[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՎՊ խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր ՎՊ նախագահի տեղակալ Մայոր Դանիելյանը՝ պայմանավորված ՎՊ նախագահ Է. Ավանեսյանի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով։

Օրակարգում ընդամենը երկու հարց էր, որոնք առնչվում էին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունում և Հանրային հեռուստառադիոընկերությունում անցկացված ստուգումներին։ Առաջին հարցի քննարկման համար հրավիրվել էր գերատեսչության ղեկավար Կ. Ներսիսյանը և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ա. Ծատուրյանը։ Ստուգման վերաբերյալ զեկուցման մեջ նշվեց, որ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը պետական բյուջեից հատկացված միջոցները հիմնականում օգտագործել է գործող օրենսդրությանը համապատասխան։ Բացառությունների վերաբերյալ, որոնք մանրամասն ներկայացվեցին նիստի ժամանակ, ԱՎԾ նախագահ Կ. Ներսիսյանը մի շարք պարզաբանումներ տվեց, նշելով, որ դրանք առաջացել են առավելապես օրենսդրության մեջ գոյություն ունեցող անկատարությունների պատճառով։ ՙԳործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում՚ ծրագրով 2013 և 2014թթ. համապատասխանաբար 2 և 1 ավտոմեքենաների պահպանման ծախսերն ավելին են նորմայով սահմանվածից։ Կ. Ներսիսյանը նշեց, որ ԱՎԾ-ն վերջին 2-3 տարվա ընթացքում ակտիվացրել է իր գործունեությունը, ինչը նպատակաուղղված է եղել առավել արժանահավատ վիճակագրական տվյալների ստացմանը։ Նախկինում տվյալները ստանում էին առանց այցելությունների. եզրակացության մեջ նշված՝ մեքենաների հետ կապված ծախսերը պայմանավորված են դրանով։ Արձակուրդային վճարները սխալ են վերահաշվարկվել, որի արդյունքում 25 աշխատողից ավելորդ գումար է պահվել։ Խախտելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները, 2013-ին՝ 1300.0 հազ. և 2014-ին՝ 921,5 հազ. դրամ պարգևատրում է կատարվել։ Խոսելով այդ մասին, Կ. Ներսիսյանն ասաց, որ այս փորձը միշտ էլ կիրառվել է, և ավելի շատ՝ խնդիրն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա։ Աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին ևս պարգևատրումներ են արվել, պահվել են պայմանագրային աշխատողներ, արձակուրդում գտնվող՝ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող քաղծառայողներին փոխարինող անձանց վճարվել է աշխատավարձերի տարբերությունը։ Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումներն ու թերությունները վերացնելու, հետագայում դրանք բացառելու համար ՎՊ¬ն կառավարությանն առաջարկում է պետծառայողների՝ բացակայող աշխատողներին փոխարինելու դեպքում աշխատանքի վարձատրության հարցը ենթարկել իրավական հստակեցման՝ տարաբնույթ մեկնաբանություններն ու երկակի կիրառումը բացառելու նպատակով։ ԱՎԾ-ն պարտավորվում է հատկացված միջոցներն օգտագործել օրենսդրությամբ սահմանված կարգով, չկատարել չնախատեսված և ոչ նպատակային ծախսեր։ Երկրորդ հարցի կապակցությամբ Վերահսկիչ պալատ էին ներկայացել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մխիթարյանը, ՙԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերություն՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Ա. Ներսիսյանը, գործադիր տնօրենի տեղակալ Վ. Ստեփանյանը, խորհրդի անդամ Ա. Վանյանը։ ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վերահսկողության արդյունքներով ընկերությունը չի վերացրել նախ 2010թ. իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված մի շարք թերացումներ։ Այն է՝ չի ստեղծվել Հանրային հեռուստառադիոընկերության պետական հիմնարկը, Հիմնարկի փոխարեն պետռեգիստրում հաշվառված է Խորհուրդը և, որպես բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, հանդես է գալիս վերջինս, բացակայում է Հիմնարկի օրենք-կանոնակարգը, կանոնադրությունը, Խորհրդի կանոնակարգը։ Հեռուստատեսային և ռադիոծառայությունների ոլորտում մի շարք թերացումներ են արձանագրվել՝ կապված եթերաժամի, ծավալների, դրանց ֆինանսավորման հետ, պետպատվերի պայմանագրերում հստակ չի նշվել ծառայությունների մատուցման առարկան։ Նախատեսված և փաստացի եթեր հեռարձակված հաղորդումների ծավալների ուսումնասիրությունից պարզվել է, որ Խորհրդի կողմից հաստատված սեփական և ոչ սեփական հաղորդումների մեկ ժամվա միավորի արժեքը չունի տնտեսական հիմնավորվածություն։ ՙՎՊ¬ն գտնում է, որ բյուջեից պետական պատվերի շրջանակներում գումարների հատկացման հիմքում պետք է դրվի հատուկ նպատակ և տնտեսական հիմնավորվածություն, ինչը պետք է արտացոլվի պայմանագրերում ՝ ապահովելու համար բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը՚, նշեց զեկուցող Հ. Ապրեսյանը։ Չնայած առկա հնարավորություններին, ընկերության առանձին լրագրողների կողմից նրա տեխնիկական միջոցներով և հաշվին ստեղծված տեսանյութերի՝ այլ հեռուստաընկերությունների տրամադրման գործընթացը չի վերահսկվել։ ՎՊ¬ն սա մեկնաբանում է որպես հեղինակային բացառիկ իրավունքը չօգտագործելու փաստ, ինչը զրկում է ընկերությանը լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Գովազդային տեսահոլովակների հեռարձակման գործընթացում ընկերությունը կատարել է Խորհրդի կողմից սահմանված սակագնից զեղչ՝ առանց համապատասխան գրավոր թույլտվության կամ համաձայնության։ Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում մատուցված ծառայությունների ծավալը՝ չստացված եկամուտների գումարը կարող էր կազմել 2,433.8 հազ. դրամ։ ՎՊԸ Հանրային հեռուստաընկերության խորհրդին և ՙՀանրային հեռուստառադիոընկերության՚ ՓԲԸ-ին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