Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՒՂՂՎԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ

1_Glxavor.jpgՄայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ։ 
Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով։ 
Նիստում գործադիր մարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների  չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի  կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը։
Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթը վերապահվում է հարկային մարմիններին։ Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելու համար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդ եռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին։ Վերադարձվող գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին։ Այս կարգը տարածվում է նաև համասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա։
Կառավարության կողմից  սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին։ Նոր կարգով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջև տեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Անդրադառնալով այս որոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայի զարգացումը, մանավանդ որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման։
Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է  պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը։ 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու համար։
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Մասնավորապես, պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների  կիրառումը և բացառիկ սուբյեկտիվ մոտեցումները։
Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները, մատչելիությունն ու  որակը։ Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության  բարձրագույն  ուսումնական  հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը։ Կառավարությունը հաստատել է նաև ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։
Նիստում քննարկում է ծավալվել   միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ։ Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը։ Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով։
Նիստում հաստատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապի անընդհատ մատակարարում պահանջող սպառողների ցանկերը։
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը։ Ըստ դրա՝ ֆինանսական միջոցներ կտրվեն Արցախում ավանդական դարձած, մասսայականություն վայելող  և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած  ֆեդերացիաներին։
Գործադիրը հաստատել է Քաշաթաղի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որում ընդգրկել է 335 հուշարձան։ Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը, որով բոլոր սուբյեկտների համար հաշվառում իրականացնելը դարձել է պարտադիր։ Կարգով հստակեցվել է  զբոսաշրջային գործունեությամբ զբաղվողների  տարբերազատումը, ինչպես նաև՝ օրենքի կատարման վերաբերյալ վերահսկողության մեխանիզմները։
Կառավարությունը սահմանել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դրամական գնահատման կարգը։ Գնահատումն իրականացվելու է հուշարձանի քաղաքաշինական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, հնագիտական առանձնահատկություններից, գտնվելու վայրից, տարածքից և այլ հատկանիշներից ելնելով։
Նիստում հավանության է արժանացել 2015թ. մարդահամարի ծրագիրը, որով առաջարկվում է հաստատել նաև մարդահամարի անցկացման համար նախատեսված հարցաթերթի նմուշը։
Կառավարության հավանությանն է արժանացել  ՙՙԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը։ Նշված փոփոխության մասին անհրաժեշտությունը ծագել է Շահումյանի շրջանի 16 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքների իրականացման ընթացքում։ Փոփոխության արդյունքում ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերի  օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով  տրամադրման կարգ սահմանելու լիազորությունները կհաստատվեն օրենքով և կստանան իրավական ձևակերպումներ։
Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջարկով՝ գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, ՙԳույքահարկի մասին՚ ԼՂՀ օրենքում արտոնություն սահմանել փոստային կապի ազգային օպերատորի և սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամների համար, օրենքով հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող  երեք տարվա վաղեմության ժամկետը չտարածել գույքահարկի և հողի հարկի մասով, ինչպես նաև՝ գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունների ներկայացման ու վճարումների կատարման ժամանակաշրջան սահմանել կիսամյակը՝ ներկայիս եռամսյակի փոխարեն։ Վերջինս նախատեսված է նաև գործարար միջավայրի բարելավման ծրագրով։
Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը։
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 
և հասարակայնության հետ 
կապերի բաժին