[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՂՈՒՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԶԱՆԳԱՀԱՐԻ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Ռուսական ՙՎեստնիկ Կավկազա՚ ինտերնետ¬պարբերականը, որը հայտնի է Բաքվի իշխանությունների և Իլհամ Ալիևի հանդեպ իր վաղեմի ու անաղարտ սիրով, մասնավորապես` ՙԻ՞նչ են թաքցնում Ղարաբաղում խախտումներ արձանագրող մեխանիզմները՚ հոդվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ արտահայտել է ինքնատիպ, բայց հակասական գաղափարներ։

Ըստ երևույթին, պատահական չէ և այն, որ հրապարակումը հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կառավարության նիստում 2015թ. սոցիալ¬տնտեսական արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված ելույթից հետո, որում շոշափվում էր տվյալ խնդիրը։

Հստակություն մտցնելու համար ներկայացնենք ելույթից մի հատված՝ Բաքվի Trend տեղեկատվական պորտալի շարադրմամբ։ ՙՑավոք, 2015 թվականին հայ¬ադրբեջանական, ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության հետ կապված որևէ առաջընթաց չեղավ։ Կարող եմ ասել՝ բանակցություններում տեղաշարժ չկար,¬ ասել է Ալիևը։ ¬ Ընդամենը տարեվերջին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, կարելի է ասել, ձևական բնույթ էր կրում՝ հանդիպում հանուն հանդիպման։ Որովհետև 2015թ. նախագահների մակարդակով հանդիպում չէր անցկացվել։ Բայց այդ հանդիպումը բացարձակապես անօգուտ և անարդյունք էր։ Պատճառն այն է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, փորձում է հնարավորինս երկար պահպանել ստատուս քվոն, չի ուզում լքել օկուպացված հողերը, բանակցություններն ընկալում է պարզապես որպես գործընթաց, ժամանակ է ձգձգում, ցանկանում է հետագայում էլ բանակցությունները տեսնել որպես անվերջ գործընթաց՚։

Սակայն ՙՎեստնիկ Կավկազա՚¬ն գլխավոր շեշտադրումն անում էր այլ սյուժեի վրա՝ առաջին պլան մղելով ոչ թե Ալիևի հայտարարությունը, այլև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ 2015թ. դեկտեմբերի 19-ին Բեռնում Ալիև-Սարգսյան բարձր մակարդակի հանդիպմանը հետևած մեկնաբանությունը, որում նա ՙշնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպման կազմակերպման հարցում ունեցած ներդրման համար, բայց միաժամանակ բարձր գնահատեց Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՚՝ պարզաբանելով, թե ՙաշնանը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվին ու Երևանին ներկայացրել էր այն առաջարկները, որոնք ընկած էին Բեռնի բանակցությունների հիմքում։ Ընդսմին, Մամեդյարովը նշեց, թե ՙայդ առաջարկները պարունակում են 2014թ. Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում նախագահների հանդիպումներին ձեռքբերված պայմանավորվածությունները և մշակված են Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա՚, ու մատնանշեց, թե ՙ ժամանակն է սկսել համակողմանի խաղաղ համաձայնագրի նախապատրաստումը` հիմնված Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, որոնք  սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՚։

Անկեղծ ասած, REGNOM տեղեկատվական գործակալությանը ոչինչ հայտնի չէ ղարաբաղյան ուղղությամբ, այսպես կոչված, ՙԼավրովի պլանի՚ մասին, և Սմոլենսկի  հրապարակից պարզաբանում ստանալու մեր բոլոր փորձերը հաջողությամբ չպսակվեցին։

