ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ

Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 տոննա բերք, միջին բերքատվության ցուցանիշը կազմել է 28,6 ցենտներ։ Նախարարի տեղեկացմամբ՝ գյուղտեխնիկայի խնդիր չկա, ներկայումս դաշտերում աշխատում է 74 կոմբայն։
Վարչապետը դրական է գնահատել բերքահավաքի նախնական ցուցանիշներն ու կատարվող աշխատանքը։ Նա նշել է, որ առաջիկայում հանրապետություն կներկրվի գերմանական արտադրության ևս 10 կոմբայն, որոնք, ըստ առաջնահերթության, լիզինգային եղանակով կտրամադրվեն հողօգտագործողներին։
Անդրադառնալով գարու մթերման գնին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. ՙՉնայած Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից 105 դրամով գարու բերքի իրացում է կազմակերպվում, այդուհանդերձ, դեպքեր են արձանագրվել, երբ որոշ անհատներ ավելի ցածր գնով են գարին մթերում։ Որպեսզի հողօգտագործողները չտուժեն, պետք է կանխել նման երևույթները, անհրաժեշտ է առավելագույնս տեղյակ պահել բոլորին կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աջակցության ծրագրերի մասին՚։
Շրջվարչակազմերի ղեկավաների կողմից հարց է բարձրացվել հնձի աշխատանքների կազմակերպման հետ կապված՝ հողամշակների ֆինանսական խնդիրների վերաբերյալ, ինչի առնչությամբ վարչապետը հանձնարարել է ԳԳԱ հիմնադրամին՝ կանխավճարի տեսքով ֆինանսական միջոցներ հատկացնել նրանց տրամադրելու համար։
Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ հնձի և ցանքսի կազմակերպման, հրդեհների կանխման և մարման ուղղությամբ։
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին