1988թ. ՓԵՏՐՎԱՐԻ 22, կամ՝ Առաջին ուժային դիմակայությունը
Ընդամենը մեն-մի հատիկ օր տևեց արցախցիների բուռն ուրախությունը` առնչված ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած աննախադեպ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին որոշման հետ: Թիթեռային կյանքի չափ:
Մինչ մենք հաղթանակ էինք տոնում, հակառակորդը ժանիք էր սրում:
Փետրվարի 21-ին, ուշ երեկոյան մեր տուն զանգեց Ասկերանի շրջկոմի երկրորդ քարտուղար Ալեքպեր Միքայիլովը, ասելով, թե առավոտյան ժամը 11-ին բյուրոյի նիստ է հրավիրվելու: Նման զանգերով հրահանգիչներն էին զբաղվում կամ բաժինների վարիչները, այդ իսկ պատճառով հարցրի` իսկ ինչո՞ւ դու ես զանգում: ՙԱյդպես է կարգադրված՚,- եղավ պատասխանը: Իրականում ոչ մի կարգադրություն, համենայն դեպս, առաջին քարտուղարի կողմից, չի եղել, ուղղակի անձնական նախաձեռնություն էր հանդես բերել երկրորդ քարտուղարը` կամ իր հայ գործընկերներին չվստահելով, կամ, որ ամենահավանականն է, նախատեսվող միջոցառման շողշողուն հեռանկարն էր գայթակղել անձամբ զբաղվելու այդ գործով: Ի՞նչ կիմացվի, ալլահը մեծ է, հանկարծ դեպքերն այնպես դասավորվեն, որ ի՜նքը դառնա դրության տերը… Պայմանավորված ժամին բացվեց շրջկոմի բյուրոյի նիստը, որին մասնակցում էին նաև շրջկոմի, շրջգործկոմի և այլ պատասխանատու աշխատողներ: Դեռ չգիտեինք օրակարգը, սակայն դժվար չէր կռահել, որ ծանր խոսակցություն է սպասվում: ԽՄԿԿ Կենտկոմի ենթաբաժնի վարիչ Կոնդրատևի հետ նախագահական աթոռները զբաղեցրել էին Ադրկոմկուսի Կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը, արհմիությունների մարզային խորհրդի նախագահ, մարզկոմի բյուրոյի անդամության թեկնածու Սերգեյ Դավթյանը և Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը: Մոսկվացի ՙհյուրը՚ ինչ-որ թուղթ պարզելով, հաղորդեց, թե ՙԽՄԿԿ Կենտկոմը երեկ (կիրակի օ՞րը – Կ.Դ.) որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին, ուր դատապարտվում են մարզում կատարվող դեպքերը, դրանք որակելով մի խումբ ծայրահեղականների ու ազգայնականների սադրանք, և շրջկոմի բյուրոն պետք է հավանություն տա այդ որոշմանը՚: Բոլորս ապշել էինք, և այնքան անհեթեթ էր թվում դրսում, պատուհանների տակ ստեպ-ստեպ վանկարկվող ՙԼենին-պարտիա-Գորբաչով՚ բազմաձայն կարգախոսը: Ի՞նչ սադրանքի մասին է խոսքը, երբ նախօրյակին մարզային խորհրդի նստաշրջանն էր վավերացրել այն, մի՞թե ծայրահեղականներ ու ազգայնամոլներ են 110 պատգամավորները կամ մարզի ամբողջ հայ բնակչությունը, սա՞ է վերակառուցում կոչվում... Մի քանի թունդ կոմունիստներ ցանկություն հայտնեցին ջերմորեն հավանություն տալ հարազատ կուսակցության որոշմանը, միաժամանակ ողորմություն մուրողի տոնով առաջ քաշեցին մի քանի մանր-մունր հարցեր` խտացրած անասնակերերը ուշացումով են ստացվում, լավ կլինի, որ դրանք երկաթուղով ուղարկվեն և այլն (անողոք էր, բայց տեղին, ՙհռետորներին՚ ուղղված` մերոնցից մեկի խայթոցը` ձեզ թողած, անասունների մասին մտածեք): Հասանովի կարճատես ու չար աչքերը փայլում էին ակնոցի տակ, և նա, հազիվհազ թաքցնելով գոհունակությունը, անընդհատ գլխով էր անում` դա չէ՞ ընդամենը ձեր ցանկությունը, կանենք, անհոգ մնացեք... Ընդ որում, այդ ՙցանկությունները՚ արտահայտվում էին ռուսերեն, որպեսզի իրենց ճի՜շտ հասկանային: Այս բնազդական