Մեզ միայն իրազեկեցին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ 2015թ. արդյունքների վերաբերյալ հայտարարության մասին, որտեղ նա հատուկ ուշադրություն էր դարձրել Ադրբեջանից և Հայաստանից գործընկերների հետ Լավրովի խորհրդատվությունների շարքին, որոնց ընթացքում քննարկվում էր լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցերի ողջ համալիրը։ Կարասինի խոսքով՝ ՙշուտով Նոր տարուց հետո աշխատանքն այդ ուղղությամբ կշարունակվի՚։ Այս կապակցությամբ նա հակամարտող կողմերին կոչ արեց ՙկրկնապատկել ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար՚` հընթացս վկայակոչելով 2015թ. դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԵԱՀԿ ԱԳՆԽ) նիստին Հայաստանի, ԱՄՆ¬ի ու Ֆրանսիայի հայտարարության մեջ արտահայտված ՙմիջազգային միջնորդների ամուր դիրքորոշումը՚։ ՙԿողմերը պետք է նաև պահպանեն արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՚,¬ ընդգծել է Կարասինը։

 

Հնարավոր է, Ռուսաստանի ԱԳՆ¬ն իրոք ղարաբաղյան կարգավորման հարցում ինչ¬որ սեփական նախագիծ ունի և ակտիվ խորհրդատվություններ է վարում։ Բայց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես Մինսկի խմբի համանախագահ¬երկրների դիրքորոշում, իսկ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Տիգրան Բալայանն անվավեր է համարել Մամեդյարովի հայտարարությունն առ այն, որ ՙԼավրովն, իբր, հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման շուրջ ինչ¬որ առաջարկությամբ, որի համաձայն, ադրբեջանական կողմի հավաստմամբ` ՙպետք է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրսբերման, հարկադիր վերաբնակների վերադարձի ու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներ հաստատելու հարցերի վրա՚։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահն իր ելույթում ընդհանրապես անուշադրության մատնեց նման կարևոր նրբությունը, ինչը վկայում է կամ ղարաբաղյան ուղղությամբ Բաքվի դիրքորոշման փոփոխության, կամ նոր սյուժեների ի հայտ գալու մասին, որոնք Բաքուն մտադիր է տորպեդահարել։ 

Պարզվում է, ՙՎեստնիկ Կավկազա՚-ի գնահատմամբ, ՙխոսքը նրանում է, որ տարեսկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը պայմանավորվել է աշխատանք տանել հակամարտության կարգավորման շուրջ տասը կոնգրեսականների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ՚։ Եվս մեկ մեջբերում. ՙԲաքվում, որտեղ քաջատեղյակ են ամերիկացի կոնգրեսականների հայամետ առաջարկություններին, տխրահռչակ կոնգրեսականների հետ Ուորլիքի համագործակցության հեռանկարը ոչ քիչ մտավախություն հարուցեց։ Ադրբեջանական կողմի համար Կոնգրեսը վերջնականապես վարկազրկեց իրեն, երբ նրա Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթը պատրաստեց ՙԱդրբեջանում ժողովրդավարության մասին ակտ - 2015՚ անվանմամբ օրինագիծը, որը ներկայացվել էր Էդ Ռոյսի ղեկավարած հանձնաժողովի քննարկմանը։ Ընդ որում, կարծիք կա, որ եթե Սմիթի օրինագիծը ստանա Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աջակցությունը, ապա դա կավելացնի և մյուս հանձնաժողովներով անցնելու նրա շանսերը, քանի որ վերջինիս կողմից քաղաքական կարևոր նշանակության փաստաթղթի գնահատականը հիմնարար է համարվում մյուս հանձնաժողովների որոշումների համար՚։ 

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, որը, չգիտես ինչու, Բաքվի փորձագետները կապում են Սմիթի օրինագծի հետ, ապա երկրորդ փուլում նախատեսվում է ՙներկայացնել ղարաբաղյան կարգավորման նոր ծրագիր, որը ներառում է զորքերի շփման գծից դիպուկահարների հեռացումը, միջազգային դիտորդական խմբի մանդատի ընդլայնումը, իսկ ամենակարևորը՝ սահմանում հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող սարքերի տեղակայումը՚։ Սրանից էլ նրանք եզրակացնում են` Վաշինգտոնը փորձում է բանակցությունների օրակարգից հանել լեռնայինղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը։ Ընդ որում, չգիտես ինչու, նշվում են միայն ռուսական ՙերկնագույն սաղավարտները՚, որոնց ներկայությունն, իբր, ՙխիստ անցանկալի է Երևանի համար, որը լեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացը ցանկանում է տեսնել որպես անվերջ գործընթաց՚։ Սակայն հարցը (նախ) նրանում է, որ այսօր հակամարտ կողմերի շփման գծում ռուսական խաղաղապահների ներկայության անցանկալի լինելու մասին, որպես կանոն, մտածում են միայն հայկական ընդդիմության ներկայացուցիչները։ Երկրորդ, խաղաղապահների թեման քանիցս բարձրացվել է ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքում։

