[ARM]     [RUS]     [ENG]

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ՝ ԽՈՒՃԱՊ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Ադրբեջանում դժգոհության նոր ալիքի բարձրացումն օրըստօրե խորացող տնտեսական ճգնաժամի և բնակչության սոցիալական ծանր վիճակի հետևանք է։

Հանրության շրջանում հակաիշխանական տրամադրությունները գնալով ավելի զանգվածային բնույթ են ստանում. ադրբեջանական աղբյուրներն այս օրերին իրազեկում են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալությունների մասին։ Լենքորանում իրավապահների թիրախում է հայտնվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Նազիմ Հասանլին, ով ակտիվ դերակատարություն է ունեցել գների բարձրացման դեմ անցկացված բողոքի ցույցին։ Հաղորդելով այս մասին՝ ՙԱզատություն՚ ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը միաժամանակ նշել է, որ ընդդիմադիր գործչի գտնվելու վայրի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

Հարևան երկրի տեղեկատվական աղբյուրների հրապարակումներից նաև երևում է, որ երկրի ճակատագրով մտահոգ հանրային ու քաղաքական շրջանակների կողմից բացասական արձագանք ստացավ նախագահ Ալիևի ելույթը, որը մատուցվեց որպես 2015թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփում։ Երկրում ստեղծված ճգնաժամային վիճակից ելքեր փնտրելու նպատակով ընդդիմադիր ՙՄուսավաթ՚ կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին Ադրբեջանի հանրային հեռուստատեսության տնօրինությանը դիմեց հեռուստաբանավեճերի համար եթերային ժամանակ տրամադրելու պահանջով։ Կուսակցական գործիչը վկայակոչել է երկրում գործող օրենքը և ասել, որ անհրաժեշտ է արտահայտվելու հավասար պայմաններ ապահովել հասարակության բոլոր շերտերի և քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ իր ղեկավարած կուսակցության համար։ Ադրբեջանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը ոչ միայն և ոչ այնքան տնտեսական անկման, որքան տարիների ընթացքում կուտակված խնդիրների չլուծման, և առաջին հերթին՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների, քաղաքական այլախոհության նկատմամբ իրականացվող բռնությունների հետևանք են։ Մի շարք բնակավայրերում՝ Աղսուում, Սիազանում, Աղջաբեդիում, Ֆիզուլիում, Բալա Բեհմենլիում և այլուր տեղի ունեցած ցույցերի ժամանակ մարդիկ իրենց բողոքն են արտահայտել գնաճի և գործազրկության կապակցությամբ՝ իշխանությունից պահանջելով իրավիճակի բարելավում։ Աղսուում բողոքի ցույցի մասնակիցները երթ են կազմակերպել՝ Հեյդար Ալիևի անվան պուրակից քայլելով մինչև շրջանի գործադիր իշխանության շենքը։ Երթի մասնակիցները մեղադրել են իշխանություններին, որոնք քայլեր չեն ձեռնարկում սննդամթերքի թանկացումը կանխելու, աշխատավարձերը չուշացնելու ուղղությամբ, որոնց չի մտահոգում երկրում օրեցօր աճող գործազրկությունը։ Սիազան քաղաքում ձերբակալել են երկու քաղաքացու, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները վերահսկողության տակ են առել շրջանային ղեկավարության վարչական շենքը։ Օրվա երկրորդ կեսին ադրբեջանական հիշյալ աղբյուրն իրազեկեց ներքին զորքերի ստորաբաժանումներից մեկը Սիազան մտցնելու մասին։ Ադրբեջանական մեկ այլ ընդդիմադիր լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ՙՄուսավաթ՚ կուսակցության նախագահ Ա. Հաջիլիին կանչել են Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի պետական վարչություն։ Աղբյուրը հաղորդում է, որ կանչի պատճառները հայտնի չեն։ Մեր կարծիքով՝ գլխավոր պատճառը պետք է որ լինի կուսակցության ղեկավարի կողմից նախագահ Ալիևի հիշյալ ելույթի անխնա քննադատությունը։ Ամենայն հավանականությամբ, տիրապետող վարչակարգն առաջիկայում ավելի է ուժեղացնելու բռնություններն ու հալածանքը ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ։ Էներգակիրների և ադրբեջանական ներքաղաքական զարգացումների անմիջական կապին առնչվող մեկ դիտարկում. ընդդիմադիր շրջանակները վաղուց քննարկում և քննադատում են պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի արտաքին տնտեսական և քաղաքական ուղեգիծը՝ վերջինս ներկայացնելով երկիրը ֆիասկոյի տանող քաղաքականություն։ Մասնավորապես, ընդդիմադիր գործիչներն ադրբեջանական գազի վրացական պահանջարկի նվազումը համարում են իշխանությունների սխալ հաշվարկների հետևանք։ Օրերս Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնազ Աբդուլաևը Թբիլիսի է մեկնել՝ հանդիպում անցկացնելու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը՝ ընդգծելով, որ նույն օրը Կալաձեն խորհրդակցություն է անցկացրել վրացի փորձագետների հետ՝ նրանց ներկայացնելով ռուսական ՙԳազպրոմի՚ հետ ունեցած բանակցությունների արդյունքները։ 2016թ. Ադրբեջանն ի վիճակի չի լինի բավարարել Վրաստանի գազի ողջ պահանջարկը, հայտարարել է Կ. Կալաձեն SOCAR-ի