[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՙՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

՚ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը ՙՆովոստի¬Արմենիա՚ գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառների և իրադարձությունների զարգացման հեռանկարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գործունեության, ինչպես նաև վերջին դեպքերի հետ կապված Մոսկվայի և ՀԱՊԿ¬ի դիրքորոշումների վերաբերյալ իր տեսլականը։

 - Ինչո՞վ է պայմանավորված իրավիճակի վերջին սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Արդյո՞ք սրման այդպիսի մակարդակ կարելի էր սպասել։ - Կարելի էր։ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այն փուլում է, որ, ըստ էության, կարելի է բռնության աճ կանխատեսել։ Չափազանց բարդ է ասել՝ որ կետում այն կանգ կառնի և կվերաճի՞, արդյոք, լայնամասշտաբ պատերազմի, թե՝ ոչ։ Իսկ ահա այն, որ դիվանագիտական ձևաչափը կփոխվի ինչ-որ ուժային գործողություններով, ինչը միանգամայն ակնհայտ է, նորություն չէ։ Հաճախ ենք ականատես լինում, որ երբ խոսակցություններ են ընթանում ինչ¬ինչ հնարավոր հանդիպումների, հնարավոր բանակցությունների վերաբերյալ (ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին էլ խոսակցություններ կային Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին , հաճախ տեղի են ունենում և բախումներ։ Ընդ որում, վերջին տարիներին, ինչը կարևոր հանգամանք է, բախումներ տեղ են գտնում ոչ թե պարզապես ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ հենց հայ¬ադրբեջանական սահմանի երկայնքով, որն անմիջապես Լեռնային Ղարաբաղի շըջակայքը չէ։ Կարծում եմ՝ դա շատ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում։ Այդ իսկ պատճառով ասել, թե դա ինչ¬որ էքսպրոմտ էր, սխալ կլիներ։ Եվ բավականին բարդ է կանխատեսել, թե ինչ կետի կհասնի այդ բռնությունը։ Ամեն դեպքում ակներև է, որ դիվանագիտական փորձերը կմեկընդմիջվեն, այդ թվում՝ ուժային փորձերով։ - Համանախագահները վկայում են, որ Հայաստանը համաձայն է առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և Բաքվին կոչ են անում նույնպես սատարել այդ գաղափարը։ Ինչի՞ մասին է դա խոսում, և արդյո՞ք միջնորդներին կհաջողվի իրավիճակը բնականոն հուն վերադարձնել։ Քանի որ, եթե նախկինում նրանք հորդորում էին հեռացնել դիպուկահարներին, ապա այժմ արդեն հորդորում են չկրակել հաուբիցներից ու ականանետներից։ - Միջնորդները միշտ ձգտում են չափազանց շրջահայաց լինել՝ ցուցաբերելով ավելորդ զգուշավորություն։ Մի կողմից դա լավ է, մյուս կողմից՝ ոչ այնքան, քանի որ նման կարգի զգույշ արտահայտությունները փաստորեն մեղավորներին թույլ են տալիս խուսափել պատասխանատվությունից։ Իրականում տեղի է ունենում շանսերի հավասարեցում։ Պարզ է, որ նրանք չեն կարող կողմերից մեկի վրա որևէ պատասխանատվություն բարդել, քանի որ այդ պարագայում շահարկումներ կլինեն՝ կապված նրանց կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ և այլն։ Դա ևս կրակի վրա յուղ կլցնի։ Անկեղծ ասած, ես չէի գերագնահատի նրանց նշանակությունը, չեմ կարծում, թե միջնորդները կարող են շոշափելի առաջընթաց ապահովել, բայց ինչ¬որ երրորդ կողմի մասնակցությունն ու միջամտությունը ինքնին ավելի շատ դրական, քան բացասական բնույթ է կրում, քանի որ կողմերն իրենք այնքան էլ պատրաստ չեն փոխզիջումային որոշումների։ - Ձեզ մոտ որոշակի հոռետեսություն է նկատվում՝ կապված կողմերի վրա ազդելու միջնորդների