[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2015-2017թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ԱԺ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆ

1_Glxavor.jpgՀունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել գործադիր մարմնի 2015-2017թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի նորընտիր ԱԺ-ի քննարկմանը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, իր խոսքում շեշտել է, որ այն մշակվել է պետական կառավարման մարմինների՝ ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներով և հաշվի առնելով նորընտիր Ազգային ժողովում ներկայացված  կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները։ Առաջարկվող ծրագրով կառավարությունը նախատեսում է շարունակել իր աշխատանքը՝ ուղղված հնգամյա գործունեության համար հռչակած հետևյալ 4 գերակայությունների իրագործմանը.
1. Տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում.
2. Առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում.
3. Արցախի  պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում.
4. ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում։
ՙՀաշվի առնելով ներկա իրողությունները, երկրի ներքին և արտաքին միջավայրի զարգացումներն ու մարտահրավերները՝ կառավարությունը, որոշակի ճշգրտում մտցնելով գործունեությունից ակնկալվող նախանշված արդյունքներում, ծրագրել է առաջիկա երեք տարվա գործունեության մի շարք արդյունքներ՚,- հավելել է Լ. Գրիգորյանը՝ ներկայացնելով դրանցից որոշները։
Ա. Հարությունյանն իր խոսքում նշել է. ՙԿառավարության ծրագիրը, որը սկիզբ է առել  2007 թվականին և որոշակի չափով փոփոխվել  2012-ին, ԱԺ-ի առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացվելու առանց արմատական փոփոխության՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը կառավարության վստահության հարցում։ Այդ ծրագրով է գործադիրն առաջնորդվելու  մինչև 2017 թվականը՝ ապահովելով սկսված աշխատանքների շարունակականությունը՚։
Աժ կներկայացվեն նաև  ՙՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՙՀանրային ծառայության մասին՚  ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚ օրենքների  նախագծերի փաթեթը, որն արժանացել է նիստի մասնակիցների հավանությանը։ Նախագծերի ընդունմամբ կսահմանվի  Ազգային ժողովի՝ արդեն  մշտական հիմունքներով գործող պատգամավորների վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը։ Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև ՙՀանրային ծառայության մասին՚ օրենքում նոր՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի ավելացմամբ, ինչպես նաև այդ պաշտոնի համար վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի նախատեսման նպատակով։
ՙՙԱռևտրի և ծառայությունների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ և ՙՙԱռևտրի և ծառայությունների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող տնտեսավարող սուբյեկտներին  թույլատրել մինչև  ապրանքները իրացնելու վերջնաժամկետը լրանալը դրոշմավորել իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները։ 
Միաժամանակ առաջարկվում է մինչև սեպտեմբերի 30-ը երկարացնել առանց դրոշմավորման որոշ ապրանքներ երկրորդային շուկայում իրացնելու թույլատրելի ժամկետը։
ՙՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ստաժի հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվելու է աշխատանքային ստաժում, եթե անձը վճարել է եկամտային հարկ։ Առաջարկվող փոփոխությունը տարածվում է նաև 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Կառավարության որոշմամբ՝ ՙՊետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին՚ օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում, անձին տրվող ամենամսյա դրամական օգնության վճարումը դադարեցվում է՝ կենսաթոշակի նշանակման պահից:
2012-2017 թվականների գործունեության ծրագրի իրականացման անհրաժեշտությունից  ելնելով՝ կառավարությունը մեկնարկում է նոր ծրագիր, որի համաձայն  հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, տրամադրվելու է անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում։  Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տներով ապահովմանը։
ՙԱյս ծրագրով կյանքի ենք կոչում Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը։ Սրանով նպատակ ունենք վերացնել հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետական բյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար։ Բացի դրանից, գյուղերում խթանելու ենք բնակարանաշինությունը՝ այդ կերպ լուծելով գյուղի ամրացման ռազմավարական հարցը՚,- նշել է Արայիկ Հարությունյանը և պահանջել շահառուների շրջանում բացատրական աշխատանք տանել՝ հեշտացնելու համար ընթացակարգը։
Վարչապետի խոսքով՝ շինարարությունը պետք է վերահսկվի, որպեսզի այն իրականացվի համապատասխան չափորոշիչներով և սեյսմակայունության ապահովման ու տեղանքի ճիշտ ընտրության պայմաններում։ Նա հորդորել է, որ բոլոր այս ծառայությունները մատուցվեն պետության կողմից անվճար, որպեսզի ցուցաբերվող օգնությունն արդյունավետ լինի։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ծրագիրը կվերանայվի՝ ընթացքում առաջացող խնդիրները լուծելու  նպատակով։
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի 
տեղեկատվության և հասարակայնության հետ 
կապերի բաժին