նախագահի հետ կայացած բանակցությունների ավարտից հետո։ Նորություն չէ, որ էներգակիրների ոլորտում տարածաշրջանային մակարդակով սերտ համագործակցություն է սկսվել Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Ամենակարևորը՝ Հայաստանը վերածվել է կարևորագույն առանցքի Իրան-Վրաստան հարաբերություններում։ Վերհիշենք Վրաստանի էներգետիկայի նախարարի անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների հայտարարությունները և, մասնավորապես, այն միտքը, որ Ադրբեջանն ի վիճակի չէ կոմերցիոն գազ մատակարարել Վրաստանին, ինչը հավասարակշռությունից հանել էր ալիևյան կլանին։ Էներգետիկ նախագծերում Ադրբեջանի երբեմնի դերակատարության չեզոքացումը, ինչ խոսք, մեծ հարված է այդ երկրի տնտեսությանը, ինչը, որպես կարևորագույն փաստարկ, օգտագործվում է ադրբեջանական ընդդիմության կողմից։ Ադրբեջանի հասարակ քաղաքացին, բնականաբար, ցանկություն չունի խորամուխ լինելու իր երկրի ղեկավարության՝ արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններում՝ հասկանալու դրանց խորքային իմաստը, ինչպես նաև քննարկելու խոշորամասշտաբ նախագծերի հեռանկարները, կամ էլ դրանց ձախողման պատճառները։ Նրան միայն մտահոգում է իր կենսամակարդակի խնդիրը, որում արտացոլված է հայրենի իշխանությունների քաղաքականությունը։ Տնտեսական ճգնաժամի մեջ նա, բնականաբար, մեղադրում է տիրապետող քաղաքական վերնախավին։ Ոչ միայն. իշխանափոխության միտքն է հասունանում նրա գիտակցության մեջ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ քաղաքական վերնախավը շարքային ադրբեջանցու հետ երկխոսություն վարելու իմիտացիա սկսեց. իշխող ՙԵնի Ազերբայջան՚ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը, ով Միլլի մեջլիսում ներկայացնում և պաշտպանում է իշխող կլանի տեսակետն ու տրամադրությունները, այս օրերին հայտարարեց, թե գնաճը հասցնելու է բնակչության բողոքին, ինչից իշխանությունը պետք է զգուշանա և համապատասխան հետևություն անի։ Սակայն Նովրուզովը, լինելով կլանին սպասարկող պատգամավոր, չէր կարող հանրության հետ ազնիվ լինել և իրերն անվանել իրենց անուններով։ Այդ պատճառով էլ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, թե երկրի տարածքում տեղի ունեցող ցույցերն արհեստական գնաճի և դոլարային աժիոտաժի հետևանք են։ Այս կարգի հայտարարությունները հազիվ թե որևէ ազդեցություն ունենան հասարակ ադրբեջանցու վրա, ով համոզված է, որ իր վաղվա օրն այսօրվա համեմատ ավելի լավը չի լինելու։ Իշխանության համար էլ, բնականաբար, օրեցօր պարզ է դառնում, թե ինչ ուղղությամբ են զարգանալու հանրության տրամադրությունները և ինչ կարելի է սպասել այդ ամենից։ Հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում իրավիճակի բարելավման սպասելն անիմաստ է. կոռուպցիայի մեջ խրված քաղաքական վերնախավի և իրավապահների գործողություններն ի զորու չեն կտրուկ շրջադարձ ապահովել ներքաղաքական զարգացումներում։ Ստեղծված իրավիճակը դրդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին հունվարի 15-ին հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և խուճապի չմատնվելու կոչեր հնչեցնել։ Այս փաստը վկայում է իշխանությունների մտավախության մասին, որ իրավիճակը գնալով դուրս է գալու իրենց վերահսկողությունից, և երկրով մեկ ծավալված զանգվածային ելույթներն աստիճանաբար դառնալու են անկառավարելի։ Որ Ադրբեջանին ավելի լուրջ խնդիրներ են սպասվում, համոզված են ոչ միայն ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Վերոշարադրյալի ընդհանուր համատեքստում մեզ համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ղարաբաղին վերաբերող երկու զեկույցների ճակատագրերը, ինչի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը որոշ քայլեր արդեն ձեռնարկել է։ Մեզ հայտնի է, որ ԵԽԽՎ զեկուցողներ Ռ. Ուոլթերն ու Մ. Մարկովիչը ալիևյան կլանի կողմից կաշառված մարդիկ են և այդ պատճառով էլ ավտոմատ կերպով մոռացության են մատնել ադրբեջանական բռնությունները։ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս հարցում միանգամայն տեղին է. նման զեկույցներին հակադարձելու համար պետք չէ նրանց նման փողեր ծախսել, ոչ նպատակային գումարներ ծախսելու հետևանքով է, որ այսօր այդ երկիրը ճգնաժամ է ապրում։ Թող շարունակեն իրենց բյուջեն դատարկել, խորհուրդ է տվել ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանը՝ ընդգծելով, որ աննորմալ բանաձևերն ընդունվելու դեպքում անգամ բոլորին պետք է պարզ լինի, որ դա մեզ համար որևէ նշանակություն չունի։ Դե ինչ, թող դատարկեն իրենց բյուջեն և դրան զուգահեռ էլ բազմապատկեն բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ՝ միջազգային կառույցներին թողնելով Ադրբեջանի նման պետության հետ հարաբերություններ զարգացնելու հեռանկարը։ 

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