[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐՔԱՇՎԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ ԲԱԼԱՅԱՆԻ հետ հարցազրույցը մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ է։

 - Պարոն Բալայան, դիտարկելով սիրիական հակամարտության ներկա փուլը և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում տիրող վիճակը, նախ  սկսենք նրանից, թե ինչով էր պայմանավորված Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տարեսկզբին տեղի ունեցած բախումը։  Որո՞նք էին  ընդհարման նախադրյալները։

-  Հարցն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ենթատեքստ։ Քաղաքական առումով պետք է ասել, որ Իրանը տարածաշրջանում ձգտում է դառնալ  մահմեդական  շիա ուղղությունը դավանողների առաջնորդը։ Նա  անտարբեր չէ  այդ  ժողովուրդների հետ տեղի ունեցող  քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ Սաուդյան Արաբիան մյուս կողմից է գործում, այսինքն՝  սուննի դավանանքի հետևորդների կողքին է և նպատակը  նրանց մշտապես աջակցելն է։ Թե՜ Իրանը և թե՜ Սաուդյան Արաբիան տարածքային առումով բավականաչափ մեծ երկրներ են և ունեն մարդկային մեծ ռեսուրսներ։ Հարկ է նկատի ունենալ նաև տնտեսական գործոնը, ինչը երկու երկրներին նույնպես դարձնում է մրցակիցներ։ Նման պայմաններում, բնականաբար, հակամարտությունն անտեսանելիորեն խորանում էր, իսկ վերջին ժամանակներս առավել բացահայտ դարձավ։ Չի կարելի անտեսել նաև ԱՄՆ-ի ազդեցությունը. Սաուդյան Արաբիան առաջնորդվում է Վաշինգտոնի ծրագրով՝ թե՜ քաղաքական և թե՜ տնտեսական առումներով։ Նկատի ունենանք մեկ հանգամանք ևս. Արևմուտքի կողմից  Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ն լիովին վստահում է Իրանին, ասել է թե՝ տասնամյակներ շարունակ ձգձգվող հակամարտությունը մեղմվել է, բայց  շարունակում է գոյություն ունենալ։ 

Տնտեսական խնդրի հետ կապված՝ կուզենայի  նշել ՙսև ոսկու՚  դերակատարությունը. Իրանն ունի բավականաչափ մեծ ներուժ, և պատժամիջոցների մեղմացման պարագայում տնտեսական ոլորտում  ավելի լայն գործողությունների հնարավորություն է ձեռք բերում, ինչը մտահոգություն է պատճառում Սաուդյան Արաբիային։ Վերջինս տարածաշրջանի նավթ արտահանող  հիմնական երկիրն է համարվում, և այս հարթությունում երկու երկրների հարաբերությունները նույնպես սրացման են տանում։ Իհարկե, չի կարելի անտեսել, որ Սաուդյան Արաբիան էլ իր հերթին նավթարդյունահանման ավելի մեծ հնարավորություններ ունի, քանի որ նավթի մեկ բարելի վրա ավելի քիչ գումար է ծախսում։  Իրանի դեպքում այդ գումարը համեմատաբար ավելին է, հետևաբար, հասկանալի է Սաուդյան Արաբիայի կողմից անգերազանցելիության ցուցադրման պահը, ինչը մրցակցին խեղճացնելու նպատակ է հետապնդում։    

-Թուրքիան ու Սաուդյան Արաբիան հանդես եկան որպես տարածաշրջանային դաշնակիցներ, ինչի մասին են վկայում նրանց փոխհամաձայնեցված գործողությունները։ Ինչո՞ւ Թուրքիան այս փուլում կարևորեց իր համար վստահելի տարածաշրջանային  դաշնակից ունենալու հանգամանքը և ամրապնդեց կապերը հենց Սաուդյան Արաբիայի հետ։

