[ARM]     [RUS]     [ENG]

Սարսանգի ջրամբարի մասին փաստաթուղթը շատ հանգիստ կարելի է օգտագործել ադրբեջանցիների դեմ

ՙԼՂՀ-ի վերաբերյալ ցանկացած փաստաթղթի վրա պետք է բավականին մեծ ուշադրություն սևեռենք, և աշխատենք, որ նման ատյաններում նման փաստաթղթեր ընդհանրապես շրջանառության մեջ չդրվեն։

Քանի որ կա Մինսկի խումբ, որ զբաղված է այդ խնդրի կարգավորմամբ, ապա տեղին չէ, որ ԼՂ հետ կապված կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված խնդիրներով որևէ այլ ատյան զբաղվի՚,- ՙԱռաջին լրատվական՚-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։ Գ. Իսագուլյանը կարևորեց ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերից մեկի ձախողումը՝ նշելով, որ մեր պատվիրակությունը բավականին լավ է աշխատել։ Անդրադառնալով 2-րդ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ 2013թ. ԼՂՀ իշխանությունները, Կառավարությունը նախաձեռնել էին, որ Ադրբեջանի հետ համատեղ կարողանան օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը՝ 60-40 հարաբերակցությամբ՝ հօգուտ Ադրբեջանի, բայց Ադրբեջանը չուզեց համագործակցել ԼՂՀ իշխանությունների հետ, որից հետո այդ խդիրները հիմա բարձրացնում է ԵԽԽՎ-ում։ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ կարելի է այդ խնդիրն արծարծել ևս մեկ անգամ և իրենց ստեղծած փաստաթուղթը շատ հանգիստ օգտագործել իրենց դեմ. ՙԼՂՀ իշխանությունները, առաջին հերթին ԼՂՀ ԱԺ-ն կարող են նախաձեռնություն ցուցաբերել և որևէ երկրի, ասենք, Ֆրանսիայի հայամետ պատգամավորի միջոցով առաջարկել, որ հանձնաժողով կազմեն և հենց ԼՂՀ հրավերով գան ԼՂՀ, որտեղ նրանց կներկայացվեն խնդիրները և կասեն, որ մենք պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի հետ համատեղ այս հարցը լուծելու։ Բայց եթե ադրբեջանցիներին թվում է, որ հայկական կողմը պարտավոր է ծախսեր անել, հոգալ որոշակի խնդիրներ և մատակարարել Ադրբեջանին, չարաչար սխալվում են՚։ Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ-ում զգացմունքային, երբեմն թվում է, թե շատ հայրենասիրական ելույթները շատ ավելի թույլ ազդեցություն են ունենում, քան այն փաստաթղթերը, որ կարող էր հայկական կողմը ներկայացնել։ ՙՍա ո?չ պարտություն է, ո?չ հաղթանակ,- նշեց Գ. Իսագուլյանը,- յուրաքանչյուր պատգամավոր պետք է հասկանա՝ խոսքն ինչի մասին է։ Մեր պատվիրակները դիդակտիկ նյութեր, գրավոր նյութեր, փաստաթղթեր պետք է արկղերով իրենց հետ տանեն, որ երբ Ադրբեջանը որոշակի այլ միջոցների է դիմում, մենք կարողանանք կոնկրետ փաստերի դիմել՚։