խոհեմությանը հաջորդեց շրջկոմի բյուրոյի անդամ Մարալ Արզումանյանի չափ ու սահման չճանաչող ըմբոստությունը: Մոռացած ամեն մի պատշաճություն, նա արցախցու ավանդական պարզությամբ ու անմիջականությամբ ուղղակի, ինչպես կասեն նման դեպքերում, շան լափ թափեց դրսեկ պաշտոնյաների գլխին: Չգիտեմ, բառացի թարգմանվո՞ւմ էր Մարալի խոսքը, իսկ նա` ձեռքը հրացանի փողի պես ուղղած Հասանովի սառը ակնոցներին, ոչ ավել, ոչ պակաս` ասում էր. ՙԹաղեմ ձեզ, յոթանասուն տարի մեզ տանջում եք, մեզ ուտում եք, վերջ, հերի՜ք է, ձեզնից կշտացել ենք, ուզում ենք մեր ժողովրդի հետ ապրել, ուզում ենք միանալ մայր Հայաստանին՚: Սա էր Արցախի պատասխանը, և դա հիանալի հասկանում էին մեր ՙհյուրերը՚, անկախ նրանից` բառացի՞ էին թարգմանվում արցախուհու ասածները, թե՞ ընդհանրապես չէին թարգմանվում: Անընկճելի էր նաև Սլավիկ Առուշանյանը (նա այդ ժամանակ շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչն էր): ՙԿենտկոմի որոշումը սխալ է,- ասաց նա: - Այն շարադրվել է ոչ ստույգ տվյալների հիման վրա: Վաղ թե ուշ վերանայվելու է՚: Սլավիկը ճիշտ էր մասամբ. այդ որոշումը իսկապես վերանայվեց, այն էլ ոչ մեկ անգամ, բայց ոչ թե ուղղվեց սխալն, այլ նոր սխալների տեղիք տրվեց: Իսկ և իսկ հայտնի առածը` հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեցին: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ բոլոր այդ փաստաթղթերը Մոսկվան ՙթխում էր՚ Բաքվից ստացված անորակ հումքով, առանց խորամուխ լինելու խնդրո հարցի մեջ: Ի վերջո 8 կողմ ու 3 դեմ ձայնով շրջկոմի բյուրոն հավանության արժանացրեց ԽՄԿԿ Կենտկոմի որոշումը… Թեև դա, կարելի է ասել, ձևական բնույթ էր կրում, քանի որ, ըստ պատկան անձանց հավաստիացման՝ այդ մասին ոչ մի փաստաթուղթ չի ուղարկվել վերադաս մարմիններին, այդուամենայնիվ նպատակահարմար եմ գտնում նշել դեմ քվեարկողների անուները՝ Մարալ Արզումանյան՝ Նորագյուղի ՙՀաղթանակ՚ կոլտնտեսության բանջարաբույծ, Սոնյա Գյանջումյան՝ Նախիջևանիկի Ֆրունզեի անվան սովխոզի խաղողագործ, և Կոմիտաս Դանիելյան՝ ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագիր: Նոր էին մեր դրսեկ ՙհյուրերը՚ թողել շրջկենտրոնը, երբ այսուայնտեղից հնչեցին կանանց ու երեխաների տագնապահար ճիչ-աղաղակները` թուրքերը հարձակվել են Ասկերանի վրա... Մեր տղաներն անմիջապես շուրջկալեցին Հասանովի մեքենան, կամենալով նրանից բացատրություն ստանալ: Ու միայն Վաչագան Գրիգորյանի միջամտությունից հետո բաց թողին դողահար ՙբանագնացին՚, որը, սակայն, իր ցեղակիցներին ընդառաջ գնալու խոստումին հակառակ, բռնեց Ստեփանակերտ տանող ճանապարհը: Անհրաժեշտ հիշեցում. նախօրյակին Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրվել է ՙԱրյունոտ կիրակի՚ կինոնկարը: Պատահականությո՞ւն էր: Երբեք: Ինչպես չի կարող պատահականություն լինել այդ չարաբաստիկ օրը միլիցիայի Ասկերանի և Ստեփանակերտի բաժիններում ու մարզային վարչությունում միայն ադրբեջանցի հերթապահների առկայությունը:Թուրքերն իսկապես գալիս էին` ինչպես պղտոր հեղեղ. այս համեմատությունը երևի նրանց մասին է հորինվել: Նորաթուխ բաշիբոզուկների մի ստվար խումբ Կարկառի հունով խուժել է նավթամթերքների ձեռնարկության տարածք, ավերել հնարավոր ամեն ինչ (աշխատակիցները հասցրել են փախչել), ապա մտել խաղողայգի, տարեց այգեգործներին ոտնատակ տվել ու հիմա շղթայաձև` ձեռք ձեռքի, գալիս էր Ասկերանի վրա: Մի ուրիշ խումբ, որն ավտոբուսներով, որը հետիոտն, թեքվել էր աջ, հանդամիջյան ճանապարհով բարձրացել դեպի Խնապատ, բայց գյուղամուտքում դեմ առնելով տեղացիների ամուր պատին, հետ է ծլկել: Հիմնական զանգվածը շարժվում էր Աղդամ-Ասկերան մայրուղով` մի քանի կիլոմետր ձգվածությամբ, հեքիաթային վիթխարի հրեշի նման: Եվ այդ հրեշը, կրակի մատնելով հայ գյուղերի խաղողայգիների ցանկապատները, ճամփամերձ շինությունները` ալրաղաց, ֆերմա, խանութ, ճաշարան, պատահած մեքենաները ջարդուփշուր անելով, ուղևորներին ծեծել-ջարդելով (այդ օրը ադրբեջանցու ոչ մի մեքենա ճանապարհ չի ելել), իր արածից բավականին գոհ, անպատժելիության գիտակցումից լպիրշացած` հանգիստ, անարգել առաջանում էր, կարգուկանոնի մի խումբ ՙպահապանների՚` միլիցիոներների ուղեկցությամբ... Նույն օրը ավազակային հարձակումների են ենթարկվել նաև Մարտունի-Աղդամ, Մարտակերտ-Աղդամ ճանապարհներով հայ երթևեկողները: ՙՋարդել, բայց չսպանել՚ հրամանը հաջողությամբ իրագործվեց այլ տարածքներում ևս: Իսկ Ֆիզուլին ու Ջեբրայիլը ամուր փակել էին Հադրութի շրջանի ելքն ու մուտքը: Ու սա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածուներ` Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը (այն Դեմիչևը, որը մի ամիս առաջ արցախյան բանագնացներին ասել է` ՙհետպատերազմյան շրջանում Ղարաբաղի հարցը երրորդ անգամ է բարձրացվում, նշանակում է` այն լուրջ անհանգստություն է պատճառում հայ ժողովրդին, որի ցավի հանդեպ չի կարելի մնալ անտարբեր՚) ժամանել էին Ստեփանակերտ, որպեսզի քթներիս դեմ անեն նույն Կենտկոմի որոշում կոչվող թուղթը և մեզ համոզեն, թե համայն Արցախում տեղի ունեցող դեպքերը, ներառյալ մարզային խորհրդի որոշումը, ընդամենը սադրանք են, մի խումբ ծայրահեղականների սարքած գործ... Նույն առաքելությամբ քաղբյուրոյի մի զույգ անդամության թեկնածու էլ Երևան էր թռել. Կենտկոմի քարտուղարներ Վ. Դոլգիխն ու Ա. Լուկյանովը: ...Մարդկային (մարդկայի՞ն) գորշ, պղտոր գետը` Կարկառին զուգահեռ, հակառակ ընթացքով, հանդարտ, ինքնավստահ առաջ էր սողում: Անսպասելիությունից միառժամանակ շփոթության էինք մատնվել շրջկոմում գտնվողներս: ՙԿարմիր դրոշ՚ թերթի աշխատակից Սլավիկ Միրզոյանը նետվեց դեպի երկրորդ քարտուղարի դուռը, փորձելով հաշիվ պահանջել անմեղ գառնուկի տեսք ընդունած Ա. Միքայիլովից, որն այդ պահին ինչ-որ խորհրդավոր զրույց էր վարում իր ոմն արյունակցի հետ: Միքայիլովը անծպտուն, սփրթնած թողեց շրջկոմի շենքը և հավաքվածների ծակող հայացքների ուղեկցությամբ գնաց ՙդիմավորելու՚ ավազակախմբին: Գնաց ու մի քանի օր չերևաց: Իսկ նրա ՙհյուրը՚, որ ներկայացավ իբրև Ադրբեջանի լուսավորության նախարարության աշխատակից և լավ տիրապետում էր հայերենին, գերադասեց մնալ շրջկոմում, հեռվից հեռու հետևելով ավանի մատույցներում խմորվող դեպքերի ընթացքին, որոնք ՙշատ անսպասելի ու զարմանալի էին՚ նրա համար: Չիմացվեց` երբ և ինչպես անհետացավ Բաքվի էմիսարը: Այդ ամբողջ ժամանակամիջոցում Ս. Դավթյանի հետ փորձում էինք Ստեփանակերտ զանգել, ինչը զարմանալիորեն երկար ժամանակ չէր ստացվում. քաղմիլիցիայի և ներքին գործերի վարչության հերթապահ հեռախոսներն անընդհատ զբաղված էին: Կապի վիճակն այդպիսին էր նաև 88-ի սեպտեմբերի 