- Դա նույնպես պատահական չէ, որովհետև  Սաուդյան Արաբիան ընդգծված հակասիրիական տրամադրություններ ունի, Թուրքիան էլ, քաջ հայտնի է, չի թաքցնում իր անհաշտվողական վերաբերմունքը Բաշար ալ Ասադի իշխանության նկատմամբ։ Սա էն գլխից միացնում է երկու պետություններին, մյուս կողմից էլ՝ կրոնական գործոնն է իր դերը խաղում, ի վերջո,  նրանք սուննի ուղղության կրողներն ու գաղափարախոսներն են, և նույնիսկ որոշ դեպքերում էլ խանդով են միմյանց վերաբերվում։ Բայց քանի որ առկա է նրանց համար առավել կարևոր՝ սիրիական ներկայիս վարչակարգը վերացնելու, Սիրիան բաժանելու խնդիրը, ուստի նրանք պատրաստ են միավորվել հենց այս նպատակի շուրջ։ Թուրքիան մշտապես աչք է ունեցել միջագետքյան նավթառատ  տարածքների վրա, որոնցում քրդական հոծ զանգվածներ են բնակվում։ Թուրքիան մշտապես այդ տարածքներից իրեն սպառնացող մեծ վտանգ է տեսել։  Թուրքական ղեկավարությունն, ինչ խոսք, ձգտելու  է իր թաթը դնել այդ հատվածների վրա՝ խոչընդոտելու քրդական պետության ձևավորման ընթացքը։ Նման իրավիճակում  նա փորձում է իր շուրջը համախմբել դաշնակիցների. ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում Հորդանանի, Եգիպտոսի և նույնիսկ Սուդանի հետ, որոնց միջոցով Թուրքիան փորձում է  կոալիցիա ձևավորել։ Այդ երկրները սպասում են, որ  ԱՄՆ-ն կանաչ լույս վառի իրենց ճանապարհին։ Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարությունն այսօր չի թաքցնում, որ պատրաստ է մինչև 150¬հազարանոց զորք մտցնել Սիրիա՝ իբր ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, իհարկե, թե ինչ նպատակ է հետապնդում։ Սիրիական կառավարական զորքերն ունեն մեծ հաջողություններ, մանավանդ ռուսական ավիացիայի աջակցությունը նպաստում է Սիրիայի սահմաններից ահաբեկչական խմբավորումներին դուրս մղելուն։ Հավելենք, որ այստեղ Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է արել. ահաբեկիչների 200 հազարի հասնող բանակը հո միայն Սիրիայից արտահանվող նավթով չի ապրում։ Սաուդյան Արաբիայի կողմից նրանք նյութական ու ռազմական մեծ աջակցության են արժանանում։ Եվ Սաուդյան Արաբիան, զգալով, որ իր ծրագիրը ձախողվում է  ռուսական հակազդեցության պատճառով, փորձում է վերջին ճիգերն օգտագործել և Թուրքիայի հետ միասին ազդեցություն ունենալ սիրիական զարգացումների վրա։ 

- Ժնևյան բանակցությունները շարունակում են մնալ անարդյունք, ասել է թե՝ քաղաքական կարգավորման հասնելու ձգտումն այս պահին մղված է հետին պլան։ Դա է հաստատում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ զիջումների։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերվեց համաձայնություն ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ակնկալել լարվածության թուլացում։  

- Չեմ կարծում, թե Ժնևում կարելի է հասնել ինչ-որ հաջողությունների։ Նախևառաջ, եթե արյուն է հեղվել,  հարյուր¬հազարավոր մարդիկ են զոհվել, հարցի լուծումը դառնում է անհնար, որովհետև մթնոլորտն այնքան է շիկացել և թշնամությունն այնքան է շատացել հակամարտող կողմերի միջև, որ ոչնչացումն է համարվում հարցի լուծման հիմնական միջոցը։ Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա  Սիրիան պետք է դիտարկել աշխարհի երկու ուժային կենտրոնների մրցակցության խորապատկերին, իսկ աշխարհում ընդունված խաղի կանոնները չեն փոխվել, գերհզոր պետությունները մսաղացի տակ են դնում փոքր պետություններին։ Մենք մեր պատմության ընթացքում դա մշտապես զգացել ենք։ 

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Բալկաններում զիջեց իր դիրքերը, այժմ էլ իր սահմանին ուկրաինական վտանգն է զգում, ճնշումները մեծանում են արևելքից։ Ռուսաստանը, պարզ է, առաջ է տանում իր արտաքին քաղաքականությունը, և Մերձավոր Արևելքը, մանավանդ Սիրիան, այն հատվածներն են, որոնցում  ոտքի վրա ամուր կանգնելը Ռուսաստանի համար պատվի խնդիր է։ Մոտ ապագայում  իրավիճակը կմնա լարված, բայց չեմ կարծում, թե բանը կհասնի ավելի մեծ մասշտաբի ընդհարման։ Դա  ձեռնտու չէ այդ նույն ուժային կենտրոններին, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր մարտահրավերներ իր հետ բերեց, մյուս կողմից էլ մերձավորարևելյան տարածաշրջանից գաղթականների  հոսքը դեպի Եվրոպա  գնալով ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Այն տպավորությունն է, որ Եվրոպան, ուր որ է, ներսից պիտի պայթի։  Պահի թելադրանքով  Եվրամիությունը  Թուրքիային  3 միլիարդ եվրո հատկացնելու որոշում կայացրեց՝ գաղթականների հոսքը որոշակիորեն սահմանափակելու նպատակով։ Պատկերացրեք, մեծամասշտաբ պատերազմ է, իսկ մերձավորարևելյան տարածաշրջանը բավականին խիտ է բնակեցված, նոր հակամարտություններ են,  նոր գաղթականների հոսք, ինչը նշանակում է նոր խնդիրների առաջացում, իսկ այս ամենը կարող է դժվար կանխատեսելի հետևանքներ ունենալ։ Հետևաբար, ինձ թվում է, որ քաղաքականությամբ զբաղվող լուրջ գործիչները վերլուծում են ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով  թե՜ Եվրոպայի, թե՜ Ռուսաստանի և թե՜ Միացյալ Նահանգների մտահոգությունը։ Հակամարտության լուծումն, ինչ խոսք, դյուրին չի լինի։ 

