեք  տարեկան հասակում,  չգործելով ոչ մի մեղք և ոչ մի սխալ,  կամավոր կերպով  Խաչ բարձրացավ՝  գնաց դեպի չարչարանք  ու  մահ:   Դրանով իսկ Նա ողջ մարդկության  մեղքերը  քավեց  Իր Աստվածային թափված  արյամբ:
Խաչելությունից  3 օր անց  Հիսուս Քրիստոս Իր մարմնին փառավոր Հարություն տվեց՝ մարդկային մարմինը դարձնելով  հավիտենական:
Մարդկությանը  Նա վերադարձրեց  ադամական դրախտային  վիճակը, որ կար մինչև մեղք գործելը:  Չէ որ Ադամը  կոչված էր հավիտենական կյանքի համար:  Նա, Աստվածային ծրագրի համաձայն,  պիտի դառնար  Աստվածամարդ,  բայց, ավաղ, մեկ մեղքի հետևանքով  դարձավ ընդհամենը մահկանցու: 
Մենք,  սիրելիներս, Ձեզ հետ միասին դավանում  ենք  միակ  ու ամենաճշմարիտ հավատքը՝  Քրիստոնեությունը:
Բոլոր կրոնները  խոսում են հոգու փրկության մասին՝ չհիշելով իսկ, որ մարդ արարածը և՜ հոգեղեն, և՜ մարմնեղեն  էակ է, ուրեմն պետք է  փրկել մարդու ամբողջականությունը՝ և՜  հոգին, և՜ մարմինը:
Այս հարցը դնում է քրիստոնեությունը  և լուծում այն՝  ի տարբերություն աշխարհի բոլոր կրոններից:  Եվ մենք բոլորս  այդ հավատքի կրողն  ենք:
Այս  տարի մեզ համար խորհրդավոր տարի է. մենք  ազգովի հիշատակելու  ենք  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:  
         Հայ Առաքելական Եկեղեցին  ապրիլ 23-ին  սրբադասման արարողություն է կատարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ցեղասպանության  զոհերը  կարգվելու  են սուրբ նահատակներ:
Հայոց ցեղասպանության բոլոր  զոհերը, դաժան մահվամբ անցնելով,  դարձան հավիտենականության բաժին, Երկնային Արքայության  քաղաքացիներ.   դա էլ յուրահատուկ  Հարություն է:
        Այսուհետ մենք պիտի գիտակցենք, որ ապրիլի 24-ը լոկ սգո օր չէ. այն մեզ համար դառնում է հարության, վերածննդի ելակետ, մեր ազգի համար միաբանության և պահանջատիրության խորհրդանիշ՝ ընդդեմ աշխարհի բոլոր ոճրագործությունների:
         Մենք ձեզ հետ բոլորս 301 թվականից կոչված ենք լինելու հարության մարտիկներ:
Ահա թե ինչու Սուրբ Հարության տոնը  այս տարի  մեզ համար  դիտվում է, որպես կրկնակի  ու ավելի զորեղ:
 
                           
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍՈՎ ԵՒ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`
ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