[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ազգային ժողովի նոյեմբերի 26-ի լիագումար նիստի օրակարգով, համաձայն ՙԱԺ կանոնակարգ՚ օրենքի, նախատեսված էր օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։

Կառավարությունը խորհրդարան ներկայացավ սովորական ժամին, բայց՝ ոչ լրիվ կազմով. հանրապետության վարչապետն ու փոխվարչապետը գործուղման մեջ էին ։ Պատգամավոր Գագիկ Բաղունցը հիշեցրեց մեկ ամիս առաջ գործադիրի կողմից խորհրդարան ներկայացված՝ 2016-2018թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին, որում 2016-ի համար նախատեսված էին սոցիալական ուղղվածության ծախսեր, մասնավորապես աշխատավարձերի բարձրացում հուլիսի 1-ից։ Սակայն պաշտոնական մակարդակով հնչեցված վերջին հայտարարությունները վկայում են, որ բարձրացում չի լինելու։ Ի՞նչ փոփոխություններով է դա պայմանավորված, հարցրեց պատգամավորը։ ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանի իրազեկմամբ՝ աշխատավարձերի բարձրացում ո՜չ միջնաժամկետ ծրագրով, ո՜չ էլ նոր ներկայացվող բյուջեի նախագծով չի նախատեսվել. նվազագույն աշխատավարձի մասին էր խոսքը, որը միջնաժամկետով 55 հազարի փոխարեն նշվել էր 60 հազար, բայց այժմ 55 հազարը պահպանվում է։ Համաձայն պայմանավորվածության՝ երկու հայկական պետությունների տարածքներում պետք է գործի նույն նվազագույն շեմը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում նույնպես միջնաժամկետով նախատեսել էին 60 հազար դրամ, բայց բյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսվել է 55 հազարի մասին։ Մեզ մոտ պահպանվում է այն շեմը, որն ընդունված է Հայաստանում։ Պատճառաբանությունները շատ են, ասաց նախարարը, հաշվի են առնվում առկա հնարավորությունները։ Պատգամավոր Հայկ Խանումյանի հարցը վերաբերում էր պետբյուջեի իննամսյա կատարողականին. հիմնական հարկատեսակների գծով գերակատարումներ են եղել, և հարկային մուտքերն աճել են 1,5 միլիարդ դրամով։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված դեֆիցիտը փոխառություններով ծածկելու պրակտիկան, և առևտրային բանկերից մեր վերցրած պարտքերը հետագա տարիների պետբյուջեի վրա լուրջ ծանրաբեռնվածություն չե՞ն առաջացնելու՝ տոկոսների և մայր գումարի մարման առումով։ Պատասխանելով հարցին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ դեֆիցիտը չի փոխվել, բյուջեում ընդունվածն է, իսկ փոխառությունները նախորդ տարիներին ներգրավված միջոցներն են։ Նրա պարզաբանմամբ՝ որպեսզի այդ միջոցները փակվեն և միաժամանակ մեր ծախսերն իրականացվեն, բյուջեն ներկայացնելիս ասվել է, որ անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ միջոցներ, քանի որ այդպես հնարավոր կլինի բյուջեի ծախսերն իրականացնել ու նաև այդ փոխառությունները մարել։ ՙՈւղղակի ես ինն ամսվա պետբյուջեի կատարման տեղեկատվությունը ներկայացնելիս չասացի, որ այդ ժամանակաընթացքում մարել ենք 21 միլիարդ դրամը, իսկ փոխառությունը 16 միլիարդ էր՚, հավելեց Ս. Թևոսյանը, նշելով, որ կառավարությունն աստիճանաբար իջեցնում է այդ փոխառությունների չափը։ Հարկերն այնքան չեն գերակատարվել, որ գործադիրը կարողանար և՜ դեֆիցիտը փակել, և՜ ներգրավված միջոցները՝ վարկերը վերադարձնել։ Նախարարն իր հերթին հաստատեց, որ դա, իրոք, բյուջեի վրա բեռ է, բայց բեռ է բյուջեի ներկայիս ծավալը. մեր սեփական եկամուտներն ու միջպետական վարկն ամբողջությամբ չեն բավարարում՝ պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար (խոսքը 2015թ. մասին է)։ 2016-ի բյուջեն եկամուտներով ու ծախսերով իրականացնելու համար անհրաժեշտ է գումարներ ներգրավել, բացի այդ, պետք է մարվեն որոշակի պայմանագրային պարտավորությունների դիմաց վերցված վարկերը։ Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքը խմելու ջրով ապահովելու խնդրին անդրադարձավ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը։ Վկայակոչելով Միջնավանի քաղաքապետին՝ պատգամավորն ասաց, որ նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են, արտեզյան ջրհորը փորված է, մնում է պոմպակայանի և ջրախողովակների անցկացման խնդիրը։ Նրան հետաքրքրում էր, թե 2016-ի պետբյուջեով նախատեսվա՞ծ են, արդյոք, այդ աշխատանքները. բնակլիմայական պայմանների հետ կապված՝ Միջնավանն ամռան ամիսներին լուրջ դժվարությունների առաջ է կանգնում։ Պատգամավորի երկրորդ հարցը նույն շրջանի Որոտան քաղաքային համայնքին էր վերաբերում, որը վերջերս է ձևավորվել, և բավականին աճ է արձանագրել։ Նախադպրոցական տարիքի մոտ 100 երեխա ունի համայնքը, ասել է թե՝ մանկապարտեզի խնդիրն առկա է։ Ըստ Որոտանի քաղաքապետարանի տեղեկությունների՝ համայնքում վերանորոգման ենթակա երկու շենք կա, մանկապարտեզի հարցը քննարկելիս կարելի է դա նկատի ունենալ։ Լ. Հովհաննիսյանի հարցերին պատասխանեց քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Միջնավան քաղաքում ջրամատակարարումը բարելավելու ուղղությամբ նախարարությունը որոշ աշխատանքներ է կատարել, բայց դա հարցի վերջնական լուծում չի նշանակում։ 2016-ին կփորձեն հարցը լուծել պահուստային ֆոնդի կամ այլ միջոցների հաշվին։ Այս պահի դրությամբ հարցը ներառված չէ 2016-ի կապիտալ ծախսերի ծրագրում, բայց բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ դրան կանդրադառնան, վստահեցրեց նախարարը։ Երկրորդ հարցին Կ. Շահրամանյանը տեղյակ չէր. ասաց, որ հանրապետությունում իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ՝ առաջնորդվելով կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացրած պահանջներով, որոնցում հաշվի են առնվում առաջնահերթությունները։ Եթե նման խնդիր արծարծվի, նախարարությունը պատրաստ է զբաղվել դրանով. կամ նոր շենք կկառուցի, կամ էլ հինը կվերանորոգի։ Պետբյուջեով նախատեսված է որոշակի գումար՝ Արցախի գիտական կենտրոնում գիտական աշխատանքներ իրականացնելու համար, բայց ահա երկրորդ տարին է, ինչ հեղինակների առաջարկած գիտական թեմաները փորձաքննության են ուղարկվում Հայաստան։ Նախարարությունը մասնագետներ չունի՞ հարցն այստեղ լուծելու համար, թե՞ շարժվում է իներցիայով, հարցրեց Արպատ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ իրերի նման վիճակի վերաբերյալ իր կարծիքը դրական չէ։ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը նշեց, որ Գիտական կենտրոնի գործունեությունն ապահովվում է ԼՂՀ գիտության և գիտատեխնիկական զարգացման օրենքով, ինչպես նաև այդ օրենքից բխող օրենսդրական ու գերատեսչական ակտերով։ Բոլոր թեմաներին փորձագիտական եզրակացություն տալը օրենսդրությամբ վերապահված է համապատասխան նախարարությանը, ինչն իրականացվում է հանձնաժողովների միջոցով, բայց օրենսդրությունը միաժամանակ չի արգելում, որ նախարարությունը որոշ թեմաներ ուղարկի արտաքին փորձաքննության։ Ա. Սարգսյանի վկայությամբ՝ մեր հանրապետությունում կան տարբեր բնագավառների գծով գիտնականներ, ովքեր ի վիճակի են փորձագիտական եզրակացություն տալ այս կամ այն թեմային, բայց, դժբախտաբար, որոշ ենթաբնագավառներում մասնագետները կամ քիչ են, կամ էլ՝ եղածներն ընդգրկված են հենց ներկայացված գիտական աշխատանքներում։ Ըստ փոխնախարարի՝ միասնական մոտեցում ցուցաբերելու, հնարավոր բողոքները կանխելու համար գերատեսչությունը նպատակահարմար է գտել բոլոր թեմաներն ուղարկել ՀՀ գիտության պետական կոմիտե։ Այդուհանդերձ, նա համամիտ էր տեղում առանձին թեմաների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու տեսակետին։ Ռոբերտ Ղահրամանյանի հարցը վերաբերում էր ՀՀ և ԼՂՀ դատական ակտերի հարկադիր կատարման օրենքներին։ Սահմանվում է, որ կատարողական գործողություններն իրականացվում են պարտապանի բնակության կամ նրա գույքի գտնվելու վայրում։ՀՀ տարածքում վարչական ակտերով