[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Փետրվարի 22-ին ԼՂՀ կառավարությունում կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էին նրա համանախագահներ՝ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Օրակարգի հիմնական հարցի քննարկմանն անցնելուց առաջ Աշոտ Ղուլյանը նշեց, որ պետական հանձնաժողովի առաջին նիստի գումարման համար կառավարության նիստերի դահլիճի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ։ Հենց այստեղ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ ժողպատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը։ Աշոտ Ղուլյանը տեղեկացրեց, որ պետական հանձնաժողովի ստեղծման մասին Նախագահի՝ փետրվարի 9-ի հրամանագրով անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում քննարկել և հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։ Նրա խոսքով, հաշվի առնելով հոբելյանական տարեթվի համապետական բնույթը, հանդիսավոր միջոցառումները պետք է անցկացվեն 2016թ. ողջ ընթացքում՝ հանրապետության բոլոր վարչական շրջաններում։ Միաժամանակ Աշոտ Ղուլյանն առաջարկեց համալիր ծրագրում ընդգրկել նաև միջոցառումներ՝ նվիրված հանրապետությունում առաջին խորհրդարանական ընտրություններին, որոնք կայացան 1991 թ. դեկտեմբերի 28-ին և թույլ տվեցին ձևավորել պետական իշխանության բարձրագույն մարմինը՝ ԼՂՀ Գերագույն խորհուրդը։ Իր հերթին Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիսավոր միջոցառումները պետք է լինեն ինչպես համապետական, այնպես էլ տեղական նշանակության։ Նրա խոսքով՝ այսօրվա երիտասարդությունը լիովին ծանոթ չէ քառորդդարյա վաղեմության պատմական իրադարձություններին, ուստի կայանալիք հանդիսությունները պետք է ունենան նաև լուսավորչական բնույթ։ Ընդ որում, վարչապետը կարևոր համարեց ԼՂՀ հռչակման և ղարաբաղյան անկախ պետականության կայացման վերաբերյալ փաստագրական տեսանյութերի տեղադրումը նաև համացանցում։ Ինչպես Աշոտ Ղուլյանն է ասել, առաջիկա հանդիսավոր միջոցառումները պետք է ունենան նաև արտաքին քաղաքական ուղղվածություն ու ապահովեն ԼՂՀ վարկանիշի բարձրացումն արտասահմանում։ Այս կապակցությամբ նա ընդգծեց հանրապետության ԱԳՆ-ի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը, որը պետք է աշխատանքներին ներգրավի արտասահմանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություններին ու գործի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում Աշոտ Ղուլյանը նշեց նաև հայկական Սփյուռքի կազմակերպությունների քաղաքական ներուժը գործի դնելու կարևորությունը։ Քննարկման ընթացքում նիստի մասնակիցները ներկայացրին մի շարք առաջարկություններ։ Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Աշոտ Ղուլյանը նշեց, որ վարչական շրջանները, ինչպես նաև հանրապետության մի շարք գերատեսչություններ, պետք է մշակեն միջոցառումների սեփական ծրագրեր, որոնք հնչեցված առաջարկությունների հետ միասին կքննարկվեն և կընդգրկվեն համապետական համալիր ծրագրում։ Գործընթացն այդ արդեն սկսվել է, և մարտի 4-ին Ազգային ժողովում կայանալիք պետական հանձնաժողովի հաջորդ նիստին նախատեսվում է քննարկել շրջանային և գերատեսչական ծրագրերի նախագծերը, ինչպես նաև պետհանձնաժողովի անդամների առաջարկությունները։

ՙԱԱ՚