18-ին, Խոջալուի դեպքերի ժամանակ, երբ դարձյալ բոլոր աստիճանների հերթապահությունը վստահվել էր ադրբեջանցի միլիցիոներներին: Վերջապես Դավթյանին հաջողվեց կապվել մարզկենտրոնում տեղակայված զինգնդի հրամանատարության հետ: Հարկ եղավ բավականին սակարկել. հեռախոսագծի մյուս ծայրում համառորեն չէին ուզում հավատալ պատահածին: Իսկ 10, թե՞ 15-հազարանոց խուժանն արդեն դոփում էր շրջկենտրոնի շեմին: Իրենց ավելի ազատ ու համարձակ էին պահում հատկապես տեղացի ադրբեջանցիները, որոնք մեծ թիվ էին կազմում: Ստեփանակերտում խաղը տանուլ տված Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի կանչով նախօրյակին հավաքվելով Աղդամում և այնտեղ կայացած խառնաժողովի ընդունած հուսատու, քաջալերիչ ծրագրերից թևեր առած` նրանք իրենց ցեղակիցներին տանտիրոջ իրավունքով առաջնորդում էին ՙհայրենի Գարաբաղ՚ (տասնյակ խեղված փոխադրամիջոցներից միայն կոմունալ տնտեսության բակում գտնվող խոջալուեցի վարորդի մեքենային ձեռք չդիպավ): Ավերելով ավտոտեսչության տնակը, գարեջրի գործարանը և հարակից շինությունները, հրեշն ահա-ահա պիտի թափանցեր Ասկերան, և այդտեղ` կամրջի վրա, մերոնք ընդառաջ ելան. որը` մահակով, որը` կացնով, որը` ձեռնունայն... Թուրք խառնամբոխը մի պահ անակնկալի եկավ, նման ՙհյուրընկալության՚ չէ՞ր սպասում, ու կանգնեց: Հետո այլևս չէր ուզում կանգնած մնալ: Եվ որտեղից-որտեղ մերոնց ձեռքին որսորդական երկփողանի հայտնվեց: Հետո ճայթեց այն... Սլավիկ Առուշանյանի զանգով շրջակա գյուղերից օգնության հասած երիտասարդների խմբերը, ապա և մարզկենտրոնից ուղարկված զորաջոկատը ՙցուցարարներին՚ ստիպեցին հետարշավ կատարել: Դա արցախցիների առաջին ուժային դիմակայությունն էր, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի խոչընդոտ նրանց չի կարող հետ պահել ընտրած ուղուց: Այդ ՙխաղաղ արշավանքի՚ հետևանքով, նյութական ահռելի վնասը չհաշված, խեղանդամ դարձավ 25 հայ: Բայց այս մասին գրեթե ոչինչ չասվեց պաշտոնական հաղորդագրության մեջ, այլ բան ասաց Ա. Կատուսևը` հայերի և ադրբեջանցիների ընդհարման ժամանակ սպանվել են երկու երիտասարդ ադրբեջանցիներ, իսկ թե որտեղ է եղել ընդհարումը, ինչ հանգամանքներում է կատարվել սպանությունը, ում կողմից և այլն, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալը գերադասեց ջուր առնել բերանը: Եվ ձնագունդը գլորվեց, ծայր առավ ՙշղթայական ռեակցիան՚, ասպարեզ նետվեց ՙադրբեջանական գործոնը՚: Եվ ջուրը մոլեգնորեն սկսեց պղտորվել. չէ՞ որ անթափանց ջրում դյուրին է ձուկ որսալ: Հետո, շատ հետո պիտի ՙպարզվեր՚, որ սպանվողներից մեկը ալլահի գիրկն է մեկնել յուրայինի` թուրք միլիցիոների գնդակից, իսկ մյուսի վրա հրացան է պարպվել ոչ թե դիտավորյալ, այլ` ինքնապաշտպանությունից դրդված: Հակառակ դեպքում հազիվ թե մոսկովյան բանտերում մի քանի ամիս պահվելուց հետո ազատ արձակվեր այդ գործի համար կալանված Յուրի (Ջաբի) Կարապետյանը, որին այնուհետև Ադրբեջանի գերագույն դատարանը հեռակա կարգով դատապարտեց մահապատժի: Ասկերանյան անհաջող արշավանքը չընկճեց մահակի քաղաքանությունը որպես միակ գործելակերպ որդեգրած Ադրբեջանի ղեկավարությանը: Բաղիրովից ընդամենը մի քանի օր պահանջվեց, որպեսզի իր ազգի ողջ տականքը ոհմակվի մի տեղ, և ծնվի սումգայիթյան սոդոմ-գոմորը…
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