Դեռևս 2009թ. օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է հետևյալը. ՙԼՂ-ում խաղաղարար առաքելության կազմում մենք տեսնում ենք եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին՚` հղում անելով, այսպես կոչված, նորացված ՙՄադրիդյան սկզբունքներին՚, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և որոնք մինչ օրս սկզբունքային փոփոխություններ չեն կրել։ 

Ի դեպ, Բաքուն այն ժամանակ համաձայն էր Ջոն Հոպկինսի համալսարանում Կենտրոնական Ասիայի և Կովկասի ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարի այն դրույթի հետ, համաձայն որի ՙԱՄՆ-ն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի մաս կազմել, ի տարբերություն Ռուսաստանի, որը Ղարաբաղի և Ադրբեջանի այլ տարածքների բռնազավթման մասնակիցներից մեկն էր... իսկ այժմ այդ գործընթացում նա խաղաղարար է հանդիսանում՚։

Չբանավիճենք ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի մասնակցության կամ չմասնակցության աստիճանի շուրջ։ Նշենք միայն ևս մեկ տրամաբանական հակասություն. եթե ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջ է մղում Ղարաբաղում խաղաղապահ  կազմում ԱՄՆ-ին ներգրավելու բեմագիրը, որը պետք է նպաստի նոր ՙՄադրիդյան սկզբունքների՚ կյանքի կոչմանը, ու դրա հետ Ադրբեջանը համաձայն է, ալլահը նրան օգնական, քանի որ այդ դեպքում հակամարտող կողմերը ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային միջոցներով լուծելու գայթակղություն չեն ունենա։ Բայց հիմա Բաքուն մտահոգված է նման նախագծի կենսագործման հավանականությամբ, համարելով, որ Արևմուտքը Ղարաբաղում պարզապես կիրականացնի Կոսովոյի բեմագիրը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այս հարցում առայժմ հստակություն չկա, քանի որ իր խաղաղապահ կազմը Ղարաբաղում միանձնյա կերպով տեղակայելու պարագայում նա կարող է և՜ խթանել գործընթացի զարգացումը Կոսովոյի տարբերակով, և՜ ՙսառեցնել՚ այն` այդկերպ իրենից կախվածության մեջ պահելով Երևանին ու Բաքվին։

Պատահական չէ, որ Բաքվից արդեն հնչում են Ուորլիքին առավել ՙանկողմնակալ համանախագահով՚ փոխարինելու հայտարարություններ և ղարաբաղյան ուղղությամբ իր ջանքերն ակտիվացնելու` Մոսկվային ուղղված կոչեր։ Բայց դեռևս Ադրբեջանի նախագահ Ալիևը, խոսելով այն մասին, որ ՙղարաբաղյան ուղղությամբ դիվանագիտական ջանքերը կշարունակվեն՚ ու այդ նպատակով ՙմենք բարձրացնում ենք և կբարձրացնենք այս հարցերը միջազգային բոլոր ամբիոններում, կավելացնենք դիվանագիտական և քաղաքական ջանքերը՚, միաժամանակ սպառնում է ՙՀայաստանին մեկուսացնել տարածաշրջանում իրականացվող բոլոր նախագծերից՚, ինչպես և ՙռազմական ուժի ավելացմամբ՚` փոխանակ հեռախոսով կապվի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և պայմանավորվի հանդիպման մասին, երկու-երեք քայլ առաջ անցնի, քանի դեռ դա չեն արել Արևմուտքում կամ Մոսկվայում։ Ժամանակն արդեն չի սպասում։ 

                                                  REGNUM  տեղեկատվական  գործակալություն

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