կայացված տուգանքները բռնագանձվում են ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։ Քիչ չեն դեպքերը, երբ մեր քաղաքացիները, ստանալով համապատասխան վարչական ակտը, վճարման էլեկտրոնային համակարգով կատարում են վճարումներ, և հանկարծ պարզվում է, որ իրենց անձնական գույքի և բանկային հաշիվների վրա դրված են արգելանքներ։ Անճշտություններն ի հայտ բերելու, իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով քաղաքացիները պետք է մեկնեն Երևան, դիմում գրեն ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում, կորցնեն առնվազն 2 օր։ Այդ ծախսերից խուսափելու համար մարդիկ հաճախ կրկնակի վճարում են տուգանքը, սպասում են մինչև բանկային հաշիվներից էլեկտրոնային եղանակով տվյալ տուգանքի բռնագանձման իրականացումը։ Ինչո՞ւ ԼՂՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ-ում կայացված վարչական ակտերը քննվում են Երևանի վարչական ակտերով բռնագանձման բաժնի կողմից և չեն ուղարկվում ԼՂՀ հարկադիր կատարման ծառայություն։ ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ի պատասխան հարցի՝ նշեց, որ երկու հանրապետությունների գործող օրենքներում կան էական տարբերություններ՝ կապված գործունեության ծավալների, կազմակերպական հարցերի հետ։ Բարձրացված հարցի շուրջ մտահոգությունը, նրա խոսքով, առկա է, նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնի և կիրազեկի հանրությանը։ Ալյոշա Գաբրիելյանի կողմից արծարծվեց Սարսանգի ջրերի հետագա օգտագործման խնդիրը. ոռոգման հետ կապված բավականաչափ դժվարություններ կան։ Այն տարածքները, որոնցից ստանում են մեծ քանակությամբ գյուղատնտեսական մթերքներ, մնում են անոռոգելի։ Խոսքը վերաբերում է Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններով ձգվող ոռոգման ցանցին, որը գործում էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում։ Ռազմավարական այդ խնդիրը լուծելու համար հնարավոր չէ՞ միջոցներ հայթայթել, որպեսզի Սարսանգի ջրերը մտնեն մեր դաշտերը, կառավարությունն ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ, հարցրեց պատգամավորը։ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի խոսքով՝ դա այն խնդիրն է, որը հնարավորություն չի տալիս գյուղատնտեսության մեջ լուրջ զարգացում ապահովել։ Ջրային ռեսուրսների, ոռոգման համակարգի առկայությունը շատ կարևոր է, ինքը նույնպես կարծում է, որ այդ նպատակով պետք է միջոցներ տրամադրվեն։ Նրա տեղեկացմամբ՝ համապատասխան կառույցների կողմից արված են նախագծային-նախահաշվային աշխատանքներ, այս պահին նախարարությունը փորձում է գումարներ հայթայթել՝ Մարտակերտի շրջանի և հարակից շրջանների հողերը Սարսանգի ջրերով ոռոգելու համար։ Առայժմ պետք է բավարարվել ունեցած հնարավորություններով, ասաց նախարարը, քանի որ կա խնդրի լուծման այլ՝ եղած ռեսուրսներն ավելի ռացիոնալ օգտագործելու տարբերակ։ 2016թ. պետբյուջեում նախատեսվում է որոշակի գումար, որով աջակցելու և խրախուսելու են այն հողօգտագործողներին, ովքեր կհամաձայնվեն ջուրն օգտագործել ավելի ռացիոնալ և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այդ դեպքում, նախարարի կարծիքով, մի քանի անգամ կբարձրացվեն ջրի օտագործման հնարավորություններն ու քանակները։ Պատգամավոր Վահրամ Բալայանն ուշադրություն հրավիրեց ԼՂՀ ոստիկանության՝ ընթացիկ տարվա ինն ամիսների աշխատանքի հաշվետվության վրա, որում իրազեկվում է հանցագործությունների 13,7 տոկոս աճի մասին։ Որո՞նք են դրա պատճառները։ ԼՂՀ փոխոստիկանապետ Բորիս Ենգիբարյանի պարզաբանմամբ՝ մեր օրերում իրեն ավելի շատ զգացնել է տալիս հանցագործության այն տեսակը, որը կոչվում է խարդախություն։ Դրանց թիվն ավելացել է մոտ 25-ով։ Հաճախակի գրանցվող խարդախության դեպքերը պայմանավորված են սոցիալական ընդհանուր վիճակով։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