կարողության հետ։ Այդ դեպքում ինչի՞ կհանգեցնի ներկայիս սրումը հայկական և ադրբեջանական ղեկավարության կոշտ հայտարարությունների պայմաններում։ - Ինչ վերաբերում է միջնորդներին, դարձյալ կրկնեմ, նախ, նրանք սահմանափակված են ձևաչափի բազմաթիվ առանձնահատկություններով, երկրորդ, այն հանգամանքից, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանն ու Արևմուտքը բավականին բարդ հարաբերությունների՝ գործնականում առճակատման մեջ են։ Ինչքան էլ նրանք դիվանագիտության վարպետներ լինեն, չեն կարող իրենց երկրների համատեքստից դուրս լինել։ Չեն կարող արհամարհել այն համատեքստերը, որոնք ծագում են իրենց երկրների շուրջ։ Ինչ վերաբերում է ռազմաշունչ հայտարարություններին, դրանք շատ անգամ են հնչել և շարունակում են հնչել։ Ինչը պարզապես սրում է իրավիճակը՝ ապա դա հրադադարի ռեժիմի խախտումների տեխնիկական մակարդակի բարձրացումն է։ Սա արդեն որակական նոր փուլ է։ Իսկ ինչ վերաբերում է լայնամասշտաբ հակամարտության վերածվելուն, ես, այնուամենայնիվ, բավական զգուշորեն կդիտարկեի նման հեռանկարը, քանի որ դրա համար հարյուրտոկոսանոց պատրաստվածություն չեմ տեսնում։ Մինչ վերջնական քայլ անելը պետք է հակառակորդի նկատմամբ առավելություն ունենալ։ Հայկական շահերի տեսանկյունից, օրինակ, իմաստ չեմ տեսնում ինչ-որ նոր բան շահել, ունեցածը պահպանելն էլ բավական է։ Հայկական կողմից հազիվ կարելի է հարձակողական գործողություններ սպասել։ Ադրբեջանն իրեն դիտում է որպես պարտություն կրած կողմ և, հավանաբար, շահագրգռված է ռևանշի մեջ։ Բայց այստեղ խնդիր է առաջանում՝ իսկ ո՞վ կկանգնի իր թիկունքին։ Ակնհայտ է, որ, ասենք, ուկրաինական կամ վրացական բեմագրի կրկնություն Ադրբեջանի պարագայում չի լինի։ Այնտեղ Արևմուտքը կարող էր սատարել Վրաստանին կամ Ուկրաինային, ենթադրենք, Ռուսաստանի դեմ։ Իսկ այստե՞ղ։ Ակնհայտ է, որ Արևմուտքն Ադրբեջանի հետ բավականին բարդ հարաբերություններ ունի։ Մոսկվան ևս Ադրբեջանի հետ ունի իր բարդությունները։ Ես հիմա չեմ ասում՝ ում հետ է ավելի դժվար, բայց, ըստ երևույթին, և՜ Արևմուտքը, և՜ Ռուսաստանն իրենց հավակնություններն ունեն, նման իրադրության մեջ այս կամ այն կողմը Բաքվին միանշանակ աջակցություն չի ցուցաբերի։ Ի լրումն դրա՝ ջախջախիչ ռազմական գերակայությունը նույնպես բացակայում է։ Նախնական այս տվյալներից ելնելով՝ չեմ կարծում, թե հնարավոր է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծել։ Այդուհանդերձ, մենք գիտակցում ենք, որ բանական փաստարկներից զատ՝ շատ կան, ինչպես ասում են, զգացմունքային, պատահական գործոնները` գումարած հակամարտության տրամաբանությունը։ Ռազմական փորձագետները միշտ ասում են, որ երբ աճում է ռազմական բախումների հաճախականությունը, շատ հաճախ ոչ թե Գերագույն գլխավոր հրամանատարը, այլ առաջնագծում ինչ-որ կոնկրետ սերժանտ կամ սպա շատ ավելի մեծ դերակատարում է ունենում, քան սովորական պայմաններում։ Ուստի որոշ տոկոսներ ես կվերագրեի նման գործոններին։ Ասենք, դիվերսիոն մի խումբ մարտի է բռնվում, օրինակ, հակառակորդի զորքերի հետ, այնուհետև ռազմական գործողությունները գնալով աճում են։ Դա կարող է լուրջ հետևանքների բերել։ Բայց եթե ընդունենք, որ պատերազմը միայն ճակատային գիծը չէ, այլև` առավել լայն քաղաքական համատեքստ, ես, այնուամենայնիվ, դեռ չեմ տեսնում նման նախադրյալներ նոր լայնմասշտաբ պատերազմի համար։ - Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում։ Չէ՞ որ Հավաքական անվտանգության խորհուրդը Դուշանբեում գործնականում չանդրադարձավ իր դաշնակիցներից մեկի տարածքի վրա հրետակոծությունների խնդրին։ - Միանգամից վերապահում անեմ, որ ես, բնականաբար, Ռուսաստանի նախագահի ՙմոտ շրջանակի՚ անդամ չեմ, ես անմիջապես չեմ մասնակցում Անվտանգության խորհրդի նիստերին, այդ իսկ պատճառով կարող եմ ինչ-որ բան մեկնաբանել որպես փորձագետ, ով որոշակի տեղեկություն ունի, բայց, այդուհանդերձ, ես ներգրավված չեմ որոշումներ ընդունելու կոնկրետ գործընթացում։ Մոսկվայի դիրքորոշումն, ըստ իս, ստատուս քվոյի հնարավոր պահպանման դիրքորոշումն է։ Մոսկվային շատ է անհանգստացնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած փոփոխություն, հատկապես՝ բացասական։ Ընդհանուր առմամբ, դրական փոփոխություններ այստեղ չի էլ կարելի սպասել։ Դա կամ հակամարտության սրում կարող է լինել, կամ` ռազմական գործողությունների հնարավոր տեղափոխում անմիջապես միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահման՝ այդ հակամարտության մեջ բուն հայկական տարածքների հնարավոր ներքաշմամբ։ Նման իրավիճակում ծագում են բարդ կոլիզիաներ (շահերի բախումներ)։ Մոսկվան պարտավորված կլինի հարցը քննարկել կազմակերպության մյուս անդամների հետ, որոնց, ըստ էության, հետաքրքիր չէ մասնակցել լեռնայինղարաբաղյան կարգավորմանն այս կամ այն ձևաչափով։ Քանի որ թե՜ Ղազախստանը, թե՜ Բելառուսը, թե՜ Տաջիկստանը լեռնայինղարաբաղյան ուղղությունում իրենց չեն տեսնում ակտիվ խաղացողի դերում: Սա ոչ միայն Ռուսաստանին, այլ հենց ՀԱՊԿ-ին ուղղված հարց է, որը, փաստորեն, իրենից ներկայացնում է շահերի տարբեր ակումբների յուրօրինակ հանրագումար։ Չէ որ միանգամայն բացահայտ է, որ կա միջինասիական ուղղություն, բելոռուսական, ռուս-բելոռուսական հարաբերություններ, Երևանի և Մոսկվայի հարաբերություններ։ Այդ ուղղություններն ասես տարանջատվում են, դրանք մի ամբողջություն չեն կազմում։ Սա նույնպես կարևոր է հասկանալ։ Ուստի Մոսկվան ինչ-ինչ արմատական փոփոխություններ չէր ցանկանա։ Հաճախ հայ գործընկերները հարցնում են՝ ինչու Մոսկվան հանդես չի գալիս։ Քանի որ նա չի ուզում այդ հայտարարություններով, ինչ-որ գործունեությամբ, գուցե միակողմանի դիրքորոշմամբ ստատուս քվոյի փոփոխություն հրահրել։ Մոսկվան, հավանաբար, որևէ կերպ կարձագանքի իրավիճակին, գուցե և կոշտ, եթե նրան ստիպեն դա անել բացասական տարբեր հանգամանքներ։ Բայց նա հազիվ թե փորձի ինչ-որ բեկում մտցնել։ Եվ ես, անկեղծ ասած, խիստ թերահավատորեն եմ վերաբերվում այն լուրերին, որոնք ակտիվ շրջանառվում են այն մասին, թե Մոսկվան ցանկանում է Հայաստանին հարկադրել հանձնել շրջանները` Ադրբեջանում ռազմական բազա ունենալու փոխարեն։ Այդ ամենը անհիմն է պատկերանում, քանի որ դա Մոսկվայի ձեռագիրը չէ։ Մոսկվան կպահպանի ստատուս քվոն և կբեկանի այն, եթե ուրիշ ճանապարհ չմնա։ Այդպես էր և Ղրիմում, այդպես էր Կովկասում, եթե խոսենք Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասին, բայց, առավել հավանական է, նա դեպքերից առաջ չի ընկնի։ Հատկապես հաշվի առնելով ունեցածը կորցնելու սպառնալիքը։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում դա հարցերի տեղիք է տալիս և անգամ նյարդայնացնում, բայց հիմա ես չեմ խոսում այն մասին, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ես խոսում եմ Մոսկվայի տրամաբանության մասին։ Այն այդպիսին է։ Որքան հնարավոր է, արմատապես չփոխել իրավիճակը, եթե այդկերպ վարվելու էլ լինեն, ապա միայն այն դեպքում, երբ ուրիշ ճանապարհներ արդեն չլինեն։ Համենայն դեպս, Մոսկվան չի սրի այդ իրավիճակը։