- Քանի որ խոսք եղավ փախստականների մասին, կուզենայի Ձեր ուշադրությունը սևեռել մի հանգամանքի վրա. Մերձավոր Արևելքից եվրոպական տարածք ներգաղթողների մեջ, անկասկած, քիչ չեն պոտենցիալ ահաբեկիչները, և նույնիսկ այնտեղ վաղուց բնակություն հաստատածների մի որոշ մասը, որը եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու ցանկություն չի էլ ունեցել, պատրաստ է  համագործակցել ահաբեկիչների հետ։ Այս մասին են վկայում փարիզյան ահաբեկչությանը հետևած զարգացումները։ Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Եվրոպան կարծես գնում է ինքնաոչնչացման։

- Երկրորդ աշխարհամարտի հետևանքները հաղթահարելուց հետո՝ 50-ական թվականների կեսերից սկսած, Եվրոպան կենսական  լավ պայմաններ ապահովելով՝ միաժամանակ  հայտնվեց խոր թմբիրի մեջ։ Բանն այն է, որ այնտեղ չսկսեցին մտածել այն հիմնախնդիրների մասին, որոնք գոյություն ունեն աշխարհում։ Երբ մենք հանդիպում էինք եվրոպացի գործիչներին և նրանց հետ հարցեր քննարկում, մեզ համար տեսանելի էր, որ նրանք չեն զգում մոտալուտ վտանգը։ Օրինակ, տաս-տասնհինգ տարի առաջ եվրոպացիների հետ խոսում  էինք  այն հնարավոր  զարգացումների մասին, որոնց  ականատեսն ենք այսօր, և այն ժամանակ նրանք  մեզ  համարում էին հետամնաց և կյանքից գաղափար չունեցող մարդիկ։ Եվ այն, ինչ ասում էինք նրանց, այսօր այդ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա։ Բայց պետք է ասեմ նաև, որ այդ խոր թմբիրից Եվրոպան փորձում է արթնանալ, որովհետև տեսնում է, որ դրսից գալիս են ուրիշները և փորձում են իրենց դուրս վռնդել սեփական տնից։ Եվրոպայում կան գաղթականներով բնակեցված տարածքներ, որոնց ՙտերերը՚ նոր բնակավայրերը համարում են իրենց սեփականությունը։ Եվրոպացիներն սկսել են իրականությանը նայել բաց աչքերով։  Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա  ընթացող գաղթն ինչ-որ ուժերի կողմից նաև նպատակային է իրականացվում՝ եվրոպական տարածքում հակամահմեդական շարժում առաջացնելու համար։ Ոչ թե կոնկրետ այդ գաղթականների նկատմամբ, այլ գլոբալ առումով,  որոշ ուժեր, համենայն դեպս, ձգտում են դրան։ Անշուշտ, հարկ է նկատել նաև մահմեդական կրոնի այն ներկայացուցիչներին, որոնք տասնամյակների ընթացքում հարմարվել են եվրոպական կենցաղին ու արժեհամակարգին, և նրանց  համար մերօրյա իրականությանը բախվելը մեծ դժբախտություն է։ Ներգաղթյալների մի  մասն էլ չի ինտեգրվել. 20-25 տարի շարունակ եվրոպական կենցաղով ապրած մարդը, ինքնաձիգը ձեռքին,  բնիկ ֆրանսիացիներին  սառնասրտորեն գնդակահարում է Փարիզի կենտրոնում։ Եվրոպական տարբեր երկրներում, մանավանդ Ֆրանսիայում և Գերմանիայում, ազգայնական ուժերը տարիներ շարունակ  այդ մասին բարձրաձայնում էին, և այսօր այդ ուժերն արդեն որոշակի դերակատարություն պիտի ունենան տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, քանի որ եվրոպացիները նման քաղաքական գործիչների գաղափարներում պիտի տեսնեն իրենց փրկությունը։ Վերջին հիսուն տարվա ընթացքում համամարդկային կարգախոսներով առաջնորդվող Եվրոպան այսօր բախվում է այլ իրականության, ավելին ասեմ՝ եվրոպացի շատ  քաղաքական գործիչներ, որոնցից մեկն էլ Գերմանիայի կանցլեր Մերկելն է, գաղթականներին վերաբերվում էին որպես էժան աշխատուժի,  բայց այսօր զգում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Պատահական չէ, որ արդեն հորդորում են Թուրքիային խոչընդոտել փախստականների հոսքին, այդ նպատակով  նրան գումարներ են հատկացնում։ Ասենք, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հիմնական գործոնը հենց սա է դառնալու, ուրեմն, կարելի է և դրական զարգացումներ ակնկալել։               

- Չենք կարող շրջանցել ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք վատթարացել էին ռուսական ՙՍու-24՚ ռմբակոծիչի խոցումից հետո։  Վերջերս էլ Պետդումայի կոմունիստական խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Վ. Ռաշկինը և Ս. Օբուխովը հանդես եկան 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը չեղարկելու նախաձեռնությամբ։ Այդ պայմանագիրը վերաբերում է երկու կողմերի բարեկամությանն ու եղբայրությանը, իսկ մեզ՝ հայերիս համար, այն նշանակում է պատմական Հայաստանի կորուստ։ Դուք՝ որպես պատմաբան, ինչպե՞ս կմեկնաբանեիք ռուսաստանյան խորհրդարանականների նախաձեռնությունը։ 

- Նախ կուզենայի շեշտել, որ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող լինել բարեկամ երկրներ։ Նրանք իրար ատող երկու հարևաններ են, բայց ստիպված են շարունակել իրենց դրացիական հարաբերությունները։ Ռազմական օդանավի կործանումն ընդամենը երկու երկրների միջև առկա հակասությունները բացահայտելու առիթ էր։ Պատմությունը ցույց է տվել, որ նրանց հարաբերություններում խաղաղությունն ու պատերազմը պարբերաբար հաջորդել են իրար։ Ինչ վերաբերում է 1921թ. Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրին, իհարկե, այն երկու երկրների փոխադարձ շահերով պայմանավորված պայմանագիր է եղել։ Ի դեպ, մենք չպիտի մոռանանք, որ 2011թ. Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներ Ռ. Էրդողանն ու Դ. Մեդվեդևը հանդիպեցին և Մոսկվայի պայմանագրի՝ ոսկե շրջանակի մեջ դրված պատճենները միմյանց նվիրելով՝ ցուցադրեցին փոխադարձ հավատարմություն։ Եթե կեղտոտ ձեռքով արված գործը ռուս կոմունիստները փորձում են սրբագրել, ամենևին էլ հայերին սիրելուց չի գալիս, դա նույնպես որոշակի շահերով է պայմանավորված։ Ի՞նչ է կատարվել, որ հիմա այդպես ոգևորված խոսում են Արարատ լեռան մասին։ Սա ընդամենը խայծ է. մեր սրբազան  լեռը մեջտեղ բերելով՝ հայության մոտ նոր հույզերի տեղիք են տալիս։  Կարծում եմ՝ քաղաքական նման քարտերով մենք չպիտի տարվենք, առավել ևս չներքաշվենք նման հակամարտության մեջ։ Այսօր մենք ունենք ավելի մեծ խնդիրներ՝ հզորացնել Հայաստանի Հանրապետությունը և կայացնել ԼՂՀ-ն։ Մոտակա երկու տասնամյակների ընթացքում հայկական երկու պետություններն արտաքին ոչ մի ուժի օգնության կարիքը չպիտի զգան։ Մեր պաշտպանության, տնտեսական կյանքի կարգավորման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մյուս բոլոր հարցերը մենք ինքներս պիտի լուծենք և ամուր կանգնենք մեր հողի վրա։ Դրանից հետո միայն կարող ենք խոսել մյուս խնդիրների մասին, որոնք բազմապիսի և բազմաթիվ են։ Լինելով պատմաբան և քաղաքականությամբ զբաղվող մարդ՝ լավ գիտեմ, որ տարածքային ոչ մի հարց չի լուծվում պայմանագրերով. նման հարցերը լուծվում են արյան միջոցով, իսկ այսօր մեզ պետք չէ նորից արյուն թափել։ Ինչպես գիտեք, օրերս  իրազեկեցին Վ. Պուտինի հրամանի մասին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու հետ կապված, ինչը համարում եմ ուժի ցուցադրում  Թուրքիայի նկատմամբ։  

Ճիշտ է, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր հարաբերությունները ջերմ են, գալիս են դարերի խորքից, այսօր էլ համագործակցում ենք բոլոր ոլորտներում, բայց մենք չենք կարող ներքաշվել այն խնդիրների մեջ, որոնցով մտահոգ է Ռուսաստանը։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