[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ

 

 

 

 Արտգործնախարարն ամփոփեց 2015 թվականը

 Արտաքին քաղաքականությունում Արցախի առաջնահերթությունները 2015 թվականին չեն փոխվել: Փոփոփոխությունները հիմնական ուղղություններում արձանագրված արդյունքներում են եւ ավելի շատ՝ ակնկալիքներում: Կատարված աշխատանքների արդյունքների եւ հետագա ծրագրերի մասին դեկտեմբերի 25-ին խոսել է արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեվերջյան ավանդական ասուլիսի ժամանակ: Նախ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: ՙՑավով պետք է արձանագրեմ, որ այդ ուղղությամբ առաջընթաց չենք գրանցել, հակառակը, հետընթաց է նկատվում՚,- Կարեն Միրզոյանի գնահատականն է: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները չեն փոխվել. հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափում՝ Արցախի անմիջական ու լիարժեք մասնակցությամբ: 2015-ին համանախագահներն Արցախ են եկել երկու անգամ: Հանդիպումներ են եղել նաեւ Արցախից դուրս: Այն, որ այդ ջանքերն արդյունք չեն տվել՝ միայն մեկ մեղավոր ունի՝ ի դեմս Բաքվի, նկատել է տալիս Կարեն Միրզոյանը: Ստեղծված իրավիճակում համանախագահների մեղքի բաժինն էլ չի մոռանում արտգործնախարարը: Ժամանակին չեն սաստել Բաքվին՝ սահմանային միջադեպեր հրահրելու, բանակցային գործընթացը խաթարելու համար: ՙՄենք տարիներ շարունակ անհասցե հայտարարություններ եւ կոչեր ենք լսել: Դա մի կողմից իրականությունն էր խեղաթյուրում, մյուս կողմից էլ՝ Բաքվում այն պատրանքն էր ստեղծում, թե այդ ամենն իր համար անհետեւանք կմնա՚,- գնահատում է բանախոսը: Այսօր իրավիճակը որոշակիորեն փոխվում է: Արդեն նաեւ միջազգային հանրությունն է պաշտպանում շփման գծում իրավիճակը կայունացնելու հայկական կողմերի կոչերը: Ամենաթարմը ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությունն է՝ պայմաններ ապահովել սահմանային միջադեպերը հետաքննելու նպատակով: Շուտով այդ առթիվ լսումներ կլինեն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկախ այդ մասով զարգացումներից՝ արտգործնախարարը լիահույս է՝ Արցախն առկա մարտահրավերներին դիմակայելու ներուժ ունի. ՙՄեր հույսը մեր ժողովուրդն է, մեր պետությունը եւ մեր բանակը՚: Այս տրամաբանությամբ՝ 2015-ին էլ արտգործնախարարության առաջնահերթությունների թվում են եղել Արցախի փաստացի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը: Ճանաչումը Կարեն Միրզոյանը համարում է ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգության կարեւոր երաշխիք, այլեւ տարածաշրջանում կայունության հաստատման պայման: Երկրի ներկա կարգավիճակը հաշվի առնելով՝ որդեգրվել է ապակենտրոնացված համագործակցության տարբերակը: Եվ արդեն շուրջ 13 պայմանագրեր ու հուշագրեր են հավաստում Արցախի քաղաքների բարեկամությունն ու գործընկերությունը տարբեր երկրների քաղաքների եւ վարչական միավորների հետ: Դրանց մեծ մասը Ֆրանսիայից է, բայց կան նաեւ Միացյալ Նահանգներից, Իսպանիայից: Արտգործախարարը կարեւորում է. կողմերի նախաձեռնությունների արդյունքում համագործակցության այդ տարբերակը 2015-ին իր գործնական արդյունքներն է ունեցել: Տարին նաեւ մեր երկիրը ներկայացնելու նոր նախաձեռնություններով է առանձնացել: Աշնանն Արցախում Ֆրանսիայի օրեր կազմակերպվեցին՝ 200-ից ավելի հյուրերի մասնակցությամբ: Այս ոլորտից մյուս նախաձեռնությունը Մոսկվայում Արցախի օրերի կազմակերպումն էր. մոտ մեկ շաբաթ տարաբնույթ միջոցառումներով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ներկայացվել է Արցախն իր ողջ բազմազանությամբ՝ նախագահ Բակո Սահակյանի ասուլիսից մինչեւ արցախյան ուտեստների համտես: Արդյունքում՝ հակառակ Ադրբեջանի հակաքարոզչության, տարեցտարի մեծանում է մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը: Բաքվի ՙսեւ ցուցակը՚ կարող է հարստանալ ավելի քան 16 հազար նոր անուններով: Այսքան է կազմել ավարտվող տարվա ընթացքում Արցախ մուտքի արտոնագիր ստացած արտասահմանցիների թիվը: Այս ձեռքբերումները համատեղ ջանքերի արդյունք է համարում արտգործնախարարը, դրանցում նաեւ կարևորում է լրատվամիջոցների դերը: Իսկ արտգործնախարարության հետ ակտիվ համագործակցելու համար պատվոգիր այս տարի ՙԿավկազսկի ուզել՚-ի արցախյան ներկայացուցիչ Ալվարդ Գրիգորյանին հանձնվեց: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